«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում է կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում քրեական գործի հարուցումը մերժելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի որոշումը:
Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:
Վերոնշյալ հանգամանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելը եւ առիթի օրինականությունը ստուգելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել:
Կարդացեք նաև
Նախապատրաստված նյութերի համաձայն` երթի մասնակիցներից ոչ մեկի արարքում հանցակազմ չի հայտնաբերվել, եւ այն բացակայելու հիմքով, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ երթի մասնակիցների կողմից դիտավորությունն ուղղված չի եղել հասարակական կարգը խախտելու, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորվել, կազմակերպիչների եւ մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելու, եւ հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է խաղաղ երթ, նախաքննական մարմինը մերժել է քրգործ հարուցել:
Հակառակ սրան` դատարանում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը պնդում է, որ առկա են քրեական գործ հարուցելու եւ հիմքը, եւ օրինական առիթը:
Նա նշում է, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը օրենքի խախտմամբ է կազմվել` առանց կանոնների պահպանման, ինչի արդյունքում ենթադրյալ կատարողները մուտք-ելքի միջոցով ամբողջությամբ կորցրել են հետքերը:
«Անհետացել են այն հետքերը, որոնք ոստիկանները կարող էին վերցնել»,-ասում է նա:
Հակադարձելով քննիչ Օսյանի` հանցակազմի բացակայության փաստարկներին` Կարեն Թումանյանը բացատրում է, որ քննիչը պարտավոր էր հարուցել քրեական գործ, բերեր օրենքով թույլատրելի եւ վերաբերելի ապացույցներ, քննության առներ բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրին առանձին-առանձին, այնուհետեւ ամբողջին տար իրավական գնահատական:
«Քննիչը նշել է, որ ապակիները կոտրել է Մարգարիտա Խաչատրյանը, տվյալ փաստը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ոստիկանության՝ տրամադրված տեսաձայնագրությունից երեւում է, որ քարը դեպի կազմակերպության գրասենյակի աջ պատուհանը խփում է սպիտակ շորերով արական սեռի մի երիտասարդ, ով, ըստ նյութերի, եւս բացատրություն չի տվել»:
«Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել այն, որ նյութերով չպարզված անձը վնասել է կազմակերպության` ընդհանուր 17.000 դրամ արժողության հեռակառավարման վահանակի հենակը, պաստառը, սակայն քանի որ ՀՔԱՎ-ի ոչնչացված եւ վնասված ամբողջ գույքի ընդհանուր արժեքը չի գերազանցում օրենքով նախատեսված զգալի չափերը` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը, ուստի նախաքննական մարմինը գտել է, որ այս դեպքում եւս հանցակազմ չկա»:
«Առանց կազմակերպության պատկանող մյուս գույքը ոչնչացնող անձի հայտնաբերման, այդ անձին չպարզած, նրա դիտավորությունը չճշտած`նախաքննական մարմինը գտել է, որ նրա արարքում հանցակազմի բացակայություն կա»,-նշում է փաստաբանը`բացատրելով, որ դա օրենքի խախտում է:
Ըստ նրա` նախապատրաստած նյութերով քննության առարկա չեն դարձել մի շարք հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են գործի քննության համար:
«Անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Այս դեպքում խուլիգանության հանգամանքը պետք է պարզվեր քրեական գործ հարուցելուց հետո, այլ ոչ թե մինչեւ քրեական գործ հարուցելը»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ