Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ծանրաձողի վրա նստած թիթեռն է»

Հունիս 02,2012 12:30

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը օրինաչափ են համարում այն, որ ՀՀԿ-ին այլընտրանք լինելու հայտ ներկայացրած ԲՀԿ անդամները մայիսի 31-ին քվեարկեցին հօգուտ ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Հովիկ Աբրահամյանի: Կարեն Քոչարյանը դա բացատրում է զուտ մարդկային, խնամիական հարաբերություններով, իսկ Մանվել Սարգսյանը՝ իշխանական ճգնաժամով: 

Մանվել Սարգսյան– Այդ տնավարի մոտեցումն իր տրամաբանության մեջ է: Այստեղ մենք տեսնում ենք այլ սկզբունքներ, դրանք այն սկզբունքները չեն, որոնք պետք է ունենան քաղաքական ուժերը: Մենք տեսնում ենք մի ուժ, որը հայտարարում է, թե ունի մեծամասնություն, բայց եթե ունի, ապա այդ ուժն է ձեւավորում իշխանություն եւ ընդհանրապես չի խոսում կոալիցիաների մասին: Սակայն բոլորը փայլուն հասկանում են, որ այս երկրում չկա ազատ ընտրությունների մեխանիզմ, բոլորը գիտեն, թե ոնց են այդ մանդատները ձեռք բերվում եւ ինչպիսին է ուժերի ոչ թե նկարած, այլ ռեալ հարաբերակցությունը: Ինչ է պատահում այն ուժերի հետ, որոնք ունենալով մեծամասնություն՝ փորձում են անգամ մի «պստիկ» ուժի հետ, ինչպիսին «Օրինաց երկիրն» է, կազմել կոալիցիա: Դրա նպատակը ո՞րն է: Եթե մենք այս հարցին պատասխանենք, կհասկանանք, թե ինչ է կատարվում այս երկրում:

«Առավոտ»– Պարոն Քոչարյան, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելու՝ ՀՀԿ-ի դրդապատճառը:

Կարեն Քոչարյան- Ինձ համար դա անհասկանալի է, որովհետեւ ես արդեն ասել եմ՝ մեռած ուժի հետ կոալիցիա չեն կազմում, մեռած ուժին կամ թաղում են, կամ զմռսում պատի մեջ: Երեւի դա էլի նույն մարդկային հարաբերություններից է գալիս, զուտ նրանից, որ 2008թ. Արթուր Բաղդասարյանը պաշտպանեց, միացավ (Սերժ Սարգսյանին- Ա. Ս.): Ես կարծում եմ՝ դա է, պարտք էր՝ տվեցին: Թե չէ՝ «Օրինաց երկիր»՝ այնտեղ արդեն ուժ չկա:

«Առավոտ»– Դուք ասում եք՝ ուժ չկա, սակայն այդ «չեղած» ուժն, այնուամենայնիվ, երեք նախարարական պորտֆել է ստանալու եւ իշխանության մեջ ոչ փոքր բաժին է ունենալու:

Կ. Քոչարյան– Այդ երեք նախարարական պորտֆելները դեռեւս մինչեւ ընտրությունները ՕԵԿ-ինը չէին, որովհետեւ այդ երեք նախարարներն էլ ՕԵԿ-ի հետ այնքան կապ ունեին, որքան ես, ասենք, օպերային երգիչ եմ: Նույնն էլ հիմա կլինի, այսինքն՝ երեք նախարարներն էլ ՕԵԿ-ի հետ ոչ մի կապ չեն ունենա:

«Առավոտ»– Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ին ուղղված իր ողջույնի խոսքում հիշատակելով սխալ նպատակների ու միջոցների մասին: Այդ ակնարկի միակ հասցեատերը «Բարգավաճ Հայաստա՞նն» էր:

Մ. Սարգսյան– Ինչ միջոց, ինչ նպատակ: Պարզ ու հստակ էր, որ պիտի լինի կոալիցիա, որի կենտրոնում պիտի լինի 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելը: Բայց՝ չեղավ: Սերժ Սարգսյանը ունի մի խնդիր, որը պիտի որ չունենար, եթե իսկապես իրենք մեծամասնություն ունեն: Բայց ինքը փայլուն հասկանում է, թե դա ինչ մեծամասնություն է, այդտեղ մեծամասնություն չկա: Ինչ-որ մի իշխանական ճամբար է պետք, որը պետք է իրեն «բրթի» իշխանության: Այս ամենը շատ պարզ է, նաեւ պարզ է, թե Հովիկ Աբրահամյանն ինչու է եկել-նստել այդ աթոռին: Այսինքն՝ երբ քաղաքական համակարգը չի ձեւավորվում սահմանադրական նորմերի հիման վրա, երբ մարդիկ իրենց ազատ կամքը չեն արտահայտում, եւ ուժերի հարաբերակցությունն այն չէ, ինչ որ արդեն նկարված է, ստեղծվում է այս ստվերային պայմանավորվածությունների ոլորտը, որտեղ արդեն էլ ճիշտ ու սխալ չկա:

«Առավոտ»- Ստվերային պայմանավորվածությունների հետ կապված՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ի ժամանակավոր «ընդդիմադիրացումը» հենց այդպիսի պայմանավորվածության արդյունք է, որի նպատակը գալիք նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտը վերահսկելի դարձնելն է:

Կ. Քոչարյան– Ես չեմ շտապում ասել՝ խաղ է դա, թե ոչ: Բայց եթե անգամ դա խաղ է, ապա այդ նույն խաղը ԲՀԿ-ի հետ միասին խաղացել են նաեւ ընդդիմադիրները՝ ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը՝ միասնական շտաբ ստեղծելով: Ու եթե նրանք խաղացել են այդ խաղը, հիմա ումի՞ց են ինչ պահանջում:

Մ. Սարգսյան– ԲՀԿ-ն ինչ-որ տեղ քաղաքական փուչիկ է, որը եւ միասնական շտաբն է փչել, եւ իշխանությունները: Իշխանությունները փչել են, որ մնացած կուսակցություններին մի կողմ քաշեն՝ թողնեն 5-7 տոկոսի հույսին, եւ բոլոր ձայները բերեն այստեղ: Ընդդիմությունն էլ որոշել է, որ իրենք նույնը կարող են անել՝ իշխող կուսակցությունից ձայներ խլելով նման ձեւով: Հիմա երկուսով փչել են այդ փուչիկը, եւ երկուսն էլ մնացել կրակի մեջ: Բայց քաղաքականության մեջ ամեն ինչը շատ մեծ ուժ ունի, փուչիկն էլ է ուժ դառնում: Եվ այսօր ԲՀԿ-ն է որոշում՝ ում հետ ոնց ուզի, այդպես էլ կխոսի, ում հետ ուզի՝ նրա հետ էլ կաշխատի: Կուզի՝ Պուտինի հետ կաշխատի, ինչը ոնց որ թե երեւում է: Եվ նրանց ոչ ոք ոչինչ չի կարող ասել՝ ուշ է, արդեն փչել են փուչիկը:

«Առավոտ»– Այսպիսով՝ կարելի՞ է ասել, որ կոալիցիա չկազմելով՝ ԲՀԿ-ն շահեկան դիրքում հայտնվեց՝ որոշիչ գործոն դառնալով միաժամանակ եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում:

Կ. Քոչարյան– Իհարկե, կարելի է այդպես ասել:

Մ. Սարգսյան– Այո, կարծում եմ, որ դա այդպես է: Այստեղ ծանրաձողի վրա հայտնված թիթեռի իրավիճակն է ստեղծվել, երբ թիթեռն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց, այդուհանդերձ, նա է որոշում ծանրության կենտրոնը:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Քաղաքագետների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930