Այսօրվանից «Աշտարակ կաթ» ընկերությունը 10 դրամով էժանացրել է գյուղացիներից ձեռք բերվող կաթի արժեքը` 120 դրամի փոխարեն, մեկ լիտրի դիմաց վճարելով 110 դրամ: Այս մասին Aravot.am-ին դժգոհեցին Աշոցքի շրջանի մի խումբ գյուղացիներ`բորբոքվելով, որ վարչապետը սխալ կարգախոս է ընտրել. ոչ թե դեմքով շուռ է եկել դեպի գյուղացին, այլ դեմքն է շուռ տվել գյուղացուց:
«Միայն Հանրապետական կուսակցությունն էր, որ ասեց ու արեց, մարդիկ ասին` «Հավատանք, որ փոխենք», իրոք փոխեցին, ընտրություններից մի ամիս չանցած` մայիսի 20-ից, կաթի գինը փոխեցին դարձրեցին 110 դրամ: Հո էսպես չի՞ կարելի, ամբողջ երկիրը 5-6 օլիգարխի ձեռքում է, ո՞վ է տեսել գյուղացին արյուն թափի, շատ տանջանքով կաթ ստեղծի, «Աշտարակ կաթն» էլ գա ու գին թելադրի: Կաթնարտադրությամբ զբաղվող մյուս բոլոր ընկերություններին ևս «Աշտարակ կաթն» է գին թելադրում, վստահ եմ, որ ուղիղ մեկ շաբաթ հետո «Իգիթն» էլ կաթի գինը կէժանացնի: Տեսնում են ձայն հանող չկա, գյուղացուն պաշտպան կանգնող չկա, տերն ո՞վ է , ինչ ուզում, էն էլ անում են: Վաղը «Աշտարակ կաթի» տերը քնից կելնի ու կորոշի, որ կաթը գյուղացուց 60 դրամով է ձեռք բերելու, չեն հասկանո՞ւմ, որ սրանով գյուղերն են դատարկում: Ես անձամբ իմ կողմից խոստանում եմ, եթե այս հարցը լուծում չգտավ, իմ համագյուղացիների հետ կովերս կտանեմ ցուցադրաբար կմորթեմ՝ Սերժ ու Սաշիկ Սարգսյան եղբայրների ոտքերի տակ, կաթն էլ կթափեմ Բաղրամյան 26-ի շենքի առաջ: Իրենց թվում է Հոլանդիայում, Բելգիայում կարող են նման բողոքի ակցիա անցկացնել, Հայաստանում չենք կարո՞ղ: Գյուղերն են դատարկում, թող մարդավայել կանգեն, ասեն, թողեք հեռացեք, մենք էլ անասուններին կմորթենք, տոմսներս կառնենք ու կգնանք»,- զայրացած ասաց գյուղացիներից մեկը:
Նրանք այսօր պատվիրակություն են ուղարկել Շիրակի մարզպետարան, մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ նրանց իր հերթին ուղարկել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի մոտ, որը խոստացել է հենց այսօր կապվել տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի հետ, նրանց հրավիրել Շիրակի մարզ ու հարցը քննարկել: «Մեզ մարզպետարանից ասում են, թե այդ հանձնաժողովը 100 հազար տուգանել է կաթ արտադրող ընկերություններից մեկին: Ի՞նչ անեմ տուգանել է, դա հարցի լուծու՞մ է, ասենք թե տուգանեց, սա էլ հարկերը քիչ մուծեց պետությանը, թոշակառուների թոշակն էլ ձգձգեցին, օգուտս ո՞րն է , թող ելք գտնեն»:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակիցների, կաթնարտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներին երբ հարցնես ինչո՞ւ եք այսքան էժան գին առաջարկում, պատճառաբանում են, թե Սերժի ախպեր Սաշիկը Ուկրաինայից կաթի փոշի է բերում, իրենք ստիպված գնում են, դրա համար էլ այժմ հարկադրված են գյուղացուց գնվող կաթի գինն էժանացնել: «Սերժի ախպորը մատի փաթաթան են սարքել, արդեն հոգնանք նույն հեքիաթը լսելուց: Հիմա մի հաշվարկ ձեզ ներկայացնեմ` համոզվեք, թե ինչ գերշահույթ են ստանում մեր հաշվին. 7 լիտր կաթից 1 կգ պանիր են ստանում, այսինքն՝ 770 դրամ տալով կաթի դիմաց, իրենք պանիրը խանութներում վաճառում են 1900 դրամով, թող 130 դրամ էլ ծախս անի էդ պանիրը պատրաստելու վրա, եղավ, որ մեր հաշվին հարստանում են, մեր կաթն էլ տանում փաթեթավորում ու վաճառում են 350 դրամով, իսկ մենք իրենց 4 տոկոս յուղայնությամբ կաթ ենք տալիս: Վերջն ի՞նչ պիտի լինի, Աշո՞ցքն են դատարկում, գյուղերում մի քանի հոգի են մնացել, հարկադրում են, որ մարդիկ կովերը մորթեն, տոմս գնեն ու հեռանա՞ն»,- հարցնում են գյուղացիները:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն բողոքով մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղի գյուղապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ