Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հաշվեհարդարը հասել է գագաթնակետին

Հունիս 01,2012 16:04

«Առավոտ» թերթի 2012թ.-ի ապրիլի 18-ի համարում լույս է տեսել «Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ իմ նկատմամբ ձեռնարկված տմարդի վերաբերմունքի մասին» հոդվածը, որտեղ նշել էի, որ ապրիլի 11-ին Սյունիքի մարզպետի կնոջ եղբոր՝ Մելիք Բարսեղյանի գլխավորությամբ, մի խումբ ոստիկանների աջակցությամբ, իսկ ապրիլի 14-ին՝ նույն կազմով, քաղաքապետարանի բարեկարգման և աղբահանության տեղամասի պետ Ս. Գևորգյանի գլխավորությամբ, մի խումբ բանվորների մասնակցությամբ՝ զինված քաղաքապետի անձնական բուլդոզերով, պաշարել են մեր բնակելի շենքը և մեկ տարի առաջ Գորիսի չինովնիկների կողմից անօրեն միջոցներով զավթած իմ հողատարածքը և, առանց մեր ընտանիքի անդամներից որևիցե մեկին տեղյակ պահելու, ապօրինաբար և բարբարոսաբար ջարդել հողատարածքի դուռը, ցաքուցրիվ արել շուրջ 60 մ երկարությամբ մետաղյա ցանկապատեր, շուրջ 30 մ երկարությամբ բետոնապատված հատվածը`իր երկաթյա հենակներով, արմատախիլ արել շուրջ 14 հատ պտղատու ծառեր և տասնյակ թփուտավոր ծառատեսակներ:

Վայրագությունները դադարեցնելու, սեփականությունս հանդիսացող գույքի, ծառերի և այլ նյութերի նկատմամբ անձեռնմխելիությունը ոտնահարելու, մեղավոր անձնավորություններին պատասխանատվության ենթարկելու համար անմիջապես դիմել եմ ՀՀ և Գորիսի ոստիկանապետերին և Գորիսի դատախազությանը, սակայն վերջիններիս ջանքերը նպատակաուղղված են եղել ոչ թե «բարբարոս» օպերացիան կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելուն, այլ ընդհակառակը՝ գործը կոծկելուն:

Վերը նշված ահաբեկչության և զոռբայության մասնակիցները, ապավինելով իրենց տերերի նկատմամբ ձևավորված անպատժելիության մթնոլորտին, ս.թ. մայիսի 16-ին դարձյալ գաղտագողի, մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 3-րդ անգամ իմ տնամերձ հողատարածք են ներխուժել ոստիկանության տեղամասային տեսուչ Է. Էլյազյանի և Սյունիքի մարզպետի կնոջ եղբայր Մ. Բարսեղյանի գլխավորությամբ, շինարարական բրիգադի անդամների մասնակցությամբ, զինված սղոցներով, բահերով ու քլունգներով` սղոցել, կտրտել և ճյուղաթափ են արել 12 հատ պտղատու, բերքով բեռնավորված ծառեր, տասնյակ թփուտավոր բերքատու ծառատեսակներ և սկսել հողատարածքի պարսպի և դղյակի կառուցման հիմքային մասի փորման աշխատանքները, այն դեպքում, երբ ապօրինի, քանդարար բարբարոսները իրենց ձեռքի տակ ունեցել են ՀՀ վարչական դատարանի 2012թ.-ի մայիսի 7-ի՝ հողամասի վրա շինարարություն անելը և օտարելը արգելելու մասին որոշումը: Այդքանից հետո էլ, առ այսօր բարբարոսների անօրեն գործողությունները շարունակվում են, իսկ այն դադարեցնելու նպատակով ոստիկանության աշխատողների ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս:

Այսպիսով իրականացվում է Գորիսի մաֆիոզ, կեղծարար, հակաժողովրդական աշխատաոճով առաջնորդվող չինովնիկների փափագած նպատակը՝ իմ հողատարածքը վերածելու «անհայտ, անօգտագործելի տարածք» կարգավիճակի՝ այսինքն՝ այն բերելու քաղաքապետարանի կողմից զավթման պահին կեղծած փաստաթղթերով արձանագրված կարգավիճակին` ստեղծելով «թամաշա», և դրանով արժանանալով հարևանների, անցորդների և դեպքի վայրում հավաքված բազմաթիվ քաղաքացիների զայրույթին, ատելությանը ու ցասումին:

 

Մարտին Մայսուրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930