ՀՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Խոսրով Հարությունյանի համոզմամբ, նոր Ազգային Ժողովը ավելի ճիշտ է արտացոլում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը ու ավելի վստահություն է ներշնչում: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց իշխանություններին ժամանակին քննադատող ու ընդդիմադիր կեցվածքը փոխած պատգամավորներն է՞լ են նրան վստահություն ներշնչում.«Քաղաքականությունը դոգմատիկ քաղաքական սկզբունքերի իրականացման պրոցես չէ, այն երբեմն պահանջում է փոխել համագործակցության ֆորմատը, գործընկերներին՝ կախված զարգացման փուլում կուսակցությունը, քաղաքական գործիչը ինչ նպատակներ է հետապնդում: Այս կոնտեքստում, կարելի է ասել նախկին հակառակորդները, ինչ-որ զարգացման փուլում կարող են համագործակցել: ՀԱԿ-ը համագործակցեց Դաշնակցության հետ, Դաշնակցությունը համաձայնեց համագործակցել Տեր Պետրոսյանի քաղաքական թիմի հետ, այն թիմի հետ , որը ոչ միայն փակել էր նրանց, այլեւ գցել էր ճաղերի հետեւում»: Պարոն Հարությունյանին նաեւ հարցրինք, ՀՀԿ ցուցակով առաջադրվելու հանգամանքը իր վարկանիշի վրա չազդե՞ց.«Ազդեց, դրական իմաստով: Օրինակ շատ շատերը մոտեցել են ու ինձ շնորհավորում են, առ այսօր շնորհավորում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ