«Առավոտը» որոշ մշակութային օջախների տնօրեններին, ովքեր ստացել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, դիմեց հարցով՝ արդյոք իրադարձությո՞ւն է իրենց կյանքում կոչման արժանանալը եւ ի՞նչ կտա այն:
Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյան.- Նվիրումով աշխատում եմ ու, բնականաբար, սիրում գործս: Երբեք չեմ մտածել պարգեւ ստանալու մասին, բայց երբ ճիշտ է գնահատվում աշխատանքդ՝ ուրախալի է ու ոգեւորող, մանավանդ՝ երբ պարգեւը ստանում ես հանրապետության նախագահի ձեռքից, ինչը առավել պարտավորեցնող է: Շնորհավորանքներ եմ ստացել ոչ միայն հարազատներից, մտերիմներից, այլեւ արտերկրից: Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ անծանոթներից… Սա ինձ համար գնահատական է 43 տարվա ստեղծագործական աշխատանքի եւ, ինչու չէ՝ նույնիսկ պարծենալու առիթ է տալիս:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան.- Աշխատանքային-մշակութային գործունեությանս սկիզբը կապվում է մեր երիտասարդ պետության սկզբնավորման հետ: Իսկապես անցել եմ ոչ հարթ ճանապարհ: Հանդիպել եմ մարդկանց, ովքեր «ապրես» գնահատականով քաջալերել են ինձ, ինչը ամրապնդել է հողիս ամուր կապից ժառանգած անուղղելի լավատեսությունս ու պայքարելու համառությունս: Այսօր ինձ, փաստորեն, «ապրես» ասաց երիտասարդ պետությունս:
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան.- Պարգեւն ինձ տալիս է ապրած ու ստեղծագործած տարիների լիարժեքություն: Գրադարանի անվանն էլ այն տալիս է նոր հնչեղություն, քանի որ այդ կոչումը համարում եմ յուրաքանչյուր աշխատակցի վաստակի գնահատականը: Գտնում եմ, որ բարձր պարգեւի արժանանալը իրադարձություն է ցանկացած մասնագետի համար, եւ ես էլ այդ առումով բացառություն չեմ:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ