Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր կորոշվի՞ վարչապետի հարցը

Հունիս 02,2012 13:04

ՀՀԿ ԳՄ-ն եւ խորհուրդն այսօր հերթական նիստը կգումարեն

Թեեւ նախատեսվում էր, որ կառավարության հարցը ՀՀԿ գործադիր մարմինը եւ խորհուրդը քննարկելու են հունիսի 10-ից հետո, բայց երեկ երեկոյան հանրապետական վերնախավին զգուշացվել է, որպեսզի քաղաքից չբացակայեն, քանի որ այսօր կայանալու է գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ: Հիշեցնենք, որ սահմանված կարգով գործող կառավարությունն արդեն իսկ հրաժարական է ներկայացրել, սակայն նախարարները կշարունակեն պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Տեղեկացնենք, որ նախագահը նոր վարչապետին պետք է նշանակի տասնօրյա ժամկետում, իսկ կառավարությունը կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Սրանից հետո էլ, համաձայն ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի, «Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը: Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում»:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանելով հարցին՝ այսօր արդեն կհստակեցվի՞ նոր կառավարության կազմը, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ գործընթացները կգնան նախ՝ վարչապետի պաշտոնի հստակեցման առումով»: Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է վարչապետի փոփոխության հարց քննարկվի, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարծում, որ իմաստ ունի այսօր այդ մասին խոսել»: Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետը լինելու է ՀՀԿ-ից ու հրապարակելով իր անձնական կարծիքը՝ հստակեցրել, որ Տիգրան Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել: Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ կուսակցական շրջանակներում ի՞նչ խոսակցություններ կան՝ նախարարական կազմը շա՞տ կփոխվի, թե՞ գործող նախարարները կշարունակեն պաշտոնավարել: «Ես այդպիսի խոսակցությունների չեմ մասնակցել եւ չեմ կարծում, որ բամբասանքները արժանի են նման բարձր մակարդակի թերթում երեւալու»,- ասաց նա:

ԲՀԿ-ի՝ կոալիցիայից հրաժարվելուց հետո կառավարական բոլոր պորտֆելները բաժին կհասնեն ՀՀԿ-ին: ՀՀԿ մամուլի խոսնակը ԳՄ եւ խորհրդի նախորդ նիստից հետո հաստատեց, որ ՕԵԿ-ը պահպանելու է իր երեք պորտֆելները: Դրանք ավելացնելու հավակնություններ ՕԵԿ-ում չեն դրսեւորել, ՀՀԿ-ն էլ նման առաջարկով չի դիմել ՕԵԿ-ին: Սակայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը «կփոխանակվեն» նախարարական պորտֆելներով: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ՕԵԿ-ից կվերցնի տրանսպորտի եւ կապի նախարարությունը, փոխարենը ՕԵԿ-ին կտրվի ԲՀԿ-ի թողած՝ աշխատանքի եւ սոցիալական ապահովության կամ քաղաքաշինության նախարարությունը: Արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները կմնան ՕԵԿ-ին: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարները, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց տեղերը: Ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարների փոփոխության հարցին՝ ասել էր, որ «լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ»:

Ըստ տարածված լուրերի՝ ԲՀԿ-ական նախարարների հրաժարականից առաջացած «բացերը» լրացնելու են ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նույն լուրերի համաձայն՝ Սամվել Նիկոյանին վստահվելու է բնապահպանության նախարարի աթոռը: Ի դեպ, նրա նախկին տեղակալ՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ Ազգային ժողովում կզբաղվի բնապահպանությամբ՝ կգլխավորի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը: Առողջապահության նախարարի թափուր պաշտոնի համար շրջանառվում է ՀՀԿ ԳՄ անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930