Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ շուկայի սեփականատերը համաձայնել է վերակառուցել քանդածը (Տեսանյութ)

Հունիս 01,2012 18:04

Այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց Երևանի Փակ շուկայի հարցը: Նիստը վարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը նկատեց, թե վերջին շրջանում կարծես օրինաչափություն է որոշակի շինությունների քանդումը կամ կառուցումը, ինչը հասարակական արձագանքի տեղիք է տալիս. «Մենք շնորհակալ ենք երեւանցիներից, որ ուշադիր գտնվեցին Փակ շուկայի խնդրին՝ հերքելով այն տարածված կարծիքը, թե իշխանությունների «դեմը խաղ չկա»: Փակ շուկան մտնում է պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ եւ դրա սիմվոլիկ լինելն անվիճելի փաստ է: Եթե այն քանդվում է առանց հաստատված նախագծի, ուրեմն հանցագործություն է կատարվում»:

Նշենք, որ քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության կողմից ստեղծվել էր խնդրով զգաղվող հանձնաժողով, որի ղեկավարում է  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ Փակ շուկան ի սկզբանե ներգրավված է եղել պահպանվող հուշարձանների ցանկում. «Երբ վաճառում են մշակութային հուշարձանների ցանկում գտնվող հուշարձանը, սեփականատիրոջը պարտավորագրով ներկայացնում են նրա իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում եւ այն, որ նա իրավունք չունի փոխել կամ քանդել հուշարձանը: Օրենքները բավարար են՝ կարգը պահպանելու համար, սակայն այլ հարց է, երբ դրանք չեն գործում»:

Մ. Մինասյանը նաեւ նշեց, որ վերոհիշյալ պարտավորագիրը չի ներկայացվել շուկայի նախկին սեփականատիրոջը, իսկ ներկայիս սեփականատարն էլ չի իմացել դրա մասին. «Հանձնաժողովը եկել  է այն եզրակացության, որ սեփականատերը պետք է ամրացնի շուկայի եղած մասը, իսկ քանդվածը՝ վերակառուցի, ինչը միանգամայն հնարավոր է»:

Չնայած այն հանգամանքին, որ «փակ» շուկան երբեւէ չի վերանորոգվել, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը նշեց, որ քանդված մասը կարելի է համապատասխան միջոցառումներով հարմարեցնել գործող նորմերին. «Քանդված մասում 8 մետր խորությամբ փոսորակ կար, որը, սակայն, չի վնասել շենքի կայունությանը: Սեփականատերը բանավոր համաձայնություն է տվել, որպեսզի իրեն ներկայացվի նախագիծ, ըստ դրա էլ նա կպարտավորվի ամրապնդել շուկայի եղած մասը եւ կառուցել քանդածը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930