Այսօր Գավառ քաղաքում կազմակերպվեց քաղաքի նորաստեղծ այգու բացումը: Նորաբաց այգին տեղակայված է խորհրդային տարիներին հիմնված շքեղ այգու խաղահրապարակի տեղում: Նախկին այգին 1990-ականների սկզբներից սկսած քայքայվեց, կարուսելներն ու դետալները բնակիչները յուրացրեցին, եւ այգու տարածքը դարձավ անասունների արոտավայր ու ավերակ:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստանի» Գավառի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Անուշ Պողոսյանը` այգին կառուցվել է 2010-2011 թթ. Տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում: Այգին վերակառուցվել է, ուր տեղադրվել են մի քանի խաղահրապարակ: Տեղադրումն ու բացումն իրականացվել էր «Վորլդ Վիժն» մարզային զարգացման ծրագրի շրջանակներում: Զբոսայգում տեղադրվել են սղարաններ, ճոճանակներ, երեխաների ինտելեկտն ու վերջույթները զարգացնող խաղեր: Կառուցվել է բեմահարթակ, տեղադրվել են նստարաններ ու տաղավարներ: Այգում տնկվել է 50 պտղատու ծառ: Հունիսի մեկին այգու բացումը կազմակերպվել էր «Երեխայի առողջությունն առաջնային է» ծրագրի շրջանակներում:
Այգու բացման արարողությանը, որին ներկա էին Գավառի տարածաշրջանի բոլոր համայնքներից տարբեր տարիքի երեխաներ, ուղեկցվեց երգ ու պարով: Երկու երեխաների մայր Ելենան Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ ոգեւորիչ է այգու բացումը: Իր որդիները քիչ են դուրս գալիս բակ, որովհետեւ խաղալու եւ զբոսնելու հարմար տեղ չկա, այգու բացումից հետո այգին դառնալու է իր որդիների սիրելի վայրը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև