Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը միշտ «պիտուշ է» եղել, Արմեն Աշոտյանը ցոգոլ է գողացել

Հունիս 01,2012 19:45

«Ազգային ժողովի հետ կապված մի մազալու բան պատմեմ. երբ ես փոքր էի, գիտեի` Ազգային ժողովի շենքը օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի տունն է: Մեր ընտանիքում մնացել էր այդ խոսքը` հա, դե`,Գոհար Գասպարյանի տան մոտով կանցնե¯ս: Բայց դա չէր պատճառը, որ ես դարձա պատգամավոր: Եվ երեկ, երբ Ազգային ժողովում էի, դա էի հիշում ու ասում` Աստված իմ, էս ո՞ւր եմ եկել, Գոհար Գասպարյանենց տո՞ւն»-Aravot.am-ի հետ զրույցում իր մանկության ամենավառ հիշողությունը պատմեց երգչուհի եւ ԱԺ նորընտիր պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով վերհիշելով մանկությունը` Շուշան Պետրոսյանի հիշողության մեջ նաեւ դաջվել է մանկական խաղերից մի քանիսը, որոնք, ինչպես ինքն ասաց` այսօր մոռացվել են. «Շատ սիրում էի յոթքարն ու գործագործը. ես հայտնի պաս բռնող էի: Այս խաղի ժամանակ միշտ պիտուշ էի լինում: Ռեզինի համար ուշքս գնում էր, նույնիսկ աթոռների վրայով անցկացնում էինք ու խաղում: Հետո շատ պրիմիտիվացրեցին այդ խաղը. մեր ժամանակ 2-րդ հարկ, 3-րդ հարկ կար այդ խաղի մեջ, կարգին սպորտային խաղ էր»:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտանակատար Արմեն Աշոտյանի մանկական վառ հիշողություններից է շաքարխնձորը, ճտիկ խաղալը, փախլավայի հոտն ու իր ընկերների հետ հենց իրենց սեփական այգուց ցոգոլ գողանալը. «Այսպիսի մի խաղ էլ կար` յառլիկ. լիմոնադի շշերից էին պոկում, եթե հաջողվում էր` կոնյակի կամ գինու: Ճտիկ էինք խաղում` պլաստիկ կռիշկաների մեջ պլաստիրին էինք լցնում ու ճտիկ սարքում, հետո իրար վրա նետում: Նաեւ հոլ էինք խաղում»: Իսկ թե ո՞ր խաղի մեջ է չեմպիոն, որ ընկերները խուսափում էին խաղալ նրա հետ: Մեր այս հարցին ի պատասխան  պարոն Աշոտյանն ասաց. «Մեր թաղամասում` Նոր Արեշում, դա շախմատն էր»: Թաղամասի ամենախնամված այգին իրենցն է եղե,. պատմեց Արմեն Աշոտյանը, եւ ամենամեծ թթենին եւ ծիրանենին. «Բարձանում էինք թթի ծառը ու ծառի վրա ուտում: Շատ սիրել եմ սեւ թութը` դոշաբ թութը»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստոպա Սաֆարյանի մանկական ամենահիշարժան դրվագը մանկապարտեզի դաստիարակի հետ ունեցած` «թշնամությունն» էր. «Մի բան եմ հիշում. հենց դաստիարակին տեսնում էի` քարեր էի շպրտում նրա վրա, դաստիարակն էլ, ես էլ, չէինք կարողանում հասկանալ պատճառը, մինչեւ հիմա գաղտնիք է: Մորս չէի թողնում կանգնի նրա կողքին` զրուցի»:

Իսկ թե Արմեն Աշոտյանի եւ Անահիտ Բախշյանի մականունը փոքր ժամանակ ի՞նչ է եղել, ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը չդարձավ «բալերինա», եւ ինչո՞ւ գլխավոր մարքսիտ Դավիթ Հակոբյանը բակային խաղերին չի մասնակցել, կարդացեք վաղվա «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930