Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզկուլտուրայի քննության նորմատիվային պահանջները խստացվել են, երեխաները մի տարում «սուպերմեննե՞ր» են դարձել

Հունիս 01,2012 19:02

Տավուշի մարզի  ֆիզկուլտուրայի  ուսուցիչները Aravot.am-ի թղթակցին հայտնեցին, որ հանրակրթական դպրոցների 9-րդ եւ 12-րդ ավարտական դասարանցիների կողմից  հանձնվող «ֆիզիկական կուլտուրա» առարկայի քննության նորմատիվային պահանջներն այս տարի  փոխվել են, դրա  հետեւանքով հիմնական եւ ավագ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ մայիսի վերջին ի վիճակի չեն եղել հանձնել այդ քննությունը: Ուսուցիչներն իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ իրենք  ստիպված են եղել «խմբագրել»  այդ  քննությունների  արդյունքները: Կապված 12-ամյա կրթության անցնելու հետ՝ 2011թ.  դպրոցներում  ավարտական քննություններ  չեն կայացել: 2010թ.  գոյություն ունեցած  ֆիզկուլտուրայի քննական նորմատիվներով  8-րդ  դասարանի շրջանավարտ աղջիկները «հենացատկ տեղից» վարժությունում «բավարար» ստանալու համար պետք  է  ցատկեին 135-150, տղաները՝ 155-170 սմ: Այս տարի սահմանված  նորմատիվներով 9-րդ դասարանցի աղջիկները  4 միավոր(«բավարար») ստանալու համար պետք է ցատկեին 150-154, տղաները՝ 190-194 սմ: 2010թ.  8-րդ դասարանցի աղջիկները նույն վարժությունից  «գերազանց» ստանալու համար պետք է  ցատկեին 160 սմ եւ բարձր, տղաները՝ 180 սմ եւ բարձր: Այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտ աղջիկները այդ վարժությունից 9-10 միավոր («գերազանց») ստանալու համար պետք է ցատկեին 175-180սմ եւ բարձր,  տղաները՝ 215-220սմ եւ բարձր: Նոր նորմատիվներով  «մեծացել»  է  նաեւ դպրոցակաների վազքի  արագությունը: 2010թ.  միջնակարդ դպրոցի, 10-րդ դասարանն ավարտող աղջիկները «վազք 6 րոպե(մետր)» վարժությունից  «բավարար» ստանալու համար այդ ժամանակահատվածում պետք է վազեին 900-1000մ,  տղաները նույն ժամանակում՝ 1100-1200մ:  Այս տարի 12-րդ դասարանն ավարտող տղաները  «վազք 1000մ(րոպե)» վարժությունում 4 միավոր («բավարար») ստանալու համար 1000մ-ը   պետք հաղթահարեին 4,06-4,10 վայրկյանում, աղջիկները նույն գնահատականին արժանանալու համար, 500մ-ը պետք է հաղթահարեին  2,16-2,20 վայրկյանում:  Այս դեպքում  եւս նորմատիվների տարբերությունն  ակնհայտ է: Այս տարի 12-րդ դասարանն ավարտող տղաները  նոր մտցված, «ձգումներ կախ դրությունից (անգամ)» վարժությունից 9-10 միավոր ստանալու համար,  պետք է պտտաձողից ձգվեին 13-14 անգամ եւ ավելի: Մեր տեղեկություներով՝ ՀՀ ոստիկանական ակադեմիայում ընդունելության քննությունների ժամանակ այս վարժությունից «գերազանց» ստանալու համար հարկ է  12 անգամ ձգվել: Տավուշի մարզի ֆիզկուլտուրայի ուսուցիչներն  ուշադրություն  են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նորմատիվային այս խստացումների, քննության մեջ նոր վարժություններ մտցնելու մասին իրենք ժամանակին տեղյակ չեն եղել, որպեսզի դպրոցականներին համապատասխան ձեւով  մարզեին: Նաեւ  նշում են, որ նախկինում աշակերտը միջին դպրոցը՝ 8-րդ դասարանը, ավարտում էր 15 տարեկանում, իսկ հիմա 9-րդ դասարանը՝ 14 տարեկանում, եւ այս առումով եւս նորմատիվային խստացումներն անհասկանալի են : Կարծում ենք, որ Կրթության եւ գիտության նախարարությունը  պետք  է պարզաբանումներ տա, թե ինչի՞ հաշվին մեկ տարվա մեջ «աճեցին» հայ դպրոցականների ֆիզիկական հնարավորությունները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930