Այսօր «Գոլդեն թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը խոսեցին փառատոնի արտամրցութային ծրագրերից՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հարգանքի տուրք» եւ «Հետահայաց ցուցադրություններ»: «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում, ի թիվս այլ ֆիլմերի, ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները», որ Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր 2011-ին, այս տարվա «Օսկարի» հինգ նոմինանտներից՝ Ագնեշկա Հոլանդի «Խավարումը», Ֆրանսիս Ֆորդ Կոպոլլայի «Միջեւը» եւ այլն:
Խոսելով Ագնեշկա Հոլանդի մասին, պարոն Ստամբոլցյանը նշեց, որ դա այն ռեժիսորն է, որն ավարտել է ոչ թե լեհական հայտնի Լոձի դպրոցը, այլ սովորել Պրագայում, եւ ավելի շատ ինտերնացիոնալ ռեժիսոր է, որը կրում է, այսպես ասած, «չեխական գարնան» ազդեցությունը: Ավելին, նա արվեստագետ է, որը կարողացել է հարմարվել Հոլիվուդում աշխատելուն:
Ռուսական կինոյի ամենաանկախ ռեժիսորներից մեկի՝ Վադիմ Աբդրաշիտովի մասին էլ Ստամբոլցյանն ասաց, որ նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից՝ Կինոյի վարպետ մրցանակի կարժանանա: Ինչ վերաբերում է ռուսական եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Սոկուրովին, որին Եվրոպական կինոակադեմիան դասում է համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորների թվում, նա էլ մի նոր պարգեւ կստանա Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ՝ հոգեւոր արժեքներին դավանելու համար:
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են գնում Կաննի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը Հայաստան բերելու ուղղությամբ:
«Ոսկե ծիրանի» այս տարվա բոլոր, նաեւ արտամրցութային ծրագրերը հարուստ են ու գրավիչ, ինչ վերաբերում է «Հարգանքի տուրքին», վերջինիս շրջանակներում կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի եւ Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ