Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հայաստանում ծավալվող այլատյացության եւ անհանդուրժողականության վերաբերյալ

Հունիս 01,2012 15:34

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում ս.թ. մայիսի 8-ին Երեւանում DIY ակումբի պայթեցման, ապաեւ դրան հետեւած որոշ արձագանքների կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այլատյացության, մասնավորապես` հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորում եւ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի խրախուսում են անհանդուրժողականության սերմանումը Հայաստանում:

Անընդունելի ենք համարում մայիսի 21-ին «Բազմազանության շքերթի» մասնակիցների վրա հարձակումը Երեւանի կենտրոնում եւ ընդհանրապես բռնությամբ որեւէ դիրքորոշում արտահայտելու փորձերը: Անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների վճռական արձագանքը  բռնության կոնկրետ դրսեւորումների նկատմամբ: Մինչդեռ ոստիկանությունը անտեսում է անթաքույց այլատյացություն քարոզող անձանց կողմից DIY ակումբի սեփականատեր Արմինե (Ծոմակ) Օգանեզովայի  հանդեպ իրականացվող հետապնդումների մասին  ահազանգերը:

Առավել մտահոգիչ է, որ անհանդուրժողականություն եւ այլատյացություն քարոզողների շարքում հայտնվել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` իշխանության մաս կազմող եւ խորհրդարանում ներկայացված: Մասնավորապես, անընդունելի են նշված միջադեպերի առնչությամբ ՀՀԿ  մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի, ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի արած հայտարարությունները:

Հայաստանում անհանդուրժողականության տարածման այս գործընթացը, որը խրախուսվում է նաեւ քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կողմից եւ ուղեկցվում է բռնության դրսեւորումներով, ծանր հետեւանքներ կարող է  ունենալ հայ հասարակության ու պետության համար: Այլատյացությունն ազգային արժեքների հետ կապելու, ավելին` դրանցով հիմնավորելու բոլոր փորձերը, ազգային շահը մարդու իրավունքներին հակադրելը կհանգեցնեն երկրում նորանոր բաժանարար գծերի առաջացմանը: Մենք գտնում ենք, որ ազատությո՛ւնն ու արդարությո՛ւնն են իրական ազգային արժեքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքն ու նրանց պաշտպանվածությունն է  իրական ազգային շահը: Կոչ ենք անում հասարակության առողջ ուժերին համախմբվել եւ իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ այլատյացության ծավալման  վտանգավոր միտումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930