Շրջանի երկու եզրերը միանում են իրար, ծայրերն էլ պատվում սրերով: Գլխներին` գլխարկներ, ձեռքերին` կավիճ, վանաձորցի երեխաները կիզիչ արեւի տակ արեւ են նկարում: 5-ամյա Անին ոգեւորված է. այսօր նրա եւ աշխարհի բոլոր փոքրիկների պաշտպանության օրն է:
Բոլորի նկարած արեւի կողքին Անիի արեւն էլ է շողում: Բայց նա սիրտ էլ է նկարել: «Արեւ եմ նկարել, որովհետեւ նա մեզ ջերմացնում է, սրտիկն էլ՝ որովհետեւ ես կարմիր գույնը շատ եմ սիրում»,- ասֆալտի վրա իր աշխատանքն է ցույց տալիս նա:
Վանաձորի թիվ 15 մանկապարտեզի սաներից 6-ամյա Ռոզան էլ փուչիկներով ու թռվռալով է հաճախել մանկապարտեզ. գիտեր, որ այս օրը երեխաներին ուրախ օր է սպասվում: «Կուզեի գնալ հրապարակ, այգի: Կուզեի, որ այս օրը չվերջանա, որ միշտ այս օրը լինի, որովհետեւ այս օրը լավ օր է»,-իր ցանկություններն է կիսում փոքրիկը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա բոլոր փոքրիկներին ու մեծերին ասելիք ունի: «Կցանկանամ, որ երեխաները խելոք լինեն, մեծերին կխնդրեմ, որ իրենց բալիկներին ուշադիր լինեն»: Փոքրիկ Մելանյայի կարծիքով էլ՝ միայն մեծերը չէ, որ կարող են պաշտպանել փոքրիկներին, իրենք եւս ունակ են պաշտպանելու: «Տատիկի ձեռքը բռնել եմ, որ չընկնի, մամայիս էլ տանն եմ օգնում, գդալներն ու ափսեներն եմ դնում սեղանին»,-ասում է 5,5 տարեկան աղջիկը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ