Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուղ գումարներով՝ բավարար արդյունքներ

Հունիս 01,2012 13:58

Հանրապետության օրվա կապակցությամբ Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացված հեծանվավազքի միջազգային կարգավիճակ ստացած մրցման ավարտից հետո «Առավոտը» զրուցեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի քարտուղար Աշոտ Կորկոտյանի հետ:

– Հանրապետությունում հենակետային մարզաձեւերի ֆոնի վրա հեծանվային սպորտի գործունեության մասին շատ քիչ է խոսվում, չնայած մեր հեծանվորդները ժամանակ առ ժամանակ միջազգային մեկնարկներում բավականին հաջող մրցելույթներ են ունենում: Ֆեդերացիայի աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Չնայած սուղ հնարավորություններին՝ բավարար: Ֆեդերացիան կատարում է տեղերում մեր մարզաձեւի պահպանման ու զարգացման համար հնարավոր ամեն բան: Բայց քանի որ հեծանվային սպորտը տեխնիկական մարզաձեւ է եւ այդ առումով բարդ, մեծ ներդրումներ է պահանջում: Այնպես որ, եթե այդ ներդրումները լինեին, ֆեդերացիայի գործունեությունն ավելի արդյունավետ կլիներ:

– Օրերս Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացված մրցման ընթացքում, որին մասնակցեց նաեւ ռուսական հանրահայտ «Կատյուշա» ակումբը, մեր տղաներից մի քանիսը լուրջ պայքար մղեցին:

– Ասեմ նաեւ, որ մեր լավագույն հեծանվորդներից Էդուարդ Մաթոսյանը  լավագույն եռյակ մտնելու լավ շանսեր ուներ, եթե պայքարի ընթացքում թիմակիցները նրան օգնեին: Իսկ դա տեղի չունեցավ, որովհետեւ տղաները մրցակցական փորձ չունեն: Խճուղային հեծանվավազքում այս կամ այն թիմն ամբողջ կազմով ողջ պայքարի ընթացքում անում է այնպես, որպեսզի իրենց լավագույնը եզրագիծն առաջինը հատի: Դրա համար նրանք, պահպանելով բարձր տեմպը, հաջորդաբար իրենց ետեւից տանում են մյուսներին՝ այդ ընթացքում իրենց լավագույնին ուժերը խնայելու եւ վերջին կիլոմետրերին նրան պոկվելու հնարավորություն ընձեռելով: Իսկ Էդուարդը, թեեւ բոլոր 40 շրջաններում էլ ընթանում էր առաջատարների խմբում, ի վերջո, ֆիզիկապես ի վիճակի չեղավ մրցատարածության վերջին հատվածում մեծացնել արագությունը: Իսկ նա, եթե կարելի է ասել, «հեծանվային արագավազորդի» շատ լավ որակներ ունի:

– Ասացիք, որ հեծանվային սպորտում առանց մեծ ներդրումների հնարավոր չէ կայուն բարձր արդյունքներ ակնկալել: Խոսքն ի՞նչ գումարների մասին է:

– Մի հարցրեք՝ շատ մեծ: Տեսեք. միջազգային միջին կարգի մեկ հեծանիվն արժե մոտավորապես 3-4 հազար եվրո: Իսկ գերժամանակակից հեծանիվի միայն մեկ զույգ անիվն այդքան արժե: Սրան ավելացրեք բավականին թանկ մարզահագուստը, պահեստամասերը, որոնք օդի պես անհրաժեշտ են: Էլ չեմ խոսում ամենօրյա մարզումների համար ուղեկցող ավտոմեքենաների եւ դրանց հետ կապված ծախսերի մասին: Իսկ եթե հաշվենք, որ այս ամենն անհրաժեշտ է ոչ թե մեկ մարզիկի, այլ թիմի համար, գումարն ինքներդ հաշվեք:

– Ֆեդերացիայի տարեկան բյուջեն որքա՞ն է:

– Եթե չեմ սխալվում, մոտավորապես 10 միլիոն դրամ, որի մեջ մտնում են մարզումները, հանրապետության առաջնություններ կազմակերպելը, հավաքները, միջազգային մրցումների մասնակցելը: Դրա համար էլ հավաքականի համար տարվա ընթացքում կարողանում ենք կազմակերպել մեկ հավաք եւ մեկնել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ: Բայց ասել, թե պետությունը, բացի այդ գումարը տալուց, ուրիշ ոչինչ չի անում, սխալ կլինի: Օրինակ, բոլորվին վերջերս հենց պետության շնորհիվ Արգավանդի խճուղում հիանալի հեծանվահրապարակ կառուցվեց, որն, անկասկած, կխթանի հատկապես հրապարակային հեծանվավազքի զարգացումը: Սակայն հիմա առաջնային է դարձել այդ կառույցը ճիշտ օգտագործելը: Դրա համար համապատասխան կահավորում եւ մարզագույք է անհրաժեշտ: Այ, եթե այդ խնդիրներն էլ լուծվեն, մեր հեծանվորդները կկարողանան ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Հայաստանի հրապարակային հեծանվորդները միշտ էլ ավելի հաջող են հանդես եկել:

– Այո, 10 միլիոն դրամը շատ քիչ է: Իսկ բացն ինչպե՞ս եք լրացնում:

– Մեզ իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում աջակցում են մեր նախկին հեծանվորդները, որոնք հիմա ապրում են Հայաստանից դուրս՝ Զոհրապ Գեւրիկյանը, Ստեփան Աբրահամյանը,  Ֆերդինանդ Գեւորգյանը, Տիգրան Կորկոտյանը եւ ուրիշներ: Նրանք հիմնականում ուղարկում են տեխնիկա եւ պահեստամասեր, առանց որոնց գրեթե ոչինչ անել հնարավոր չէր լինի:

 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930