Այսօր ՄԱԱ-ում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական դաշտը բնութագրելով՝ հիշեցրեց Արմեն Աշոտյանի՝ ֆեյսբուքյան հայտնի արտահայտությունը՝ «ով չի քցում, նրան են քցում, ուրեմն քցիր, որ չքցվես»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս ամբողջ պատմության մեջ, երբ Դուք ընդգրկվեցիք ԲՀԿ համամասնական ցուցակ, հետո մանդատը վայր դրեցիք՝ քցվողի՞ դերում էիք, թե՞ քցողի: Նա պատասխանեց. «Ես երբեք քցողի դերում չեմ եղել, եթե իմ ինչ-որ ակնկալիքներ, հույսեր չեն արդարացել, ես մտածում էի՝ հնարավոր կլինի առանձնացնել բիզնես աշխարհի ներկայացուցիչներին՝ քաղաքականությունից, եթե չի արդարացել, եւ դուք դա համարում եք քցվել՝ դա ձեր իրավունքն է, եթե մարդը հույսեր է տածում, չի իրականանում՝ դա քցվել չի, դա մաքառումներ են, այդ ճանապարհին կարող են շատ դառնություններ լինել, որպեսզի հասնել ինչ-որ բանի»: Նա նաեւ նշեց, որ իրեն թիկունքից հարվածել են: Հարցին, թե ո՞վ է հարվածել՝ Հմայակ Հովհաննիսյանը ժպտաց. «Հանգամանքները: Հանգամանքներն են, թիկունքից հարվածել են, բայց մի բան հաստատ է՝ ես ոչ մեկին չեմ քցել եւ դրանով հպարտ եմ»: Հմայակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ինքը չի ափսոսում միասնական շտաբ ստեղծելու համար, թեեւ դա զոհողություն է եղել՝ իր կողմից. «Մինչեւ հիմա իմ վրա լուրջ ճնշումներ են գործադրվում: Իմ նվաճումն այն էր, որ հաջողվեց ստեղծել երկխոսության մշակույթ, իմ գործը դա էր, ոչ թե՝ մանդատ: Մանդատ ունեցողներ շատ կան՝ 131 հոգի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ