Արդեն երրորդ օրն է, ինչ մեր որբացած ժողովուրդն ապրում է առանց կառավարության, որը, համաձայն սահմանադրության պահանջների, լրիվ կազմով հրաժարական է տվել։ Եվ քանի որ վերջապես մնացինք, ինչպես ասում են, մենք ու մենք, եկեք խոսենք իշխանության ու ժողովրդի մասին։
Իշխանության խնդիրը մարդկանց արժանապատվության եւ առողջ դատողության կարծր զտանյութը մանրելն է, ընդհուպ մինչեւ կախույթի, էմուլսիայի եւ այնուհետ լուծույթի վիճակի։
Սպիրտն ու ջուրը համակցվում են ցանկացած հարաբերակցությամբ։ Ժողովուրդը դա գիտի, բայց վերաբերվում է դրան ըմբռնումով։ Եվ փոխանակ ինքնուրույն փնտրի ճանապարհը՝ վարժեցնելով պետությանը ճանապարհային երթեւեկության մասնակիցների սպասարկմանը, հետեւում է ճանապարհ ցույց տվողներին, երբեմն տարակուսանքի մեջ գցելով նրանց հարցով.
-Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք ուղղությունը, թե դեպի ուր ենք ճամփորդում։ Հայտարարեք, որ մասնակիցներն էլ իմանան, թե ուրիշ ինչ լավ բանի պատրաստվեն։
Կարդացեք նաև
Չեն պատասխանում։ Քչփչում են իրար ականջի, ինչ-որ բան վերցնում մայթեզրից, բերանը դնում կամ գրպանում թաքցնում, եթե հանում են հողից ոչ միանգամից ուտելի ինչ-որ բան, ու լռում։ Դեռեւս Սողոմոն թագավորը Ժողովողի գրքում նշել է. «Մեծ իմաստության մեջ մեծ է նաեւ վիշտը, եւ գիտելիքները բազմապատկողը բազմապատկում է վիշտը»։
Պետությունն ու նրանք, ովքեր ապրում են կողքին, գոյակցում են ինքնուրույն, եւ միայն նախընտրական շրջանում է իշխանությունը մտաբերում հպատակների մասին, որոնք պիտի կատարեն քաղաքացիական պարտքը։ Հաստատեն իրենց հոժարակամ կախվածությունը նրանցից, ում իրենք բացարձակապես պետք չեն։
«Եվ ուր էլ լինես ու ինչ էլ անես, հավերժ պարտք ես Հայրենիքին…»,- ասվում էր երգում, որի բառերը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Մինչդեռ Հայրենիքը բնակչության առջեւ որեւէ պարտականությամբ իրեն նեղություն չի տալիս, պարտքերը չի ճանաչում է եւ մեղքի զգացում չի ունենում, քանի որ սահմանել է ազգային պետական գաղափարը. Հայաստան՝ առանց մարդկանց։
Միայն ընտրողներ, մեղա Տեր, ընտրազանգված, որը հավերժ նախապատրաստված է վշտի հաղթահարմանը, բայց դրանից ձերբազատվելու չափազանց քիչ բան է անում։ Թերեւս միայն երազում է։ Իհարկե, դա չափազանց բնորոշ է մեզ. զարմանալ Արկտիկայում կակտուսների աղքատ բերքի վրա։
Ներկայումս ժողովրդի բազմազան պաշտպաններին կարող է տարբերել միայն դարձվածաբանությունից նրբորեն գլուխ հանող լեզվագետը։ Հատուկենտ բացառությամբ, ձախից մինչեւ աջ թեւ, ողջ ճակատով ապրում են նրանք միանման լավ. ե՛ւ բնակարաններ, ե՛ւ մեքենաներ, ե՛ւ ամառանոցներ՝ կյանքի արժեքների մասին նրանց պատկերացումներին վայել, ե՛ւ աշխատավոր կապիտալիստների նախանձը շարժող եկամուտներ՝ հարկերով չծանրաբեռնված…
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց ինչ-որ բան անհանգստացնում է։ Ըստ երեւույթին՝ ժողովրդի ճակատագիրը։ Ոչ կպչուն կերպով, բայց այդուհանդերձ անհանգստացնում է։ Խո՞րն է արդյոք քնած ժողովուրդը։
Քնա՛ծ է, քնա՛ծ, տղերք։ Շարունակեք պաշտպանել։
Եվ նրանք աշխատում են մեծագույն եռանդով, իրարից չտարբերվելով ու ոչ մեկին անհրաժեշտ չլինելով։ Այստեղ հարց ենք ուղղում լեզվաբաններին։ Ինչպե՞ս կլինի «ոչ մեկի» հոգնակին։ Մեզ մոտ ստացվեց «ոչմեկություններ»։ Ճիշտ է, նման է մեկ ուրիշի բառի, բայց դա հիմք չէ նյարդային արձագանքի համար։
Կան մեզանում, իհարկե, նաեւ նվաճումներ, բայց դրանք անձնավորելը բարդ է։ Մի տեսակ այնքան էլ ուշագրավ չեն դրանք։ Պաշտոնները, դիրքերն ու անվանումները տարբեր են, սակայն զանազանելու ոչ մի հնարավորություն չկա։
Փափախը տեղում է, ձին՝ ճիշտ նկարած, հետին պլանում՝ սարը. ամեն ինչ ճանաչելի է, իսկ դեմք չկա։ Անցք է։ Սրընթաց կյանքով ապրող ինչ-որ մեկը իշխանության անցքի մեջ հարմարեցնում է գլուխը, հափռում՝ ինչքան կարող է հետը տանել, ու անհետանում։ Կառավարությունից, խորհրդարանից, էլի ինչ-որ տեղից. չես տարբերի։
Երբեմն հասցնում է գոռալ. «Մենք կո՛ղմ ենք հզոր, արդար, ժողովրդավարական (այդ բառը անկեղծ հուզմունքի պատճառով բնավ ամեն անգամ չես կարողանում տարբերել)…»։
Հետո մեկ ուրիշը. «Մենք գիտենք, թե ինչպես ապրեք ազատ ու երջանի՛կ», եւ նույնպես տեղնուտեղը անհետանում է անցքից։ Այդ մեկը խելացի է։ Նա գիտի, թե ինչպես մենք ապրենք, ուստիեւ փոքր-ինչ այլ կերպ է ապրում։
Երրորդը. «Մենք խոստանո՛ւմ ենք։ Ո՛չ։ Մենք երաշխավորո՛ւմ ենք ձեզ»։
Ի՞նչ են նրանք մեզ երաշխավորում։ Իշխանության բոլոր խոստումներից միայն մեկն է ահա արդեն տարիներ շարունակ ճշգրիտ կատարվում. որոշ ժամանակ դժվար կապրենք։
Այդ ինչքա՞ն ժամանակ։ Ողջ կմնա՞նք մինչ այն օրը, երբ ապրելը մի քիչ կհեշտանա։
Սքանչելի ժողովուրդ ենք մենք։ Չենք հավատում, բայց վստահում ենք։
-Ախպեր ջան, միանգամից երեւում է, որ կարգին մարդ ես։ Նստած ես այստեղ։ Ես վազեմ թփուտներ, էլ չեմ կարող դիմանալ, իսկ դու աչքդ պահիր իրերիս վրա։
-Երաշխավորո՛ւմ եմ։
Թեթեւացավ, նայեց. չկան իրերը։ Այդպես էլ մնաց կանգնած՝ ձեռքին այն, ինչով տարբերվում է մարդկության գեղեցիկ կեսից։
-Հե՜յ,- գոռում է։ -Էդ ո՞նց կլինի։ -Հետո կոճկում է շալվարն աջ ձեռքով, նույն այդ ձեռքն էլ թափ տալիս ու ասում.- Դե, ջհանդա՛մ։ Դեռ լավ է, որ ողջ մնացի։
Եվ տեղնուտեղն էլ պատրաստ է լինում նոր երաշխիքների։
Այսպիսի ժողովրդի մասին ցանկացած կառավարություն միայն երազել կարող է։ Անհիշաչար է, դյուրահավատ, խմում է չափավոր, հիմար չէ, հակված է փիլիսոփայական զրույցի։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»