Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան դիմել է դատարան՝ լրացուցիչ հարցաքննվելու խնդրանքով

Հունիս 02,2012 13:19

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան) շարունակվում է Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Մեղադրանքի կողմը (դատախազ՝ Պետրոսյան) մեղադրում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդուն՝ Նարեգ Հարթունյանին, որ նա 2009թ. օգոստոսից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում փաստացի ղեկավարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունում հաշվառված «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործունեությունը եւ կազմակերպել է ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի կողմից ընկերության հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում եւ հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափել։

2010թ. սեպտեմբերի 11-ից, հանդիսանալով ընկերության տնօրեն, Նարեգ Հարթունյանը ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի եւ գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011թ. հունվարի 11-ից կազմակերպչական գործերով փոխտնօրեն Անի Մնացականյանի օժանդակությամբ, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում եւ հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ 38.373.127 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց։

Նախորդ դատական նիստում հանդես է եկել վկա, «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արսեն Արտաշիսյանը:

Վերջինն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ օրեր առաջ դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի մեկ անգամ եւս վկայություն տա:

Հունիսի 6-ին նշանակված դատական նիստի ժամանակ հավանաբար քննարկվի վկայի լրացուցիչ վկայություն տալու նպատակահարմարության հարցը:

Ա. Արտաշիսյանն ասաց, որ 2010թ. հոկտեմբերից մինչ 2011թ. ապրիլը եղել է նշված ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը:

Դատական նիստի ժամանակ, ըստ վկայի, իր վրա Նարեգ Հարթունյանի կողմից եղավ հոգեբանական ճնշում, ինչի պատճառով ինքը չի կարողացել լիարժեք ցուցմունք տալ, պնդել նախաքննության ժամանակ տրված իր ցուցմունքը.

«Դատավարության ժամանակ չկարողացա արտահայտվել: Նարեգ Հարթունյանն ասաց, թե Ամերիկայում իմ նմաններին լիցենզիայից կզրկեին՝ ոչ ճիշտ վկայություններ տալու համար, սակայն այն, ինչ ասել եմ, հայտնի է ՍՊ ընկերության բոլոր աշխատակիցներին»:

Ա. Արտաշիսյանն ասաց, որ դատարան կգնա իր փաստաբանի միջոցով, քանի որ մինչ այդ տեղյակ չի եղել, թե կարող է ստանալ իրավաբանական օգնություն:

Ա. Արտաշիսյանը նախաքննության ժամանակ տեղեկացրել էր, որ փաստացի ստացել է 300 000 ՀՀ դրամ գումար, սակայն հաշվապահորեն ձեւակերպված է եղել 50 000 ՀՀ դրամ գումար.

«Ընկերության մյուս աշխատակիցների դեպքում էլ նույնն էր: Երբ Նարեգ Հարթունյանի հետ առերեսման ժամանակ հարցրեցին աշխատավարձի հետ կապված, նա ասաց, թե տեղյակ չի եղել: Երբ ես ասացի, թե մենք այդ հարցը քննարկել ենք բազմաթիվ անգամներ, նա ասաց՝ միգուցե, ասել եք, չեմ հիշում»:

Վկան նաեւ ակնարկեց մանրածախ առեւտրի մասին. «Ապրանքները վաճառվում էին 20 տոկոս ավելի էժան, քան մեծածախի դեպքում»:

Մինչդեռ, ըստ վկայի, «բազում անգամ Նարեգի հետ իր սենյակում քննարկումներ են եղել, թե հարկայինի հետ կապված խնդիրներ ունենք, որ փաստացի մեծածախ առեւտուր է իրականացվում, որը հարկերի թաքցմանն է տանում, որ պիտի ուղղվի: Նարեգն ասում էր ամեն անգամ, ինչ ասում ենք, այդպես արա կամ՝ կուղղվի հաջորդ ամսվանից»:

Վկան հայտնեց, որ նկատելով, որ մտադրություն չկա, թե ՍՊ ընկերությունում ինչ-որ բան կփոխվի, ստիպված դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար:

Ավելացված արժեքի հաշվետվությունները պատրաստելուց հետո, ըստ վկայի, նկատել է. «բավականին մեծ ավելացված արժեքի հարկ: Մեր միջեւ լարվածություն առաջացավ: Ես ասացի, որ դուք ինձ ընդունել եք աշխատանքի, որպեսզի օրենքով աշխատեմ, բայց խաբվել եմ, քանի որ նա մտադրություն չուներ օրենքով աշխատելու»:

Ի դեպ, դատարանում մի քանի վկաների, որոնք նախկինում զբաղվել են հաշվապահական գործունեությամբ, տրվում էր այս հարցը. Դուք առնչվե՞լ եք ՀԴՄ-ների հետ: Նույն հարցն ուղղեցի զրուցակցիս: Ա. Արտաշիսյանն ասաց. «ՀԴՄ-ն ես չեմ օգտագործել: Արթուրն էր (ամբաստանյալը) օգտվում: Երբ գործն ընդունեցի, նկատեցի, որ 20 տոկոս գների միջեւ տարբերություն կա, երբ որ ապրանքներ ներմուծվեց, ինքնարժեքը հաշվեցինք, զգացինք, որ տարբերություն կար: Ստացվեց, որ մենք հարկեր ենք թաքցնում: Ինձ միշտ օրվա վերջին բերել են իքս-հաշիվը, ՀԴՄ-ն առկա»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930