Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ

Հունիս 01,2012 15:45

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասներկուերորդ

ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ

Չնայած Սադոյան Արշակը ժամանակ առ ժամանակ մյուսներիս մեկ առ մեկ նկատողություն է անում՝ «կամաց գոռա. հարեւանները բողոքում են», այդուհանդերձ, ինքը մյուսներիցս ավելի ուժեղ է աղմկում ու աղաղակում, բայց մենք իրեն նկատողություն չենք անում՝ մի քանի հասկանալի պատճառներով. պատճառ առաջին՝ իր սեփական կուսակցության գրասենյակն է. կուզի կգոռգոռա, չի ուզի՝ չի գոռգոռա, պատճառ երկրորդ՝ իր հարեւաններն էդ գոռգոռոցների համար իրեն են բողոքելու, ոչ թե՝ մեզ, պատճառ երրորդ՝ եթե նույն Սադոյան Արշակի աղմուկն ու աղաղակը ժողովուրդն ու բոլորը շուրջ տասը տարի հանդուրժում էին, մենք ինչու չպիտի հանդուրժենք, մանավանդ որ՝ հիմա ինքը ոչ թե փողոցներում ու Ազգային ժողովի դահլիճում է աղմկում ու աղաղակում, այլ՝ իր սեփական կուսակցության գրասենյակում, եւ, որ ամենակարեւորն է, իր աղմուկով ու աղաղակով ոչ հասարակության անդորրն է խաթարում եւ ոչ էլ՝ իշխանություններինը, այլ ընդամենը՝ իր հարեւաններինը, որոնք, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ դժգոհում ու բողոքում են, բայցեւ փորձում են ըմբռնումով մոտենալ, որովհետեւ բոլորիս պես իրենք էլ անաղմուկ Սադոյան երբեւէ չեն տեսել ու չեն  պատկերացնում, եւ, դրանից էլ բացի, մշտապես բողոքելով հանդերձ, Արշակի էդ հարեւաններն, ըստ ամենայնի, իրենց հոգիների խորքերում լավ էլ գոհ են, որ Արշակը հատկապես իրենց շենքում եւ իրենց մուտքում է գրասենյակ վարձել, եւ չնայած Սադոյան Արշակի ներկայիս քաղաքական ու հասարակական գործունեությունն արդեն իրենց էլ չի գոհացնում ու հետաքրքրում, այդուհանդերձ, իրենք Արշակի մասին հիմնականում լավը հիշելով ու մտաբերելով՝ հնարավորինս հանդուրժում են Սադոյան Արշակի ներկայիս լոկալ աղմուկն ու աղաղակը, գումարած՝ Հարությունյան Հայկունունն ու մերը, եւ, որ ամենակարեւորն է, Արշակն ինքն է մյուսներիս ճվճվոցներն ու ղժղժոցները հանդուրժում, եւ չնայած ժամանակ առ ժամանակ մեզ նկատողություն ու դիտողություն է անում, իրականում շատ էլ գոհ է, որ ժամանակ առ ժամանակ իր կուսակցության գրասենյակում հավաքվում ու ահավոր աղմուկ ենք բարձրացնում, որովհետեւ Արշակը ոչ միայն զգում, այլեւ շատ լավ հասկանում է, որ քաղաքական գործչի մահը լռությունն է, ու էդ է պատճառը, որ Արշակին ամենից շատ հենց լռությունն է վախեցնում ու սարսափեցնում, եւ, դրանից էլ բացի, Արշակն իր էությամբ ու բնությամբ է վիճող ու բանավիճող, եւ նախքան քաղաքական գործիչ դառնալն էր էդպիսին. ամենուր ու ամեն քայլափոխի առիթ ու պատճառ էր փնտրում, որպեսզի վիճեր ու բանավիճեր, եւ ութսունութի Շարժումից առաջ՝ օրերից մի օր, երբ «Պապլավոկում» նստած սուրճ էինք խմոմ, ինքն ինձ ասաց՝ «մի բան ասա՝ վիճենք», եւ ես զարմացած ասացի՝ «դու ասա», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «Դիլիջանի անտառներում քանի՞ հատ կոկորդիլոս կըլնի», եւ առ էսօր Արշակի էդ հարցը շատերն են հիշում, որովհետեւ ինքն էդ հարցը շատերին է տվել, ու հիմա Արշակի մասին էսքան ազատ ու անկաշկանդ եմ արտահայտվում ու գրում, որովհետեւ հիմա ինքը մազութի տարիների ժողովրդականությունը չունի, եւ հիմա իր մասին կարելի է էսպես ազատորեն ողջ  ճշմարտությունն ասել՝ առանց վախենալու, որ հանկարծ ժողովրդի միջից մեկնումեկը կհարձակվի վրադ ու կսկսի բռունցքներով Արշակին պաշտպանել քեզանից, եւ սա էլ օդից չեմ ասում, որովհետեւ էդպիսի դեպք իրոք պատահել է, ընդ որում՝ ոչ թե անձամբ ինձ հետ է պատահել, այլ Արշակի ասպիրանտական ու հանրակացարանային ընկեր Արիկի հետ՝ ութսունութի  Շարժման ամենաեռուն օրերին. երբ Ազատության հրապարակում խմբված մարդկանց Արշակի համալսարանական, ասպիրանտական ու հանրակացարանային ընկեր Մալխասյան Արիկը փորձել էր Սադոյան Արշակի մասին իր անձնական կարծիքը հայտնել, ոչ մի կերպ չէր հաջողացրել էդ անել, որովհետեւ մոտակա զրուցակիցն Արշակի «Սահմանադրական խմբերի» ակտիվիստներից էր եղել, եւ հեղափոխության էդ առաջին տարիներն առնվազն իմ չափ հիշողները հաստատ կհիշեն նաեւ Արշակի էդ «Սահմանադրական խմբերի» գերակտիվ գործունեությունը, ու նաեւ կհիշեն, որ Արշակի էդ «Սահմանադրական խմբերի» հիմնական անելիքը հեղափոխության ու ժողովրդավարության հակառակորդների վնասազերծումն էր, եւ էդ վնասազերծումը հատկապես Հայոց առաջին ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ժամանակ էր կարեւոր ու էական, որովհետեւ կոմունիստներն իրենց ոտքերի տակի հողը կորցնելով՝ փորձում էին փրփուրներից կախվել, եւ փրփուրներն էլ դեպուտատական աթոռներն էին, եւ կոմունիստներից ամենաաննուն հեռատեսների վերջին գրոհն էդ աթոռների ուղղությամբ էր, եւ աննկուն հեռատեսներն էդ օրերին բավական շատ էին, եւ շատ հնարավոր էր՝ էդ աննկուն հեռատեսները զավթեին էն ժամանակ դեռեւս Գերագույն խորհուրդ կոչվող Ազգային ժողովի աթոռների կեսից ավելին, եթե, իհարկե, Արշակի ստեղծած ու ղեկավարած էդ «Սահմանադրական խմբերի» գերակտիվ ու գերարդյունավետ գործունեությունը չլիներ, եւ չնայած աննկուն հեռատեսներից Գագիկ Հարությունյանը, Խոսրովը,  Հրանուշն ու էլի մի քանիսն Արշակի ու «Սահմանադրական խմբերի» ուշադրությունից պլստալով՝ նաեւ Գերագույն խորհուրդ պլստացին, դրանք ընդամենը մի քանի անցանկալի բացառություններ էին, որոնք Արշակի ու «Սահմանադրական  խմբերի» ուշադրությունից պլստալով՝ ընդհանուր պատկերի վրա առանձնապես  չազդեցին, իսկ էդ ժամանակվա նախընտրական գլխավոր կարգախոսը, եթե հիշում եք, հետեւյալն էր՝ «թեկուզ պոլի փետ ըլնի, մենակ թե՝ ՀՀՇ-ից ըլնի», եւ ահա էդ հեղափոխական ու նախընտրական շրջանում պոլի փետերից էդ մեկն Ազատության հրապարակում իսկական պոլի փետի պես իջել էր Արշակի երեւանյան ուսանողական եւ մոսկովյան ասպիրանտական ու հանրակացարանային ընկեր Մալխասյան Արիկի ուղիղ գլխին, երբ վերջինս Ազատության հրապարակում հավաքվածներին փորձել էր բացատրել, որ Սադոյան Արշակն ամենեւին  էլ փրկիչ չի, եւ երբ դեպքից մի քանի րոպե անց Արիկն արնոտ քիթուբերանով հայտնվեց «Պապլավոկում» ու էդ դեպքը պատմեց, էդ պահից սկսած՝ մենք Արշակի մասին ամենայն զգուշությամբ էինք արտահայտվում, եւ հետագայում Արշակի մասին մեր իրական կարծիքը նույնիսկ ինքներս մեզնից էինք թաքցնում, եւ Արիկի հետ կապված էդ մի դեպքն էլ երեւի բավական է, որպեսզի Արշակի՝ էդ օրերի ժողովրդականությունը չիմացողներն ու չպատկերացնողներն էլ իմանան ու պատկերացնեն, որ ութսունութից սկսած՝ առնվազն տասը տարի Սադոյան Արշակը ժողովրդի սրտում ապրող անառարկելի ու անսակարկելի սեր ու հեղինակություն էր, եւ Արշակի մասին վատ արտահայտվելը լրջագույն հետեւանքներով էր հղի, եւ Արշակի հետ բոլորն էին հաշվի նստում, եւ Արշակից բոլորն էին զգուշանում՝  ներառյալ ավտոտեսուչները, եւ ոչ ոք հետը գլուխ չէր դնում, եւ երբ իր «Զրո յոթով» կարմիր լույսի տակով անցնում էր, եւ երբ ավտոտեսուչը կանգնեցնում էր, Արշակն իր ավտոմեքենայի լուսամուտից ընդամենը քիթն էր դուրս հանում, եւ ավտոտեսուչն Արշակին քթից ճանաչելով՝  անմիջապես տեղում ձգվում ու չեստ էր տալիս, այնուհետեւ ժպտալով ասում էր՝ «Ձեզ բարի ճանապարհ, պարոն Սադոյան», եւ հաճախ Արշակը դիտմամբ էր կարմիր լույսի տակով անցնում, որպեսզի պետավտոտեսուչները պատվի առնելով ու ժպտալով ասեին՝ «Ձեզ բարի ճանապարհ, պարոն Սադոյան», եւ հատկապես էդ տարիներին, երբ ինքն անառարկելի հեղինակություն էր, հատկապես էր ձգտում շփվել մեզ հետ, որովհետեւ Օրթախի գլխավորությամբ մենք միակն էինք, որ չէինք զգուշանում Սադոյան Արշակից, ու էս ասածս, իհարկե, հարաբերական իմաստ ունի, որովհետեւ Օրթախն ու մենք Արշակին հակառակվում էինք հիմնականում փակ տարածքներում՝ ժողովրդի աչքից ու պոլիփետերից որոշակի հեռավորության վրա, եւ Արշակն ըմբռնումով  եւ նույնիսկ հաճույքով էր թույլ տալիս, որ մենք ու մանավանդ Օրթախն իրեն հակառակվենք ու հակաճառենք, որովհետեւ ինքը փառքից, ժողովրդի սիրուց ու ժողովրդականությունից ավելի վեճերն ու ղալմաղալներն է սիրում, եւ չնայած էս ասածս մի քիչ անհավատալի է, բայցեւ անառարկելի փաստ է, եւ Սադոյան Արշակը փառքից ու ժողովրդի սիրուց հնարավորինս զրկվելով՝  հիմա բարեհաջող  գոյատեւում է եւ քաղաքի կենտրոնում էլ կուսակցական գրասենյակ ունի, որի դռան վրա չափազանց խոշոր տառերով գրված է ԱԺԴ, որն այլոց համար գուցեեւ ոչինչ չի նշանակում, բայց քաղաքականությամբ զբաղվողների համար նշանակում է Ազգային ժողովրդավարական դաշինք, եւ, ըստ ամենայնի, Արշակն իր քաղաքական նշանակությունը դեռեւս լիովին չի կորցրել, այլապես իր կուսակցության գրասենյակը դժվար թե գտնվեր  մայրաքաղաքի ամենակենտրոնում, ավելի ստույգ՝ Պոնչիկանոցի անմիջապես վերեւի հարկում, եւ չնայած իր էդ գրասենյակն էդքան երեւելի ու երեւացող  տեղում է գտնվում, ես մանավանդ  առաջին ամիսներին տեղը հաճախ էի շփոթում եւ միայն երկրորդ փորձից էի Արշակի գրասենյակը գտնում, որովհետեւ Պոնչիկանոցի կողմից իրարից չտարբերվող երկու մուտքեր կան, եւ եթե  աջ մուտքով մտնում ու բարձրանում ես երկրորդ հարկ, աջ կողմի դռան վրա չափազանց խոշոր տառերով գրված է ԱԺԴ, որը քաղաքականությամբ ու Արշակով զբաղվողներիս համար նշանակում է՝ Ազգային ժողովրդական դաշինք, իսկ ավելի ստույգ՝ Արշակի ժողովրդավարական դաշինք, բայց ճշմարտության ու իրականության դեմ չմեղանչելու համար պարտավոր եմ խոստովանել, որ Արշակի էդ, ուրեմն, ժողովրդական դաշինքը երկրորդ անդամ էլ ունի՝ Ակնոցավոր Կարենը, բայց նախքան Կարենին անդրադառնալս ասեմ, որ եթե շփոթվում ու Պոնչիկանոցի կողմից ձախ մուտքով մտնում ու բարձրանում եք երկրորդ հարկ, աջ կողմի դռան վրա ռուսերեն խոշոր տառերով գրված է  АДЛ, որի ոչ միայն նշանակությունն է ինձ անհայտ, այլեւ՝  գոյությունը, որովհետեւ արդեն մի քանի տարի է՝ էդ ցուցանակն աչքիս չի երեւում, քանի որ արդեն մի քանի տարի է՝ ես ոչ թե Պոնչիկանոցի կողմից եմ Արշակի գրասենյակ մտնում, այլ՝ բակի կողմից, եւ բակի կողմից անհնարին է մուտքը շփոթել, որովհետեւ բակի կողմից Արշակի գրասենյակի լուսամուտին նայում ու անմիջապես կողմնորոշվում ես, քանի որ բակի կողմի լուսամուտից միանգամից աչքի է զարնում Արշակի հանրահայտ Չորրորդ խոսափողը, որն Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգումից առաջ հանդիսավոր պայմաններում շնորհվել էր Արշակին, եւ երբ բակի կողմից նայում ես Արշակի գրասենյակի լուսամուտին, լուսամուտից միայն իր էդ սեփականաշնորհած Չորրորդ  խոսափողն է  երեւում, ու էդ Չորրորդ խոսափողը գլխիկոր ու խեղճ-խեղճ կարծես քեզ համեցեք է անում Արշակի գրասենյակ, եւ, որ ամենակարեւորն է, Արշակի էդ Չորրորդը ոչ միայն էն դեպքերում է երեւում ու համեցեք  անում, երբ Արշակի գրասենյակի լույսը վառվում է ու ներսում մարդ կա, ու էս հանգամանքը հավելյալ պատճառ է, որպեսզի մշտապես բակի կողմից գամ, որովհետեւ բակի կողմից գալով, Արշակի գրասենյակի լույսը հանգած տեսնելով ու լեգենդար Չորրորդ խոսափողն ընդհանրապես չտեսնելով՝ իզուր երկու հարկ չեմ բարձրանում, այլ Տերյանի բուքմեյքերականում մի կես ժամ մլուլ  տալուց հետո նորից վերադառնում եմ Արշակի գրասենյակ, ընդ որում՝ վերստին բակի կողմից, եւ Տերյանի բուքմեյքերականում կես ժամի չափ մլուլ տալուց հետո Արշակի գրասենյակ վերադառնալով՝ հաստատ Արշակի գրասենյակի լույսերը վառ եմ տեսնում, ու Չորրորդ խոսափողն էլ հյուրընկալորեն գլխիկով համեցեք  է անում, որովհետեւ Արշակը, ի տարբերություն Մերուժանի, ժամադրություններից ամենաշատը կես ժամ է ուշանում, բայց, ի տարբերություն Մերուժանի ու այլ ուշացողների, Արշակն ուշացողներից ամենաանտանելին է, որովհետեւ եթե Մերուժն ու այլ ուշացողները սովորական փողոցային կամ սրճարանային ժամադրություններից են էդքան ու ավելի ուշանում, Արշակն իր սեփական գրասենյակում ժամադրվելիս է շուրջ կես ժամ ուշանում, ու էս դեպքերում իմ վիճակը համեմատաբար տանելի է, քան՝ Օրթախինն ու օրթախականներինը, որովհետեւ, ի տարբերություն իրենց, ես, առիթից օգտվելով, կես ժամի չափ Տերյանի բուքմեյքերականում մլուլ տալով եւ նախկին խաղընկերներիցս կարոտս առնելով՝ վերստին վերադառնում եմ Արշակի գրասենյակ, իսկ ինչ վերաբերում է Օրթախին ու օրթախականներին, իրենք էլ առանձնապես չեն տուժում, որովհետեւ նախօրոք համոզված լինելով, որ Արշակը, ինչպես միշտ,  շուրջ կես ժամ ուշանալու է, իրենք էս գլխից ուշացած են գալիս, ավելի ճիշտ՝  պայմանավորված ժամին Պոնչիկանոցի մայթին իրար հանդիպելով՝ մի քանի շրջան պտտվում են «Պապլավոկի» այգում՝ Արշակի հասցեին միանգամայն չափավոր լուտանքներ թափելով, որովհետեւ Օրթախն ու օրթախականներից մի քանիսն առողջարարական քայլքի կողմնակիցներ են եւ առիթից օգտվելով ու «Պապլավոկի» այգում մի քանի հավելյալ պտույտ կատարելով՝ վերադառնում են Արշակնոց եւ Արշակին արդեն իր կուսակցության տարածքում գտնելով՝ առանձնապես չեն կշտամբում՝ ոչ միայն էն պատճառով, որ, փաստորեն, Արշակի անպարտաճանաչության շնորհիվ մի քանի շրջան ավել են քայլած լինում, այլեւ էն պատճառով, որ իրենք արդեն վերջնականապես են հասկացել, որ Արշակի էս պերմանենտ ուշացումների դեմը որեւէ կերպ հնարավոր չի առնել, բայց, այդուհանդերձ, տարվա մեջ մի օր կա, որ Արշակի ուշանալու առթիվ  ամենաթունդ լուտանքներն ենք իր հասցեին տեղում, որովհետեւ տարվա էդ օրն Արշակն առնվազն մի ժամ է ուշանում, եւ, բացի այդ, Օրթախն ու օրթախականներն էդ օրն առանձնապես առողջարարական քայլքով զբաղվելու հավես չեն ունենում՝ ոչ միայն ցրտի պատճառով, այլեւ էն պատճառով, որ կոնկրետ էդ իրիկուն տղերքը զանազան ուտելիքներով ու խմիչքներով բեռնավորված են լինում, որովհետեւ  տարվա էդ մի օրը դեկտեմբերի երեսունմեկն է, եւ ամեն տարի էդ օրը մենք նախ Արշակի կուսակցության գրասենյակում հին տարվան հրաժեշտ ենք տալիս, այնուհետեւ ցրվում ենք մեր տները՝ նոր տարվա գալուստը մեր իսկ օջախներում նշելու, եւ արդեն տասը տարուց ավելի է՝ էդպես ենք անում:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930