Միասնական շտաբում «քավորը»` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, պարբերաբար աստվածացնում էր ԲՀԿ-ին, նրա ղեկավարին, լրագրողների բերանները «փակում», երբ տրակտորներից հարց էին տալիս, իսկ Գագիկ Ծառուկյանի մասին խոսում էր ընդգծված պաշտամունքով: Մանդատը չստանալուց հետո այդ ամենն անհետացել է: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, երբ հիշեցրինք ԲՀԿ-ին իր աստվածացնելու մասին` Հմայակ Հովհանիսյանը չհամաձայնվեց. «Ընդհակառակը, գրել էին, որ ես ասել եմ` Գագիկ Ծառուկյանն Աստված չի, դրա համար նա իմ վրա ջղայնացել էր: Չնայած դրանք ասեկոսեներ են, ես նման արտահայտություն ինձ թույլ չեմ տվել, որովհետեւ ես աստվածապաշտ մարդ եմ, ես ընդհանրապես որեւէ մահկանացուի Աստծո հետ չեմ համեմատում: Դա աստվածապաշտ մարդու համար անընդունելի է»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի անունը տալուց դողալուն` պարոն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ. «Ես թիմի անդամ եմ, ես պարկեշտ մարդ եմ: Ես եթե համաձայնվել եմ այդ թիմում ընդգրկվեմ, ես պետք է անպայման այդ թիմին օգուտ բերեմ, դա պարկեշտության չափանիշ է: Ես եթե աշխատում եմ, բոլոր տեղերում, որտեղ ես համագործակցել եմ քաղաքական բոլոր թիմերի հետ, ում հետ համագործակցել եմ, ես դրանց օգուտ եմ բերել, շա~տ մեծ օգուտ եմ բերել»: Մեր հարցին` հիմա Ձեր օգուտը ո՞րն է եղել ԲՀԿ-ին` Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Պլյուս 15 %: Որովհետեւ հիշո՞ւմ եք, երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, մինչեւ 2008-ի ընտրությունները 10 ամիս կար: 10 ամսվա ընթացքում չկարողացավ իր համար ձեւավորել ընդդիմադիրի իմիջ: Դա շատ դժվար բան է: Ես հիմա 2 ամսվա ընթացքում արեցի այն, ինչը Դաշնակցությանը չհաջողվեց»: Հարցին` գոնե շնորհակալություն հայտնեցի՞ն Ձեր «ներդրած» 15 % ձայնի համար` նա պատասխանեց. «Գիտեք, ես, երբ իմ մասնագիտական գործն անում եմ եւ որակով եմ անում, հանրությունը տեսնում է` դա ամենամեծ շնորհակալությունն է: Այ երբ որ ընդունում եք, թե ես ինչ ուժեղ պոլիտոլոգ եմ, դա է իմ շնորհակալությունը»:
Մենք հիշեցրինք` Դուք մինչ ԲՀԿ ցուցակում հայտնվելը պարբերաբար հայտարարում էիք, որ երբ Գագիկ Ծառուկյանը հրավիրի` կգնամ, Դուք ուզում էիք մտնել ԲՀԿ ցուցակ` նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը 5 տարի է` ինձ հրավիրում է: Ասում էր` 5-րդ տեղը բրոնյա ա, կուզենաս` կհամաձայնվես, չես ուզենա` չես համաձայնվի, բայց իմացի, որ ես քեզ հրավիրել եմ»: Մեր հարցին` բա ի՞նչ եղավ, որ դուք ուզում էիք, նա հրավիրում էր, բայց չկաք ԱԺ-ում` նա պատասխանեց. «Մավրը արեց իր գործը, մավրը համարում է, որ մանդատը չի, որ իրեն պետք է գեղեցկացնի: Մավրն ուզում է լինել ժողովրդի կողքին, դրա համար հեռացավ այդ ճահիճից»: Մավրը, Հ. Հովհաննիսյանն է: Մեր հարցին` եթե ճահիճ էր, ինչի՞ էիք ուզում հայտնվել այդ ճահճում` նա պատասխանեց, որ չգիտեր, որ պիտի ճահիճ դառնար. «ԱԺ-ի միակ փոփոխությունն այն է, որ եկել են Վարդան Օսկանյանը եւ ՀԱԿ-ը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը` միասնական շտաբում ՀԱԿ-ի հետ ջան-ջան էիք խաղում, իսկ այսօր ասում եք ՀԱԿ-ը «պաս» է` Հմայակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Չէ, ջան-ջան չէի ասում: Իրականում ես համաձայն չեմ, որ ցանկացած քաղաքական ուժ իր հեռանկարները խարսխում է ոչ թե իր սեփական անելիքների վրա, այլ` մյուս ուժերի միջեւ եղած փոխհարաբերությունների»: Հմայակ Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ սեպ խրել. «Ես չէի ասի, որ դա հաջողվեց անել Լեւո’ն Տեր-Պետրոսյանին: Դա հաջողվեց անել մեկ ուրիշի, դե գնացեք, մտածեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ