Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ավարտին ներկայացնում ենք արդեն իրենց մանկությունն ապրած, բայց միշտ այն հիշող շոումեն Արամ MP3-ի եւ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի մանկությունից մի քանի դրվագ: Այսպես հնարավորություն ունեք` Ձեր կողմից սիրված հայտնիներին տեսնել մանկության անհոգ եւ բարի օրերի միջից:
Խառը, գույնզգույն, հարուստ եւ հիշվող մանկություն է ունեցալ շոումեն, դերասան Արամ MP3-ը: Ինքն է այդպես ասում: Մանկության տարիների «չարիքը» մանկապարտեզն էր, որի հետ են կապված նրա լավ եւ վատ շատ հիշողություններ: Ասում է` չէր սիրում գնալ մանկապարտեզ, հաճախակի էր փախչում այնտեղից, տունը շատ մոտ էր . «Մի անգամ էլ էկել եմ, դուռը ծեծել, մաման խոհանուցում է եղել, չի լսել, ես էլ մտածել եմ, որ չեն թողնում տուն մտնեմ, որովհետեւ ինձ ասել էին` եթե մեկ անգամ էլ փախչեմ մանկապարտեզից, ինձ տուն չեն թողնի: Մոտավորապես կես ժամ լացել եմ, հարեւանները պատմում են, որ շոու էր, շորերս վրայիցս ճղելով… մամա ջան, էլ չեմ անի չեմ փախչի մանկապարտեզից, խնդրում եմ ասելով` կանգնել եմ մեր դռան առջեւ»,-հիշում է Արամը, ասում է` մայրը վերջապես դուռը բացել է, նա էլ խոստացել է, որ այլեւս մանկապարտեզից չի փախչի. «Բայց իհարկե փախա…որովհետեւ ես երեւի միակ երեխան եմ եղել, որ ասել են` քեզ խելոք պահի, թե չէ ճաշը կլցնեմ գլխիդ, խելոք չեմ մնացել ու ճաշը լցրել են գլխիս»,-ծիծաղում է : Դեռ մանկուց «ֆանտազիաներին» մեծ նշանակություն տվող շոումենը հիմա էլ բոլոր մանուկներին է ցանկանում երեւակայություններով մանկություն ունենան, լինեն անհոգ ու խաղաղ:
Դերասանուհի Գայանե Ասլամազյանի մանկությունը մեկ բառով կարելի է բնութագրել` խաղաղ է անցել: Հաղորդավարուհին մանկությունից արտառոց հիշողություններ չունի, միայն ասում է` խելացի, հանգիստ երեխա է եղել: Գայանեի մանկության լավագույն պահերը վերհիշել նրան չի հաջողվում, մայրիկին ենք դիմում: Տիկին Կարինեն էլ է փաստում` Գայանեն խելացի է եղել, ինքնուրույն` մինչ դպրոց գնալն արդեն տառաճանաչ էր, շատ էր սիրում հեքիաթներ կարդալ: Մանկությունից էլ տպավորվել է հատկապես մի դեպք, որը պատմում է հենց տիկին Կարինեն. «Երկու տարեկան էր, ինչ-որ տեղից տուն էինք գալիս, գրկել էի նրան, բարձրակրունկ կոշիկներ էի հագել, ոտքս ոլորվեց, ընկնում էի, հազիվ պահեցի նրան, շատ էր վախեցել: Դրանից որոշ ժամանակ հետո, էլի ինչ-որ տեղից էինք գալիս, ասացի` կուզես քեզ գրկած տանեմ, գրկեցի, ինքն էլ ինձ հարցրեց` էլի նույն կոշիկներո՞վ ես, ասացի` այո, ասաց` իջացրու, ես ոտքով կգնամ»: