«Եվրոպական Միությունը ՄԱԿ-ը չէ, այն կոնկրետ հաստատություն է, իր շահերով, նպատակներով, տեսակետներով: Եվրոպական Միությունը սահմանագիծ է սեւ ծովին, եւ երկու մայրցամաքները պետք է միանան իրար, որ երկկողմանի հաղորդակցություն լինի մարդկանց եւ էներգակիրների համար: Մեր առաջնային նպատակը այն է, որ պատերազմ չլինի, քանի որ, երբ հակամարտություններ են սկսում այս տարածաշրջանում, այն կարող է աղետի վերածվել, իսկ հետեւանքները ցնցող կլինեն Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, նաեւ՝ ձեզ համար եւ անկարգ իրավիճակներ կառաջացնեն մեզ համար, իսկ այդպիսի վիճակներ մենք շատ ունենք հիմա»,- ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հրավերով Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը, որն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, փորձագետների եւ ուսանողության հետ:
Ըստ Ֆիլիպ Լեֆորի՝ իրենք չեն ուզում, որ ձգձգված հակամարտությունը վերածվի ակտիվ հակամարտության ու գումարվի տարածաշրջանում առկա լարվածություններին: Նրա խոսքերով՝ «Մեր նպատակն է՝ լինել որոշակի ուժ, որովհետեւ տարածաշրջանի ժողովուրդները մրցակցային իրավիճակն ընկալում են որպես մրցակցության վիճակ, բայց մենք այդ խաղը չենք խաղում: Իրականում Եվրամիությունը, որպես այդպիսին, հակահեգեմոնիկ կառույց է: Մենք ստեղծել ենք այն, որպեսզի խուսափենք հենց աշխարհաքաղաքական մրցակցությունից, որը ոչնչացրեց Եվրոպա մայրցամաքը երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: Հակամարտության հաղթահարման համար ձեռք բերելով շահերի ընդհանրության չափը, հաստատուն արժեք է, այն տարածաշրջանի համար, որը սահմանակից է Եվրոպական Միությանը»:
Ֆիլիպ Լեֆորը նաեւ հավելեց, որ իրենց նպատակներից է՝ փոփոխվող աշխարհում նորովի համախմբվել, նոր գործընկերություններ հաստատել, մասնավորապես, արեւելյան գործընկերության պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի հետ. «Այդ ձգձգված հակամարտությունները իսկապես խոչընդոտում են առավել ընդհանուր ռազմավարության իրագործմանը, որն է՝ վերամիասնականացումը, մեր մայրցամաքի վերահամախմբումը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև