Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչներն էլ են կռիվ-կռիվ խաղացել, ցոգոլ գողացել ու դասերը խափանել

Հունիս 02,2012 13:13

Չնայած «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի «բերանին մանուկ ժամանակ էլ եկել են», բայց նա իր ասելիքն ասել է: «Առավոտի» հետ զրույցում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով տիկին Բախշյանը եւ մի շարք այլ ճանաչված մարդիկ իրենց մանկության ամենավառ դրվագները հիշեցին:

«Դպրոցի հենց առաջին օրից մականունս ճստիկ դրեցին, քանի որ դասարանի ամենափոքրամարմինն էի: Նույնիսկ մինչեւ հիմա, երբ մանկական ընկերներով հավաքվում ենք, ինձ էլի ճստիկ են ասում: Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, իմ մեծ գերդաստանով ապրում էինք մի տան մեջ ու որպես առաջնեկ երեխա՝ չափից ավելի ուշադրության կենտրոնում էի»,- պատմեց Ա. Բախշյանը: Նա դեռ այն ժամանակվանից պայքարել է անարդարության դեմ. «Իմ ասելիքը միշտ ասել եմ, բայց այն ոչ միշտ է ողջունվել, հաճախ «բերանիս եկել են», սաստել են, որը ես չէի ուզենա: Եթե ես այս հասարակարգում լինեի էդ տարիքում, հնարավոր է՝ կյանքս այլ ընթացք ունենար: Ես ցանկացած երեխայի անհատականությունը հարգում եմ եւ կուզեի՝ իմն էլ հարգեին»:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին լավ սովորելու համար փոքր ժամանակ «Էլեկտրոնիկ» են ասել: «Երբ կտրվեցի երաժշտական դպրոցի քննություններից, ինձ մոտ առաջացել էր մի բարդույթ, որը հաղթահարելու համար ես որոշեցի միայնակ տիրապետել որեւէ երաժշտական գործիքի, եւ դա դաշնամուրն էր: Այդ անհաջողությունը դրդեց բավարարել քաղցը դեպի երաժշտություն»,- հիշեց նա: Պարոն Աշոտյանի մանկությունն անցել է Նոր Արեշ թաղամասում, որն իր բնութագրմամբ՝ շատ յուրահատուկ թաղ է եղել, քանի որ հիմնականում հայրենադարձներով էր բնակեցված: «Մինչեւ հիմա հիշում եմ թուլումբան ու փախլավաների տեսականիները: Հայրս միշտ ինձ համար հեծանիվ էր գնում, ինքն էլ ինքնուրույն տարբեր ավտոմեքենաների մասերից հավաքում էր մեքենաներ՝ կարտինգներ, ինձ համար էլ կարտինգ էր հավաքել, ունեի փոքրիկ մոտոցիկլետ, էլի հորս հավաքածն էր, ընկերներս հաճախ էին դիմում, որ տայի՝ քշեն: Դպրոցում լավ եմ սովորել, մեր թաղամասի ընկերներս գալիս էին մեր տուն՝ մաթեմատիկա պարապելու, բայց դա շատ շուտ վերածվում էր հերթական խաղի: Իսկ դասերի ժամանակ ընկերներս ինձնից արտագրում էին»: Ա. Աշոտյանի պատմելով՝ թաղի ամենամեծ այգին, որը պապն էր խնամում, իրենցն էր, եւ շատ մանուկների պես նա էլ է սիրել ցոգոլ գողանալ ու միանալով իր ընկերներին՝ հենց իրենց այգուց է գողացել: Մանկական խաղերից Արմեն Աշոտյանը հիշեց «ճտիկը», բայց ամենից շատ սիրել է «յոթքարը»:

Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը երբեք բակում չի խաղացել: «Մայրս՝ Մարիա Մարտիրոսովնան, ինձ դաստիարակել է ասկետիզմի փիլիսոփայությամբ, ժուժկալության աստիճան սահմանափակ բոլոր հաճույքներից ու ազատություններից. ամեն մի վայրկյանն օգտագործել է նպատակասլաց: Երբեք դատարկ բակային մանկական խաժամուժի մեջ չեմ խաղացել: Պարապ-սարապ թրեւ գալու փոխարեն՝ կամ դուրս էի գալիս բնության մեջ պրագուլկաների, կամ գիրք կարդում, սպորտով զբաղվում եւ դասական երաժշտություն լսում»,- պատմեց մարքսիստը:

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ «բալերինա» չդարձավ, ինչպես որ երազում էր մանուկ ժամանակ, բայց դարձավ պատգամավոր:

«Դե, պատգամավորը այդպիսի գերխնդիր ու տաղանդ չէ, այսինքն՝ պետությունն է թելադրում ապրելու ձեւն ու գույնը: Ինչ վերաբերում է բալետին, դա միշտ էլ կմնա իմ սերը: Երբ 3 տարեկան էի, հայրս ինձ համար բերեց Մայա Պլիսեցկայայի դերձակուհու կարած բալետի հագուստը: Բոլոր հայտնի արվեսագետների առջեւ պարում էի Շառլ Գունոյի Ֆաուստի Վալբուռգյան գիշերի վերջին գործողությունը՝ ծայրից ծայր»,- հիշեց նա: Շուշանի մանկության հիշողության մեջ մի թեթեւ վիրավորանք է մնացել՝ պիոներ դժվարությամբ են ընդունել՝ դասը խանգարելու պատճառով:

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանի վառ հիշողությունները «դաժան կռիվ-կռիվ» խաղալու մասին էին: Նրա խոսքերով. «Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղում է անցել մանկությունս: Ու հաճախ հարեւան գյուղն էինք գնում՝ գետում լողալու: Լավ հիշում եմ՝ թաղ-թաղ կռիվ-կռիվ էինք խաղում, ինչ ձեռքներիս տակ ընկնում էր՝ օգտագործում էինք որպես զենք: Տուն էինք գալիս՝ մեկի հագուստը պատռված, մեկի գլուխը ճղված: Դպրոցում լավ եմ սովորել, քիմիայի դասն էի խափանում, ու այն վերածվում էր գզվռտոցի: Շատ արկածախնդիր էինք, չնայած մենք էլ ունեինք այգի, բայց անպայման գնում էինք հարեւանի ցոգոլներն էինք գողանում»:

Պատգամավոր Կարինե Աճեմյանը, լինելով երաժշտասեր մարդ, Ազգային ժողովի նիստերը նմանեցնում է տարբեր երաժշտությունների՝ դասականից մինչեւ «ռաբիս»: Նրա պատմելով. «Տանը ինչ պատահում էր՝ վրան նվագում էի, մինչեւ հայրս Մոսկվայից ինձ համար դաշնամուր բերեց: Ամենավառ հիշողությունս դրա հետ է կապված, լավ հիշում եմ, թե ինչ արագությամբ եմ դպրոցից հասա տուն, երբ իմացա, որ դաշնամուրս բերել են, անգամ դաշնամուրի հոտն եմ լավ հիշում: Շատ եմ սիրում երաժշտություն ու մինչեւ հիմա էլ նվագում եմ»:

«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն էլ մանկության հիշողություններում մտաբերում է, թե ինչպես է մրցակցել եղբայրների հետ. «Ամենահետաքրքիր բանը, որ հիշում եմ մանկությունից, դա այն է, որ ինձանից 5 տարի մեծ եղբայրներիս համար հեծանիվ էին գնել, ինձ համար՝ ոչ: Ես էլ գողանում էի ու քշում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930