Լրահոս
Օրվա լրահոսը

Հնաբնակներն ընդդեմ Նալբանդյան 106/1-ի ակտիվիստների

Հունիս 02,2012 13:15

«Մենք էլ ենք ուզում բարեկեցիկ ապրել: Երբ բակը լցնում էիք ավտոտնակներով, կանաչ տարածքների ու երեխաների խաղահրապարակի մասին չէի՞ք մտածում»,- ի պատասխան ակտիվիստների՝ ասում են իրացված տների բնակիչները:

Նալբանդյան 106/1 բակը՝ այժմ եւ ապագա տեսքը՝ կառուցապատումից հետո:

«Այդ ցույց անող ու պայքարող բնակիչներից մեկը թող ձեռքը դնի խղճին ու ասի, որ գոնե մեկ բաժակ ջուր է լցրել այդ ծառերին կամ խնամել է: Ասում են՝ եթե այդ շենքը կառուցվի, իրենց շենքի սեյսմակայունությունը կտուժի, բայց իրենք իրենց 4 հարկանին դարձրել են 6 հարկանի, 6 հարկանին՝ 7 հարկանի, այդ ժամանակ չե՞ն մտածել սեյսմակայունության մասին: Հիմա իրենք ապրում են բարելավված պայմաններում, իսկ մեզ խոչընդոտում են: Մեր շենքը պետք է պատրաստ լիներ 3 տարուց, բայց 1 տարի տուժեցինք, քանի որ հարակից շենքերի բնակիչները խոչընդոտում են կառուցապատողին: Այդ նույն բնակիչներից յուրաքանչյուրն իր ավտոտնակի համար կառուցապատողից 7-10 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել, եւ այսօր այդ մարդիկ ստորագրում են, որ համաձայն չե՞ն այդ շենքի  կառուցմանը. եթե համաձայն չէին, թող այն ժամանակ հրաժարվեին այդ գումարներից»,- ընդդեմ Նալբանդյան 106/1 հասցեում բողոքի ակցիաներ կազմակերպած ակտիվիստների՝ իր վրդովմունքը հայտնեց երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Թումանյան 18/5 հասցեի բնակիչ Լուսիկ Միրզոյանը: Տիկին Լուսիկի խոսքերով՝ այսօր մոտ 60 բնակիչ անտուն են եւ անհամբեր սպասում են իրենց բնակարանին, որոնք պետք է ստանան Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվող շենքից: Մեր խմբագրություն այցելած բնակիչները կառուցապատողից խնդրել եւ իրենց հետ բերել էին մի տրցակ փաստաթղթեր՝ կառուցվող շենքի նախագիծը, տարածքի նախկին վիճակի լուսանկարները, ծառերը հատելու եւ տեղափոխելու բնապահպանների թույլտվությունը, շինաշխատանքների օրինական լինելու մասին հավաստող փաստաթղթերը:

Ըստ մեր ձեռքի տակ եղած բնապահպանների մասնագիտական եզրակացության՝ կառուցապատող «Ավագ-Շին» ընկերությանը պարտավորեցվել է տարածքում եղած եւ շինաշխատանքների ժամանակ չվնասված ծառերը հողաթմբերով տեղափոխել այլ տարածք՝ վերատնկելու համար: Շինարարությունն ավարտելուց հետո էլ կառուցապատողը պարտավոր է բակը կանաչապատել Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հաստատված դենդրոլոգիական նախագծի համաձայն:

Տիկին Լուսիկի խոսքերով՝ «Եթե կառուցապատողն իմ տունը քանդել է եւ իմ տան կողքին ծառ է եղել, պարզ չէ՞, որ այդ ծառի բունը կարող է եւ բացվեր: Իմ աչքն են մտցնում, թե տեսա՞ք՝ Արամի փողոցում ինչ եղավ, մարդկանց խաբեցին, բայց թող ինձ մատնացույց չանեն սրան-նրան, ես եմ, չէ՞, խաբվողը, եթե խաբեն, ինձ են խաբելու, իրենց ի՞նչ գործն է: Բայց ես հավատում եմ, ու եթե չխոչընդոտեն՝ մեր շենքը նորմալ կկառուցվի: Ես արդեն մեկ տարի է՝ վարձով եմ բնակվում, եւ կառուցապատողը մինչ այժմ պարտաճանաչ վճարում է մեր վարձերի գումարները: Բացի այդ, կառուցապատողը շատ մարդկային պայմաններով է մեզ փոխհատուցում. ով որքան քառակուսի ունի՝ այդքան էլ տալու է նորակառույց շենքում»:

Մեկ այլ բնակչի՝ Ագնեսա Միրզոյանի խոսքերով էլ. «1957 թվականից իմ հայրական տունն այդտեղ է, այսօր ովքեր որ բողոքում են, վերջին 20 տարին են ապրում այդտեղ: Այսօր այն բնակիչները, որոնք ակցիա են անում ու պայքարում են չորացած ծառերի համար, կարող եմ ասել՝ նրանց մեջ ընդամենը նախանձությունն է խոսում: Ասում են՝ մեր լույսը, ջուրը, երկինքը, օդը կփակի կառուցվող շենքը, բայց ոչինչ էլ չի փակում: Մեր կառուցապատողը շատ բարեհամբույր անձնավորություն է, որը բնակիչների պահանջով 3 անգամ նախագիծը փոխեց, որ որեւէ մեկը չտուժի, բայց այսօր բնակիչները առիթից օգտվելով՝ սկսեցին ավելի մեծ պահանջներ ներկայացնել: Կառուցվող շենքի հարկայնությունը մի քանի հարկով իջեցվեց, շենքն ընդամենը 7 հարկանի է լինելու, որի առաջին 2 հարկը մանկապարտեզ է, վերջին 7-րդ հարկը՝ մանսարդ: Ես հիշում եմ, որ 57 թվականից այդ տարածքում եղել են ակացիաներ եւ տաղավարներ, բայց երբ եկել են այս նոր բնակիչները, որոնք հիմա կանաչ տարածքների պահպանությունից, երեխաների խաղահրապարակից են խոսում, ամբողջ բակը ավտոտնակներով խեղդել են, 40 ավտոտնակ են դրել: Դե, պատկերացրեք՝ որքան ծառեր են հատել, որքան տաղավարներ են հանել:

Ուրեմն՝ ի՞նչ է նշանակում, այդ ժամանակ իրենց շահերից ելնելով՝ կանաչապատում, խաղահրապարակ հաշվի չառան, այսօր արդեն մեր շահերն է՝ հիշել են: Մենք էլ ենք ուզում բարելավել մեր պայմանները, քանի որ երկար տարիներ է՝ ապրում ենք խոնավ ու վատ պայմաններում, երեխաներ ու թոռներ ենք մեծացնում ու տարին տասներկու ամիս այդ հին տներում կարիճ ենք սատկացնում: Այստեղ ընդամենը նախանձությունն է խոսում, իրենց տեսադաշտը 2-3 տարի հետո շատ գեղեցիկ է լինելու, իսկ այսօր ինչի՞ նման է. կարկատված տանիքներով, խարխուլ տներով բակ: Նրանց «շնորհիվ» կառուցապատողը 1 տարի հետ է ընկել իր գործերից, եւ արդյունքում տուժում ենք մենք՝ բնակիչներս: Ով ուզում՝ տեղից վեր է կենում ու իր իրավունքներն է ներկայացնում մեր նկատմամբ, ամբողջ հարցն այն է, որ անօրինական ոչինչ չկա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930