Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ազգը» չի հաշտվի սատանիստի հետ

Հունիս 01,2012 17:55

Դանիել Իոանիսյան, Բայանդուր Պողոսյան

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Դանիել Իոանիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի քննությունը՝ ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:Այն կհրապարակվի հունիսի 15-ին, ժ.17.00-ին:

Այսօր դատարանում ապացույցների հետազոտման փուլն էր: Նշենք, որ հայցվորներից՝ Հասմիկ Սիմոնյանը չէր ներկայացել դատարան, իսկ պատճառն էլ հայտնի չդարձավ: Երբ հայցվոր Դ. Իոանիսյանը փորձեց նրա փոխարեն ներկայացնել հայցապահանջը, դատավորը թույլ չտվեց, քանի որ Սիմոնյանը որեւէ մեկին չէր լիազորել իր անունից հանդես գալու: Հայցվորը պնդում էր, որ պահանջում է կամ հրապարակային ներողություն, կամ 10 հազար դրամ՝ դատական ծախսերի եւ 10 դրամ էլ՝ բարոյական վնասի հատուցման համար:

Ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ պատասխանող «Մեկ ազգ» կուսակցության նախագահ Գոռ Թամազյանը չունեին իրավաբան-ներկայացուցիչներ, այդ իսկ պատճառով նրանց հարցուպատասխանը սիրողական հարթությունից այն կողմ չէր անցնում: Գոռ Թամազյանն անգամ նկատեց, որ հայցվորը չի տարանջատում վիրավորանքը եւ զրպարտությունը միմյանցից: Էլ չենք խոսում կարծիքի ազատ արտահայտման, սոցիալական ցանցերում մասնավոր էջի եւ դրանում զետեղված նյութերի սահմանափակմանն ուղղված հարցերի մասին:

Հայցվոր Դանիել Իոանիսյանն ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր ասաց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեկ ազգ» կուսակցության էջում արվել են վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ, վիրավորանքներ, որոնք նսեմացրել են իրենց պատիվը եւ արժանապատվությունը: Պատասխանողը պնդեց, որ տվյալ էջը «ֆեյսբուքում» հայտնի է որպես աֆորիզմների էջ, ապաքաղաքական բնույթի է եւ, որ վիճարկվող հրապարակումը էջի վերահսկիչ Կարապետ Թումանյանինն է: Ի դեպ, այսօր դատարան էր ներկայացել նաեւ Կարապետ Թումանյանը, որը սակայն չներգրավվեց որպես պատասխանող:Պարզվեց, որ նա 4 տարի սովորել է Դանիել Իոանիսյանի հետ:

Գոռ Թամազյանն ասաց, որ ինքը չի պատասխանի Կարապետ Թումանյանի փոխարեն, ով մասնավոր էջում իր տեսակետն է արտահայտել: Գոռ Թամազյանը նշեց, որ իրենք դեմ են համասեռամոլության, աղանդների տարածմանը, Հայ առաքելական եկեղեցուն հեգնելուն եւ մեր արժեհամակարգի դեմ ոտնձգություններին եւ հայտնեց, որ հայցվոր կողմը քողարկվելով «մարդու իրավունքների» անվան տակ, կոսմոպոլիտ է եւ արեւմտյան արժեքներ է դավանում: Դանիել Իոանիսյանը կրկնեց, թե ինչից է վիրավորվել. «անբարո բարքերի տուրք տվող, այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չի» արտահայտությունները: Նա ասաց, որ ինքը ազգությամբ հայ է եւ «որեւէ տեղ խեղկատակ չեմ աշխատել»: Նա ասաց, որ ինքը հասարակական գործունեություն է տարածում եւ «խեղկատակ» բառը նսեմացնում է իր գործունեությունը: Գոռ Թամազյանը հեգնեց.«Ինչ անեմ, մասնավոր խեղկատակ չի լինում»:

 

Բայանդուր Պողոսյանին էլ փորձեց հարցի միջոցով ճշտել, թե ինչ է նկատի ունեցել «մեկ Ազգը», երբ գրել է.«Լեւոնական երիտթեւի գաղափարական վիժվածքը, որն առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը»: Սատանիստ Բայանդուրն էլ հիշեց բիոսեքսուալ իրեն անվանելու պատմությունը, սակայն Գոռ Թամազյանն ընդհատեց, ասելով, որ այն կապ չունի հայցի հետ:

Դատավորը հարցրեց, թե կհաշտվե՞ն կողմերն իրար հետ: Գոռ Թամազյանն ասաց, որ սատանիստի  հետ ինքը չի կարող հաշտվել, իսկ Իոանիսյանն էլ եզրափակեց. «Ցավոք, այս վեճը ներկայացվում է որպես գաղափարական վեճ: Ես կրոնական հարթության վրա տարաձայնություններ չունեմ, ինքս ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ:Բայց պատրաստ եմ հաշտվել, եթե Գոռ Թամազյանը ներողություն խնդրի»:

Դատական նիստին հետեում էին նաեւ հոգեւորականներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930