Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի միտքը» չի հակակշռվի մյուս համահայկական կառույցներին

Հունիս 02,2012 13:26

89 տարբեր մասնագիտություններ ունեցող վաստակաշատ մտավորականներ մայիսի 31-ին՝ Մշակութային արժեքների պաշտպանության միջազգային օրը, որոշեցին սկսել մի նոր համահայկական շարժում: Նորաստեղծ հ/կ-ն կոչվում է «Հայի միտք» համահայկական ակումբ:

«Առավոտը» պարզեց, որ ակումբի կազմավորման առաջին հրավերը եղել էր դեռեւս ապրիլի 26֊ին, իսկ մայիսի 31֊ին, մինչ հերթական ընդհանուր հավաքը, մեկ ամսվա ընթացքում արդեն լուծվել էին մի քանի խնդիրներ, որոնք ամուր հիմք են ստեղծում ակումբի երկարատեւ գործունեության համար։

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ակումբի նախագահ ընտրված Գագիկ Մանասյանի կողմից արդեն հատկացած է մի ամբողջ հարկաբաժին, որտեղ կառույցը իր՝ տարբեր ոլորտների բաժանված թեմատիկ աշխատանքային խմբերով կարող է ծավալել ամենօրյա ու շուրջօրյա գործունեություն: Ակումբը մտադիր է Հայաստանից «մտավոր» աշխատանքային կապ հաստատել ողջ հայության հետ։

Նորաստեղծ ակումբի նախաձեռնող Մարինե Վահրադյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրենք փորձո՞ւմ են համահայկական մյուս կառույցներին լրացնել, թե՞ ստեղծելու են եղածների հակակշիռը: «Որեւէ մեկին հակակշռվելու խնդիր չկա: Բոլորս էլ տեսնում ենք, որ անտեսվում է այն, ինչից հարուստ ենք ու ճակատագրի բերումով աշխարհասփյուռ հայությունը՝ համաշխարհային ներդրած արժեքներով, նույնիսկ նկատված չէ հայրենիքում: Կապվել եմ արտերկրում բնակվող ու գործունեություն ծավալող հայ մտավորականների հետ, որոնք իմանալով, որ սկսվում է հայ մտավորական մտքի ինտեգրման գործընթաց, սիրով արձագանքեցին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց դերն ունենալ այս գործում: Կարճ ասած՝ մեր ակումբի նպատակը ներկայացնեմ Ռաֆայել Պատկանյանի հայտնի բանաստեղծության հետեւյալ տողերով. «Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր: Անուն հաղթողի ունես փառավոր, բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան, թքել եմ քու ալ, թըրիդ ալ վըրան…»:

Ակումբի նախագահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ հարցին, թե մշակութային ոլորտի փորձառու գործիչը ի՞նչ նոր որակ է ակնկալում այս կառույցից, հակիրճ պատասխանեց. «Մեր գերխնդիրը աշխարհասփյուռ հայության ստեղծագործ ու փառաբանված միտքը հայրենիքին ծառայեցնելն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930