Այսօր Սիրահարների այգում տեղի ունեցավ «Նայենք աշխարհին մեր աչքերով» խորագիրն ունեցող լուսանկարների ցուցահանդեսը: Կազմակերպել էր «Հույսի կամուրջ» կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Լուսանկարների հեղինակները Երևանի ու Տավուշի մարզի տարբեր համայնքների դպրոցականներ են: «Հույսի կամուրջ» կազմակերպության` «Արեւածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանն ասում է` նպատակը մեկն է` երեխաների աչքերով ցույց տալ, թե ինչ են նրանք տեսնում իրենց դպրոցներում, ընկերների շրջապատում, իրենց համայնքում ու քաղաքում, ինչի մասին են մտահոգված. «Մենք նաեւ մրցույթ էինք հայտարարել «Իմ ընկերը» խորագրով, նաեւ մրցույթի մասնակիցներն են ներկսյսցրել աշխատանքներ: Սա երեխաների համար եւս մեկ հնարավորություն էր արտահայտվելու, որովհետեւ մենք միշտ կարեւորել ենք նրանց»:
Ցուցահանդեսն ուղղված էր բոլորին, քանի որ հնարավոր է` մյուսների համար կարեւորություն չներկայացնող խնդիրը երեխաների համար էական է: Զարուհին ցանկանում է, որ նրանք որքան կարող են ոգեւորվեն. «Իրականում բոլոր երեխաներն էլ տաղանդավոր ու շնորհալի են: Ամենալավ աշխատանքը երեխայի արված խզբզոցն է»:
Մասնակցության համար ոչ-մի չափանիշ դրված չի եղել: Նրանք եղել են «Հույսի կամուրջի» լրագրողական ակումբի սաները, ովքեր իրենց առաջին քայլերն են անում` սովորում են նկարել, ինչպես բռնել տեսախցիկը եւ այլն:
Հովսեփյան Մուշեղը նույնպես այնտեղի սան է: Ցուցահանդեսին ներկայցրել էր իր նկարները: Նկարել է իրեն շրջապատող կենդանիներին ու դպրոցական կյանքը: Ասում է՝ իր աշխատանքները նաեւ խնդիր են բարձրացնում. «Կան դպրոցների նկարներ, որոնք վատ վիճակում են գտնվում: Սա կոչ է, որ վերանորոգեն դրանք»:
Արամ Արարատյան