Այսօր հրավիրած ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հարցին` Քոչարյանին կհաջողվի՞ նույն խաղաքարտը խաղացնել՝ հաշվի առնելով, որ նրան ժողովուրդը տեսել է, ճանաչում է՝ պատասխանեց, որ «ասում են՝ մարդու բջիջները փոխվում են յուրաքանչյուր օր»: Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից փորձեց ճշտել` այսինքն մտածում եք, որ նա այս տարիների ընթացքում փոխվա՞ծ պիտի լինի: Նա պատասխանեց. «Դա բոլորին է վերաբերում, բոլորն էլ փոխվում են: Բայց վերաբերմունքը չի փոխվում, վերաբերմունքը շատ կարծր է: Երբ ձեւավորվում է քաղաքական գործչի համար մի պատկեր, մի իմիջ, այդ իմիջը շատ դժվար է ենթարկվում մոդիֆիկացիայի»:
Մեր հարցին` Դուք քաղաքագետ եք, Ռոբերտ Քոչարյանի իմիջը լա՞վն է, թե՞ վատն է, ո՞նց եք գնահատում` Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ եմ մնում նման գնահատականից, դուք հռետորական հարցեր մի տվեք: Բայց միաժամանակ կա ժամանակի գործոնը, կյանքի որակի վատթարացման գործոնը եւ եթե նա վերադառնա ակտիվ քաղաքականություն` հարց է, թե ինչպես նա կներկայանա ու ինչպես դա կընդունվի հասարակության կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ