Աշնանը Ազգային ժողովում կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մի զգալի մասը կմնա կառավարության կոկորդում: Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Նրանք ունեն մեծամասնություն եւ բավականին վստահ են զգում, բայց ամեն բան հարաբերական է, ամեն բան փոփոխվող է. եթե փոխում ես, մի օր փոխվում է»:
Քաղաքացիներից մեկը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ խորհրդարանում ինչպե՞ս է հանդես գալու՝ ագրեսիվ ու հարձակվողակա՞ն: Ի պատասխան՝ պարոն Բագրատյանը նկատեց. «Օրինակ՝ ագրեսիվը ո՞րն է, ես ձեզ 1000 տոկոս եմ ասում՝ մինչեւ սեպտեմբերի վերջ կլինի 72.500 դրամ նվազագույն աշխատավարձ: Նրանք կսկսեն ջրել, կասեն՝ գնացեք, հիմնավորեք, բյուջեից փող բերեք, դա բյուջեի հետ կապ չունի: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է ստվերային տնտեսության կրճատմանը, դա խփում է այն օլիգարխներին, որոնք 32.000 դրամ աշխատավարձ են դնում բանկոմատ, իսկ մնացածը տալիս գրպանից»:
Հավաքվածներից մեկն էլ անկեղծացավ. «Գիտեք, չէ՞, պարոն Բագրատյան, Սերժն ասել է՝ ինչ որ կառավարությունը բերի խորհրդարան, դուք չպետք է մերժեք, պետք է ընդունեք որպես օրենք»: Ի պատասխան՝ Հ. Բագրատյանն ասաց՝ առաջին փաստաթուղթը, որի հետ պիտի բախվեն, կառավարության ծրագիրն է լինելու. «Ազնվորեն ասում եմ՝ եթե լավ ծրագիր եղավ, մեջը կգրեմ՝ լավ ծրագիր: Սպասում եմ, որ իրենք կբերեն բավականին ընդհանրացված, որ ոչ մի տեղից չկպնենք: Ես ձեզ հավատացնում եմ, որ շատ հարցերում, իրենք շատ նեղն են ընկնելու, ծրագրում պիտի ցույց տան՝ ինչպես են բաշխում ուժը, սեփականությունը, հարստությունը»:
Կարդացեք նաև
Պարոն Բագրատյանն ասաց, որ ամենակարեւորը փողոցային հանդիպումները պահելն է, ու ինքը ամեն ամիս facebook-ի իր էջում կտեղեկացնի հանդիպումների օրվա եւ ժամի մասին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ