Լրահոս
Օրվա լրահոսը

Հեգնել են Մարիամին, որը հետո… մահանալու էր

Հունիս 02,2012 13:17

Աշակերտները զգուշանում են ցուցմունքներ տալուց

Մայիսի 20-ին հայտնի դարձավ հիվանդանոցում արձանագրված մահվան հերթական դեպքի մասին: Այս անգամ զոհը 17-ամյա մի աշակերտ էր՝ Արամուս գյուղից, իսկ պատճառը ոտքի կոտրվածքն էր:

Լուրն անմիջապես մեծ տարածում ստացավ, քանզի տեղի ունեցածը արտառոց էր՝ մահ՝ ոտքի կոտրվածքի հետեւանքով:

Փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, եւ մի շարք հետաքրքիր հանգամանքներ ի հայտ եկան, մասնավորապես, կապված երեխայի մարմնական վնասվածքներ ստանալու պայմանների հետ, որը, կարծում ենք, Կոտայքի մարզպետարանին եւ կրթության նախարարությանը լուրջ մտորելու տեղիք պետք է տա: Իսկ առողջապահության նախարարության մասին էլ չենք խոսում: Եթե տարիներ առաջ կարելի էր հազվադեպ համարել բժիշկների դեմ հարուցվող քրեական գործերը, քանզի, ինչպես քննիչներն էին խոստովանում, բժիշկները միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս եւ սխալները չեն արձանագրում, ապա այսօր չենք հասցնում հետեւել լրահոսին, ինչն ուղղակի վկայությունն է բժիշկների մասնագիտական անփութության ու անգրագիտության: Այս թեմային դեռ կանդրադառնանք, իսկ հիմա ներկայացնենք, թե ինչ պարզեցինք Մարիամի ստացած կոտրվածքի պայմանների մասին:

Մայիսի 18-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցում անց է կացվել 12-րդ դասարանի ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննությունը: Հանձնաժողովում ընդգրկված են եղել նաեւ դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը:

Քննությունն անց է կացվել առանց նախապես՝ դասաժամերին նախապատրաստական վարժություններ, պարապմունքներ անցկացնելու, քննության օրը՝ նախքան քննությունը առանց նախավարժանք կատարելու:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը քննության ընթացքում գտնվել է «ավարտ» գծի մոտ եւ հրահանգել է վազքի սկիզբն ու միաժամանակ վայրկյանաչափով արձանագրել վազքի տեւողությունը, իսկ տնօրենը՝ նստած «ավարտ» գծի հարեւանությամբ գտնվող սեղանի մոտ: Քննության շրջանակներում ներառված է եղել նաեւ «30 մետր արագ վազք» նորմատիվը, եւ աշակերտներն ըստ մատյանների համարների հանձնել են այն:

Դպրոցի աշակերտուհի, նույն գյուղի բնակչուհի Մարիամ Արշակյանը վազել է երկրորդը: Երեխաների ներկայացրածի համաձայն՝ վազքը դեռ չավարտած՝ «ավարտ» գծին չհասած, կորցնելով հավասարակշռությունը, Մարիամը վայր է ընկել, սակայն ոչ ուսուցիչը եւ ոչ էլ տնօրենը չեն շտապել նրան ցուցաբերել օգնություն կամ գոնե հետաքրքրվել նրա որպիսությամբ: Հետեւապես, զարմանալ, որ քննությունը չի ընդհատվել, ուղղակի անիմաստ է: Սառը անտարբերությամբ դասարանի տղաներին հանձնարարել են Մարիամին հեռացնել վազքուղուց՝ քննությունը շարունակելու նպատակով: Դասընկերների վկայությամբ՝ մոտ 30 րոպե շարունակ Մարիամ Արշակյանը գտնվել է վազքուղու հարեւանությամբ, հատակին, իսկ տնօրենն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչը շարունակել են անցկացնել քննությունը, դեռ ավելին՝ հեգնանքով Մարիամ Արշակյանին ասել են. «Հերիք է դերասանություն անես, ոչինչ էլ չի պատահել»: Չդիմանալով ցավին՝ Մարիամ Արշակյանն սկսել է արտասվել, ինչը տեսնելով դպրոցի ուսուցիչ Անդրեյ Փիլիպոսյանը՝ փորձել է զանգահարել շտապօգնություն, սակայն դա նրան չի հաջողվել: Այդ ընթացքում Մարիամ Արշակյանի համադասարանցի տղաներից մեկն իր բջջային հեռախոսով զանգել է շտապօգնություն, հեռախոսը փոխանցել Փիլիպոսյանին, ով հրավիրել է բուժանձնակազմ: Մոտ 15-20 րոպե անց դպրոցի բակ է հասել շտապօգնության ավտոմեքենան եւ «ձախ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մարիամին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մայիսի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, Մարիամ Արշակյանը «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ում ստացիոնար բուժման ընթացքում «ճարպային էմբոլիա» ախտորոշմամբ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ քննիչները Մարիամ Արշակյանի դասընկերներին սկսել են հրավիրել հարցաքննության: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, տնօրենն ու ուսուցիչն ամեն ինչ անում են՝ դեպքերի իրական զարգացումը թաքցնելու ուղղությամբ, իսկ նախաքննական մարմինն էլ առանձնապես մեծ ջանասիրություն չի ցուցաբերում աշակերտներին մանկավարժների ճնշումներից զերծ պահելու եւ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես պատմեցին երեխաները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը դասղեկի միջոցով տնօրենի աշխատասենյակ են հրավիրել Մարիամի համադասարանցիներին եւ պահանջել հարցաքննության ժամանակ չասել, որ Մարիամին անմիջապես չի ցուցաբերվել օգնություն կամ որ քննությունը շարունակվել է: Փոխարենը՝ ասել են, որ քննիչներին «պատմեն», թե իբր Մարիամի վայր ընկնելուց անմիջապես հետո մանկավարժներն անհանգստացած մոտեցել եւ օգնություն են ցույց տվել, իբր տնօրենն անձամբ զանգահարել եւ կանչել է շտապօգնություն: Աշակերտները հիմնականում մանկավարժների հրահանգը կատարել են եւ տվել այն ցուցմունքը, ինչն իրենցից ակնկալվում էր, թեեւ իրականությունը գիտեն բոլորը, սակայն դա, կարծես թե, նախաքննական մարմնին այնքան էլ հետաքրքիր չէ: Ի դեպ, տնօրենն ու ուսուցիչը շարունակում են պաշտոնավարել, եւ նրանց լիազորությունները ոչ ոք չի դադարեցրել: Ավելի ճիշտ՝ նման հարց ոչ ոք, այդ թվում՝ նախաքննական մարմինը, չի բարձրացրել: Նշենք, որ, օրինակ, երբ քննվում է նույն քննիչի կամ դատախազի վերաբերյալ գործ, ապա գոնե առերեւույթ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվում են նրանց լիազորությունները: Բայց հատկապես Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններում բարքերն ու վարքերն այլ են, այնտեղ բոլորն անձեռնմխելի են: Էլ չենք խոսում բուժանձնակազմի մասին, որոնց «գերհոգատար» վերաբերմունքի պատճառով ընդհատվեց 17 տարեկան մի աղջկա կյանք, ով ուներ բոլոր տվյալները օպերայի մեծ երգչուհի դառնալու համար: Համենայնդեպս, այսպես էին կարծում նրա հետ աշխատող վոկալի ուսուցիչները:

Գործի վարույթը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930