Մայիսի 31-ի երեկոյան «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը` Նարինե Կռոյանի «Շների համաստեղությունը» Լիոլետ Գրիգորյանի «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», Տաթև Դերզյանի «Ֆուտբոլի գնդակի երազանքը» և Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց»-ը:
« Orange Գրքի մրցանակը ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ուրախությամբ և հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը, որոնք ստեղծվել են մրցույթի, ժյուրիի աշխատանքի, ընթերցասերների հետաքրքրության ու ներգրավվածության արդյունքում: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Մրցույթը նաև թույլ տվեց բացահայտել նոր ու երիտասարդ անուններ, ինչպես նաև ստեղծեց հանրային քննարկումներ, ինչը նաև վերջինիս կարևոր նպատակներից էր», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 130 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով:
Կարդացեք նաև
Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք էլ երկրորդ փուլում ներկայացվեցին ընթերցողների լայն զանգվածների դատին:
Հեքիաթ և սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով դարձան տվյալ անվանակարգում հաղթող: «Վեպ», «էսսե» և «պատմվածք» անվանակարգերում հաղթողներն ընտրվել են Orange-ի վեբ կայքում`www.orangearmenia.am/book-prize ընթերցողների առցանց քվեարկությամբ, որտեղ ընթերցողները քվեարկել են դուր եկած ստեղծագործության օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի “like” կոճակը:
Orange Գրքի մրցանակի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, աջակցել սկսնակ և արդեն հայտնի գրողներին հրատարակել իրենց անտիպ ստեղծագործությունները:
Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը:Orangeգրքի մրցանակ 2011-ը կազմակերպվել և իրականացվել է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
Orange Գրքի մրցանակն ամենամյա մրցանակ է: 2012 թվականի մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: Բոլոր մանրամասները` https://orangearmenia.am/book-prize/ էջում:
R