Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը երգում է ռեստորանում

Հունիս 01,2012 13:51

Չնայած դիվանագիտությունն էլ խորթ չէ նրան

Որքան էլ ռոմանսը դարձել էր հայկական երգարվեստի բաղադրիչներից մեկը, ու սկսած 19-րդ դարի վերջերից մեր երաժշտական մշակույթը հարստացել Ալ. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի, Ն. Գալանտերյանի, Գ. Չթչյանի, Վ. Բալյանի եւ մյուսների երկերով, այնուամենայնիվ, վերջին շրջանում նկատելի է նահանջը ռոմանսից: Երգարվեստի այս հազվագյուտ տեսակը օրերս կրկին համախմբել էր իր սիրահարներին՝ նորաստեղծ «Սիրե» ռոմանսի ակումբում, որի հիմնադիրը մասնագիտությամբ իրավաբան, միջազգայնագետ, վերջին տարիներին էլ իբրեւ երգչուհի հանդես եկող Սիրանույշ Եղիազարյանն է: Նա աշխատել է ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի, Բուլղարիայի պետական կառույցներում:

«Առավոտը» հանդիպելով Սիրանույշ Եղիազարյանին ու հիշեցնելով 2002թ. իր հիմնադրած եւ շուրջ 5 տարվա գործունեություն ծավալած դիվանագիտական դպրոցի մասին, հետաքրքրվեց՝ ինչո՞վ բացատրել աշխատանքային գործունեության նման կտրուկ փոփոխությունը: «Նախկին մասնագիտությունս ընդհատակ է անցել: Կյանքիս լավագույն ստեղծագործությունը դպրոցս է՝ «Սիրանույշ Եղիազարյան» դիվանագիտական դպրոցը, որը ժամանակին հիմնել էի սեփական միջոցներով, սակայն մշտական տանիք չունենալու պատճառով այն ժամանակավոր «կասեցվել» է: Փոխարենը էներգիաս ուղղել եմ ռոմանսի աշխարհ: Սա, բնականաբար, ինչ-որ կերպ ցավս փարատելու միջոց է: Այսօր էլ հուսով եմ, որ «վերեւներում» կհայտնվեն մարդիկ, ովքեր նշանակություն կտան պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող դիվանագիտական դպրոցին,- ասաց մեր զրուցակիցը, շարունակելով,- սկսած 2009 թվականից՝ հանդես եմ եկել 15 մենահամերգով: Առաջին մենահամերգս, որ կազմակերպված էր Մայր թատրոնում, ու 1100 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր, ինձ անասելի ոգեւորեց: Չէ՞ որ իմ երկրում ինձ ճանաչում էին որպես դպրոցի հիմնադիր տնօրեն… Հասկացա, որ հանդիսատեսը կարիք ունի մտերմիկ զրույցի, ինչի հնարավորությունը տալիս է ռոմանսը»:

Մեր այն տեղեկությանը, թե նախկին տնօրենը հանդես է գալիս նաեւ երեւանյան ռեստորաններում, Սիրանույշ Եղիազարյանն ասաց. «Ժամանակ առ ժամանակ, աշխատանքի բերումով ապրելով Եվրոպայում, ականատեսն եմ եղել, թե ինչպես ճանաչված երգիչները մենահամերգներ են ունեցել ռեստորաններում: 2010-ին առաջին անգամ ելույթ ունեցա «Մաեստրոյում», որին մինչ օրս հաջորդել են 8 մենահամերգները՝ հայաստանյան այլ ռեստորաններում: Այս ձեւաչափը ինձ հարազատ է, քանի որ մտերմիկ մթնոլորտ է՝ երգելիս նայում ես ուղիղ հանդիսատեսի աչքերին ու երկխոսում նրա հետ»:

Հիշեցնելով ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հույս, հավատ, սեր» ֆիլմի 2006թ. Սմոլենսկի միջազգային փառատոնում Մեծ մրցանակի արժանանալու փաստը, որտեղ 3 կանացի կերպարներից մեկը Սիրանույշն էր, հարցրինք՝ կա՞ն նոր «կինոդերեր»: Տիկին Եղիազարյանի պատասխանը հետեւյալն էր. «Ոչ մի բան աննկատ չի անցնում, առավել եւս՝ աշխատանքը, եթե մարդ իր գործի նվիրյալն է…»:

Անդրադառնալով «Սիրե» ռոմանսի ակումբին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ մինչ ակումբի բացումն ու այսօր էլ իր կողքին են անվանի արվեստագետներ Վարդուհի Վարդերեսյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Գեւորգ Գեւորգյանցը, Վլադիլեն Բալյանը, Վալերի Հարությունյանը, Լեւոն Իվանյանը եւ մյուսները: Նշեց իր նոր աշխատանքում կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի եւ Մարտին Վարդազարյանի դերը, որոնց անմիջական օգնությամբ գործիքավորվում են սեփական, հայ եւ այլազգի կոմպոզիտորների ռոմանսները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930