Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ռոստոմյան. Մարզերում վերջին անգամ թատրոն տեսածներն արդեն տատիկ ու պապիկ են դառնում (Տեսանյութ)

Հունիս 01,2012 14:13

Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը եւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը:

Ե. Մանարյանը նշեց, որ «Ագուլիսը» ոչ պետական, խաղացանկային թատրոն է, ինչը պարտավորեցնում է պարբերաբար ներկայացումներ ցուցադրել. «20 տարի է, ինչ թատրոնը գործում  է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում, իսկ մինչ այդ շրջիկ թատրոն է եղել»:

Իսկ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն արդեն 78 տարեկան է, ունի տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված ներկայացումներ՝ «Կարմիր Գլխարկ», «Երեք խոզուկներ», «Ակամա երաժիշտներ», «Ոսկե ձկնիկ», «Անհաղթ աքլոր», «Հայի բախտը». «Տարեկան ունենում ենք 3 նոր ներկայացում, իսկ հին ներկայացումները ցուցադրելու հարցում ոչ թե թատրոնի ղեկավարությունն է ավանդապահ, այլ պարզապես դրանք մեր ժամանակներում էլ են արդի: Փոխվում են դեկորացիաները եւ դերասանները, բայց ոչ ներկայացման գաղափարախոսությունը»,-ասաց Գագիկ Ռոստոմյանը՝ հավելելով, որ թատրոնի հանդիսատեսի հետ կապված խնդիրներ կան. «Այժմ չի գործում թատրոն-դպրոց-մանկապարտեզ կապը, քանի որ դպրոցներում արգելված է գումար հավաքել, ուսուցիչներն էլ ասում են՝ թող ծնողը տանի: Դրանից երեխաներն են տուժում, իսկ քաղաքապետարանի հովանավորության ներքո անցկացրած ներկայացումների դահլիճները մեկ լեփ-լեցուն են, մեկ՝ դատարկ»:

Երվանդ Մանարյանի խոսքով՝ թատրոնը չի դիմագրավի «Սփայդերմեններին», քանի որ հասարակությունը հիմնվում է շահի վրա. «Մեզ մոտ շաբաթ եւ կիրակի են ներկայացումներ լինում, երեխան տուն է գնում եւ շաբաթվա մյուս օրերին հեռուստացույցով տեսնում իրար ծեծող աղջիկներ, թուք ու մուր, ատրճանակ, կռիվ, հայհոյանք: Հասարակությունը նեխած հիմքերի վրա է եւ պետք է բուժվի»:

Թատրոնի այլ խնդիրների շուրջ Գ. Ռոստոմյանը նշեց, որ այն մայրաքաղաքային է. «Այսքան ժամանակ մարզերում թատրոն չենք խաղացել՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Մարզերում վերջին անգամ թատրոն տեսածներն արդեն տատիկ ու պապիկ են դառնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930