ԲՀԿ-ականները ոչ մի կերպ չեն ուզում իրենց ընդդիմություն համարել, թեև ԱԺ կանոնակարգը հստակ ամրագրում է. եթե կուսակցությունը ձևավորվող կառավարության կազմում ներկայացուցիչ չի ունենում, մեխանիկորեն դառնում է ընդդիմություն:
Այս փաստը նրբորեն շրջանցվում է`շրջանառության մեջ դնելով, այսպես կոչված, «կառուցողականության դաշտում գործելու» և «այլընտրանք լինելու» ձևակերպումները, որոնք ոչ միայն սնանկ ու անգրագետ են քաղաքագիտական առումով, այլև վտանգավոր քաղաքական մշակույթի իմաստով: Որովհետև երբ քաղաքական սպեկտրի բաժանման հիմքում դրվում են այսպիսի արհեստական չափորոշիչներ, ստացվում է, որ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը ապակառուցողական են, հետևաբար նաև` հակապետական: Դա` այն դեպքում, երբ որևէ մեկն առ այսօր հստակ չի տվել կառուցողականության և ապակառուցողականության կոնկրետ սահմանումը:
Ո՞վ ասաց, թե ընդդիմությունը նույնքան այլընտրանք չէ կամ նույնքան չի կարող «սևին սև, սպիտակին սպիտակ» ասել, որքան ԲՀԿ-ն: Սա վտանգավոր է այնքանով, որ դառնում է դաշտը լղոզելու նոր միջոց, որին զոհ գնալու վտանգին առաջինն ինքն իրեն ենթարկում է հենց ԲՀԿ-ն: Որովհետև եթե չես հայտարարում, որ ընդդիմություն ես, ինչպես էլ մանևրես` կա’մ իշխանություն ես, կա’մ իշխանական պրոյեկտ: Իսկ իշխանությունն ամբողջական օրգանիզմ է, որի օրգանները ֆիզիոլոգիապես չեն կարող իրար այլընտրանք լինել: Եվ ընդհանրապես` որքան որպես ընդդիմություն կարող ես, օրինակ, «ծախված» լինել, նույնքան էլ` որպես «այլընտրանք»:
«Երկիր»