Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեկնարկած միասնական քննությունների առիթով, այսօր Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի բակը մարդաշատ էր:
Ծնողներից ոմանք բակում էին սպասում, մի մասն էլ դպրոցում օնլայն հետեւում էր քննությունների ընթացքին:
«Անհանգստանում ենք, իհարկե, պատասխանատու փուլ է մեր երեխաների համար»,-ասում է քննություններին հետեւող մի կին` փորձելով էկրանի այն կողմում գտնել իր դստերը:
Կարդացեք նաև
Նրանք իրենց անհանգստությունները հնարավորություն ունեցան կիսելու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով քննությունների ընթացքին ծանոթանալու համար այցելել էր դպրոց:
«Ինձ էլ էր շատ հետաքրքիր միասնական քննությունների ընթացքը: Ինչպես տեսանք, այն անցնում է կազմակերպված, բարձր մակարդակով»,-ասաց մարզպետը:
Քննական կենտրոնի ղեկավար Էմիլ Հարությունյանի դիտարկմամբ, թե դիմորդների, թե ծնողների համար ստեղծված են նորմալ պայմաններ` քննությունները անցկացնելու համար:
Այսօրվա՝ թվով 246 դիմորդից, կենսաբանության քննությանը մասնակցում էր 141-ը, աշխարհագրությանը` 20 երեխա, 85 դիմորդ էլ իր ուժերն էր փորձում ընդհանուր պատմություն առարկայից:
«Ունենք նաեւ 18 բացակա. կենսաբանությունից` 14, ընդհանուր պատմությունից էլ 4»,- տեղեկացրեց Էմիլ Հարությունյանը` նշելով, որ այս տարվա քննություններին առաջին անգամ տարիքով մեծ շրջանավարտներ ունեն, ովքեր տարբերվում են իրենց հասունությամբ ու լրջությամբ են մոտենում քննություններին:
«Նախորդ տարիների շրջանավարտների հետ համեմատած` ավելի հասուն են, շատ ավելի լուրջ, կենտրոնացած, ավելի ուշադիր եւ կոնկրետ են աշխատում»:
Քննական կենտրոնի ղեկավարի խոսքերով, այս տարի հայոց լեզու առարկայից 600 հոգի ավելի դիմորդ կա:
«Համեմատած անցած տարվա հետ` այս տարի ավելացել են»,-նշում է Էմիլ Հարությունյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր