Բոյկոտը կարող է լինել քաղաքական պայքարի արդյունավետ միջոց միայն այն դեպքում, երբ ունենում է լայն հասարակական արձագանք եւ գոնե որոշ չափով խոչընդոտում է հակառակորդների ծրագրերի իրագործմանը: Դա տեղի է ունենում, մասնավորապես, այն դեպքերում, երբ որեւէ քաղաքական ուժ զբաղեցնում է ծայրահեղ արմատական, անզիջողական դիրք, հակառակորդների հետ ոչ մի երկխոսությունների ու փոխզիջումների չի գնում եւ կարողանում է մշտապես պահպանել հասարակության լարվածության բարձր աստիճանը: Եթե այդ ամենը չկա, եթե դու այսպես թե այնպես ընդունում ես երկրում ընդունված խաղի կանոնները եւ խաղում ես հենց այդ շրջանակներում, ապա բոյկոտն առանձնապես տպավորություն չի թողնում եւ իր նպատակին չի հասնում:
Դրանով ես, բնականաբար, չեմ ուզում ասել, որ երկխոսելը, փոխզիջումներ գտնելը եւ «համակարգային» ընդդիմություն լինելը սխալ բան է: Հատկանշական է, որ նույնիսկ «Սարդարապատ» շարժումը հրապարակայնորեն կոչ չի արել բոյկոտել Ազգային ժողովի ընտրությունները. շատ ճիշտ կանխատեսելով, թե ինչպես են դրանք անցնելու, այդ նախաձեռնության անդամներն, ըստ երեւույթին, հասկանում էին, որ այդ բոյկոտը ոչինչ չի տա, եւ նման կոչերը կլինեն օդի պարզ ցնցում:
ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» շատ ճիշտ որոշում ընդունեցին՝ մասնակցելով Ազգային ժողովի ընտրություններին, նույնքան օրինաչափ էր մանդատներից չհրաժարվելը, վերցնել դրանք հանդիսավոր կամ ոչ հանդիսավոր պայմաններում զուտ տեխնիկական խնդիր է եւ սկզբունքային նշանակություն չունի: Այսքանից հետո խորհրդարանի աշխատանքներին չմասնակցելը տրամաբանական չի թվում: Այդ կուսակցություններին ձայն են տվել տասնյակ հազարավոր մարդիկ, եւ ենթադրելի է, որ դա նրանք արել են, որպեսզի իրենց պատգամավորները, պատգամ փոխանցողները ներկայացնեն իրենց՝ քաղաքացիների շահերը: Չկատարել այդ պատգամները՝ սպասելով, որ ավազակապետությունն ինքն իրեն կկազմաքանդվի, կամ՝ որ սարերն իրենք իրենց կշարժվեն, ամենաճիշտ լուծումը չէ:
Գուցե հարգարժան ընդդիմադիր պատգամավորները կառարկեն, որ նոր գումարման ԱԺ նիստերի առաջին օրերին կարեւոր հարցեր չեն քննարկվում: Բայց դա էլ, երեւի, այդպես չէ: Օրինակ՝ Դաշնակցության ներկայացուցիչները, կարծում եմ, շատ ճիշտ արեցին, որ իրենց կարծիքն արտահայտեցին ԱԺ հանձնաժողովների ձեւավորման խնդրի շուրջ: Այստեղ իսկապես պետք էր ավելի լայն իրավասություններ տալ ընդդիմությանը (բնականաբար, ոչ միայն ՀՅԴ-ին): Այլընտրանքային տեսակետը հնչեցնելն արդեն քիչ բան չէ, նույնիսկ այն դեպքում, եթե պարզ է, որ այդ կարծիքի հիման վրա որոշում չի ընդունվի:
Կարդացեք նաև
Մոտակա մի ամսում ձեւավորվելու է կառավարությունը, այնուհետեւ երկրի գործադիր մարմինը ներկայացնելու է իր ծրագիրը: Ինձ, օրինակ, հետաքրքիր է, թե ինչ է այս ծրագրի վերաբերյալ ասելու Հրանտ Բագրատյանը՝ ոչ թե, ասենք, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, այլ որպես պատգամավոր, որպես օրենսդիր: Կամ՝ երբ արտգործնախարար Նալբանդյանը ելույթ է ունենալու որեւէ արտաքին քաղաքական խնդրի շուրջ, էական է, թե ինչ են նրան հարցնելու պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պառլամենտը նաեւ դրա համար է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ