Հայաստանյան հեռուստաընկերությունների ծրագրերում ժամանցա-հումորային ու զվարճանքա-կատակային հաղորդումների պակաս չկա: Եղածը բավարար չգտնելով երբեմն այս ոլորտներ են ներխուժում նաեւ պատմա-ճանաչողական բնույթի հաղորդումների հեղինակները, որոնցից մեկի սիրողական մակարդակով հետազոտություններ իրականացրած ավագ տարիքի հյուրը օրերս հայտարարեց, թե գերմաներենը հայերենի բարբառ է, ընդամենը մի 7-10 հազարամյակ առաջվա: Գտնվելով հյուրընկալ Ավստրիայում, ուր պետական լեզուն հենց հիշատակված բարբառն է, տարաբնույթ զգացումների տրվեցի, որոնցից արժե առանձնացնել այն, որ ուրախություն ապրեցի գերմաներենին չտիրապետելու համար: Չէ՞ որ հայի մեր տեսակին հաճելի լուրը անմիջապես փոխանցելու էի իմ ժամանակավոր հարեւաններին, ովքեր, քաղաքավարության բոլոր կանոնները պահպանելով, ամենայն հարգանքով կնշեն, որ հաճելի է այդ մասին լսել, քանզի իրենց նախապապերը, թող որ 7-10 հազարամյակ առաջ ինչ-որ մեկից են սովորել հարգել համակեցության կանոնները, օրինապաշտ լինել, նվիրվել կատարած գործին, աշխատել առավելագույն արդյունավետությամբ… Իրենք վստահ են, որ ավստրիաբնակ հայերը, հոգեւորական թե արվեստագետ, արհեստավոր թե առեւտրական, հիմնականում օժտված են այդ հատկություններով եւ լավագույնս են նպաստում Ավստրիա պետության կայացմանն ու ամրապնդմանը:
Զգացական ու զգացմունքային այս իրավիճակին թերեւս մի փոքր այլ մոտեցում կցուցաբերեն բուն գերմանախոս Գերմանիայում, ուր նույնպես հայերն ու նրանց ձեւավորած համայնքները քիչ չեն: Գործնական գերմանացիները, հաստատելով հետազոտողի կարծիքը, միաժամանակ թերեւս հետաքրքրվեն, թե ինչու են իրենց նախապապերի ժառանգները հեռանում դրախտավայր հռչակվող տարածքից ու տեղափոխվում հյուսիսային բեւեռին առավել մոտ երկրներ, ուր ոչ ծիրան է աճում, ոչ անկրկնելի կոնյակի հումք խաղող. ի վերջո, ինչ են այս մասին մտածում իրենց բնօրրանում:
Ընդամենը մի կարճ ժամանակ գտնվելով գերմանախոս այս տարածաշրջանում, յուրաքանչյուր հայաստանցի արձանագրում է, որ մտածելու ու մտորելու շատ բան կա Հայաստանում: Յուրաքանչյուր գերմանախոս ավտոմեքենա ոտքերից մեկը մտցնելու պահին արդեն ձեռքը երկարում է դեպի անվտանգության գոտին: Կապ չունիՙ բարձրագույն պաշտոնյա է, թե շարքային քաղաքացի: Կա՞ արդյոք այս պարզից էլ պարզագույն ցանկությունը մեզանում, որն ամրագրված է ՀՀ օրենքով: Նույնն է ծխախոտի պարագայում, որն օրվա ընթացքում պարբերաբար խախտվում է հենց ծխախոտի օգտագործումը կանոնակարգած ՀՀ օրենսդիրների մեծամասնության կողմից: Հանրային տրամադրությունների անտեսման ապացույց է հայաստանյան պաշտոնյաներին ուղեկցող անվտանգության աշխատակիցների գնալով աճող առկայությունը, երբ, ասենք, Գերմանիայի ֆինանսների հաշմանդամ նախարարը անձամբ է տեղաշարժում իր սայլակը:
Տողերիս հեղինակին մեզ համար գրեթե անհավատալի մի փաստ նշեց Գրացում աշխատող մեր հայրենակիցներից մեկը. Ավստրիայի նախագահը հանդիպում էր նախատեսել Գրացում, ուր Վիեննայից ժամանել էր գնացքով, իսկ հանդիպման կոնկրետ վայր հասել էր հասարակական տրանսպորտով: Ես էլ ձեզ պես ցանկություն ունեմ չհավատալու այս պատմությանը: Փոխարենը վստահեցնում եմ տեսածս, երբ 300 հազար բնակչություն ունեցող Գրացի քաղաքապետն ու բազմաթիվ այլ պաշտոնյաներ երթեւեկում են հեծանիվներով, թեեւ թե՛ ծառայողական ու անձնական համեմատաբար ոչ հզոր ավտոմեքենաներ ունեն, թե՛ մոտոցիկլետներ: Այդկերպ նրանք իրենց ներդրումն են բերում օդային ավազանը մաքուր պահելու, թեեւ հասել են նրան, որ ավտոբուսային ողջ պարկը աշխատում է բիովառելիքով, իսկ ընդարձակ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը միմյանց կապված են տրամվայների խիտ ցանցով: Դրանք հարմարեցված են թե՛ մանկասայլակների, թե՛ հաշմանդամների ու ծերերի համար, իսկ նոր տրամվայները այլմոլորակային կայաններ են հիշեցնում: Ամեն կանգառում կան տպագիր ու էլեկտրոնային ցուցանակներ, որոնցում նշվում են տրանսպորտային միջոցի ժամանման կամ մեկնման րոպեները:
Կարդացեք նաև
Հաճույք է տեսնել այն վարորդ-ուհիների աշխատանքը, որոնք նեղլիկ որոշ փողոցներում, «Ֆորմուլա-1»-ի վարպետների վստահությամբ վարում են 14-16 մետր երկարություն ունեցող երկվագոն ավտոբուսները: Նշեմ քաղաքապետարանի մի նախաձեռնության մասին. դեկտեմբեր ամսվա բոլոր շաբաթ օրերին քաղաքային տրանսպորտով երթեւեկն անվճար է: Նախատոնական առեւտուր իրականացնող իրենց տասնյակհազարավոր քաղաքացիներին այդկերպ համոզում են չօգտվել իրենց անձնական տրանսպորտից օդային ավազանի աղտոտումը նվազագույնի հասցնելու նպատակով. պաշտոնյաներին առավել շատ հետաքրքրում է իրենց քաղաքացիների առողջությունը, քան այդ օրերի բյուջետային մուտքերը: Տողերիս հեղինակը ՀՀ շատ քաղաքապետների խորհուրդ չի տա գայթակղվել ու օգտվել հեծանիվներից, քանզի դրանք կարող են չդիմանալ նրանց ծանրությանը: Իսկ թե ինչու ոչնչացվեց, ասֆալտին հավասարեցվեց տրամվայների երեւանյան համակարգը, ուղղակի անհասկանալի է:
Յուրաքանչյուր հայաստանաբնակ, վստահ եմ, սովորական ու բոլորին մատչելի կհամարի լրագրողական այս հաղորդման մեջ շարադրվածը, համոզված, որ եվրոպական երկրներում ապաստանած իր ընտանիքի անդամները շարժվում են համակեցության այդ պահանջ-կանոններով: Եվ հարցը, թե ինչու պարզից էլ պարզագույն այս գործընթացը հայաստանյան առօրյայի տեսանելի մաս չի կազմում արդեն երկու տասնամյակ, հնչում է ինքնաբերաբար: Ո՞վ է պարտավոր պատասխանել այս հարցին, օրինակ ծառայել հանրությանը, կանոնակարգել մեր առօրյան. թերեւս ԱԺ նորընտիր պատգամավորները: Բայց չէ՞ որ նրանք էլ նորընտիր են, բայց ոչ նոր: Ինչը եւ ով պետք է այդ սակավաթիվ նորերին ստիպի ընդդիմանալ իրենց փորձառու գործընկերներիՙ հանրությանը տեսանելի առօրյա օրինազանցություններինՙ ծխել որտեղ պատահի, չամրացնել անվտանգության գոտիները, ծառայողական տրանսպորտը շահագործել ողջ ընտանիքով եւ շաբաթվա բոլոր օրերին, ԱԺ աշխատանքի չներկայանալը պարտադիր նորմ համարել, հասարակությունից առանձնանալ սափրագլուխների պատնեշներով, բազում այլ անցանկալի պահվածքով ու դրսեւորումներով, պարզ կդառնա առաջիկայում, ազգային ընտրյալների հանրությանը ներկայանալու ընթացքում: Այնժամ թերեւս իրոք մտորենք, թե էլ ում նախապապերն են մեր նախնիները:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Գրաց, Ավստրիա
«Ազգ»