Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշեր մանկությունից. Պատմում է «Առավոտ երիտասարդականը»

Հունիս 01,2012 15:22

Մանկություն՝ հեռավոր հուշերի ոսկե գիրք: Ահա բացում ենք քո դռնակը, ահա բացում ենք քեզ… Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Առավոտ երիտասարդականի» ստեղծագործական թիմը որոշեց իրեն նվեր մատուցել՝ վերհիշելով  մանկության օրերի ամենավառ դրվագները եւ նորից ապրելով  հավերժական պահերը: Դուք էլ կարող եք միանալ մեր էքսկուրսին, գնանք  մեր մանկություն. այնտեղ ամեն ինչ վառ էր, գեղեցիկ եւ հեքիաթային:

 

Տիգրանուհի Թասլակյան

Տիգրանուհի Թասլակյան

 

Դպրոցում մի անգամ ռուսաց լեզվից շարադրություն էի գրել՝  «Ի՞նչ եմ երազում դառնալ և ո՞ր մասնագիտությունը չէի ընտրի երբեք» թեմայով: Դե այն ժամանակ ուզում էի դառնալ պարուհի կամ երգչուհի, իսկ լրագրությունն էլ հենց այն մասնագիտությունն էր, որը ես տանել չէի կարողանում 🙂 Ու հիմա, երբ մասնագիտությամբ լրագրող եմ, ինքս էլ չհասկացա՝ ինչպե՞ս սկսեցի սիրել լրագրությունը (նշեմ, որ ինքս եմ ընտրել մասնագիտությունս, ոչ թե առաջարկել կամ պարտադրել են ծնողներս): Իսկ հետաքրքիրն այն է, որ ուսուցչուհիս մինչև հիմա հիշում է այդ շարադրությունս ու հանդիպելիս էլ ժպիտով հիշեցնում:

 

 

 

Արամ Արարատյան

Արամ Արարատյան

Ես սովորություն ունեի հետս խաղալիք վերցնել մանկապարտեզ գնալիս: Այդ խենթ օրն էլ ինձ հետ էր երկաթե տանկս: Վերցրել էի այն ու նստել Օլյայի կողքին: Չգիտեմ ինչո՞ւ, բայց մտքովս այսպիսի հարց անցավ` կարո՞ղ եմ տանկով խփել գլխիդ :D: Պատասխանը չուշացավ ու այն դրական էր` այո :D: Ես էլ,  չմերժելով գեղեցկուհուն, հարվածեցի գլխին :D:  Իսկ թե ինչ եղավ դրանից հետո, անկեղծ, չեմ հիշում, բայց կարող եմ ասել, որ ուղիղ երկու օր ոչ ոք չտեսավ նրա դեմքը:

 

 

 

 

 

Քրիստինա Միրզոյան

Քրիստինա Միրզոյան

Ծնողներս մինչ այսօր ասում են, թե ես ինչքան խելոք ու լսող երեխա եմ եղել: Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր մինչեւ 5 տարեկան, հասցնել երեք անգամ ձեռք կոտրել, մեկ անգամ ոտք եւ երկու անգամ  խոր վերքեր ունենալ գլխի եւ ճակատային հատվածում(ճակատիս սպին մի փոքր դեռ մնացել է): Պարզվում է` դեպքերից մեկն եղել է օրորոցից իջնելուց, մյուսը երեխաներից մեկն անզգուշությամբ արդուկով գլխիս է հարվածել, աստիճանահարթակին կանգնած եմ եղել, քրոջս հրելու արդյունքում կոտրել եմ ոտքս, մնացած դեպքերն էլ չեմ հիշում: Այնպես որ «խելոք մնացեք, ձեզ չվնասեք» արտահայտությանը հետեւելը դեռ չափանիշ չէ անվնաս մնալու համար: Ես էլ էի խելոք, բայց արի ու տես…

 

 

 

 

Անդրանիկ Ջալալյան

Անդրանիկ Ջալալյան

Մի անգամ, երբ ընդամենը 4 տարեկան էի, քիչ էր մնում ընտանիքս մի ամբողջ ամիս թողնէի քաղցած:Հ այրս ստացել էր հերթական ամսվա աշխատավարձը, իսկ իմ սրտով հերթական անգամ շոկոլադ ուտելու մեծ ցանկություն էր առաջացել: Ինչեւէ ցանկությունն ի կատար ածելու նպատակով, առանց որեւէ մեկից հարցնելու, գաղտնի վերցրի ողջ ամսվա աշխատավարձն ու շտապեցի խանութ: Այդպես ես մոտ 80 հազար դրամով գնեցի ընդամենը մեկ փոքրիկ շոկոլադ ու վերադարձա տուն: Սակայն վաճառողը, ճիշտ հասկանալով իրավիճակը, գումարը պահել էր իր մոտ, որպեսզի հետագայում վերադարձնի ծնողներիս:

 

 

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Հռիփսիմե Հովհաննիսյան

Ասում են՝ փոքր ժամանակ շատ ինքնասածի երեխա եմ եղել  (ոչինչ չի փոխվել): Երբ երեսով են տալիս իմ համառությունը, միանգամից հիշում եմ. մի փոքրիկ գեղեցիկ խաղալիք պահարան ունեի, այն  իմ «զենքն էր». բոլորն ուզում էին ինձ հետ խաղալ այդ պահարանի համար: Մի անգամ էլ բակի երեխաներից մեկի հետ էի խաղում, ով ինձանից մեծ էր 5 տարով,  իսկ ըստ հին հայկական տուն-տունիկյան  «ավանդույթի»՝ մաման պիտի լինի տարիքով ավելի մեծը: Ճնշեցի   նրան, սպառնացի՝ «տմբուշկայովս չես խաղա»: Խեղճ Ալինայի միակ ցանկությունն էլ այդ պահին  «տմբուշկայիս դիպչելն էր», նրանով խաղալը: Խաղից երկուսս էլ բավականություն ստացանք՝  նա մի լավ խաղաց իմ «պահարանով, ես էլ վայելեցի «մայր կոչվելու»  բերկրանքը 😀 :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930