Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զատուլինի դերը ծայրահեղ հայտարարություններ կատարե՞լն է

Հունիս 01,2012 17:17

Aravot.am-ը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել Կոնստանտին Զատուլինի՝ օրեր առաջ կատարած այն հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂՀ հարցի կարգավորումը փակուղուց դուրս չի էլ եկել: Կ. Մանոյանը նկատեց. «Այն առումով, որ հարցը չի կարգավորվել և կարգավորման գործընթացում կողմերի կեցվածքների մեջ հստակ փոփոխություն չկա, այս իմաստով կարելի է ասել փակուղի: Սակայն դա չի նշանակում, որ մենք այլ քայլեր պիտի չձեռնարկենք: Ընդհակառակը, պետք է  քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման առումով, բանակցային գործընթացում ավելացնել ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը: Ուստի ասել, որ  բանակցությունները ոչ մի դրական արդյունք չեն տվել, ճիշտ չէ, քանի որ կարծում եմ՝ 1994-ից ի վեր պատերազմի տեղի չունենալը բանակցությունների հետևանքն է նաև»:

Կ.Մանոյանը Զատուլինի հայտարարության մեջ ենթատեքստ չի տեսնում և նշում է. «Վստահ չեմ, որ Զատուլինի հայտարարություններն անպայման ենթատեքստ ունեն: Տպավորությունս այն է, որ նա ծայրահեղ հնչող հայտարարություններ անելու պարտականություն ունի, բայց դա չի նշանակում, որ նրա հայտարարությունները  ՌԴ իշխանության կեցվածքի արտահայտությունն են: Ուղղակի ՌԴ իշխանություններն ուզում են ՆԱՏՕ-ի և մի քանի այլ հարցերի կապակցությամբ ծայրահեղ հայտարարություններ հնչեցնել, բայց դա չի նշանակում, որ իրենք այդ կարծիքին են»:

Իսկ Զատուլինի այն հայտարարության մասին, թե անգամ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչ եք պահանջում ՌԴ-ից, պարոն Մանոյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա ՌԴ իշխանության կեցվածքին հարազատ արտահայտություն է, բայց ուզել են նաև այդ տեսակետը հնչեցնել: Իրականում, եթե աշխարհում քառասուն պետություն ԼՂՀ-ի հետ ունենա այն հարաբերությունները,  որ ունի ՀՀ-ն, ապա ԼՂՀ միջազգային ճանաչումը երաշխավորված է: Ճիշտ չէ նաև ասել, որ ՀՀ-ն լրիվ ճանաչել  է ԼՂՀ  անկախությունը, քանի որ իրականում ինչ-որ տեղ տակավին կան քայլեր, որ ՀՀ-ն դեռ կարող է անել, չնայած նման քայլերը կհակասեն ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ անկախության մասին հռչակագրում խոսվում է միացման որոշման մասին: ՌԴ իշխանություններն ուզեցին  ինչ-որ բան ասել մեզ հրապարակավ, ասեցին, բայց թող Ռուսաստանը մեր չափ ճանաչի,  ոչինչ,  շատ ճանապարհ կկտրենք, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը չի կարող պատանդ պահել այս բանակցությունները»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930