Լոռու մարզի 16 դպրոցների եւ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելու են դրամաշնորհներ՝ նախադպրոցական կրթության միկրոծրագրեր իրականացնելու համար:
Այս մասին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ անցկացվող մարզի խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Կարեւորելով նախադպրոցական կրթության դերը հանրակրթական համակարգի բարելավման գործում՝ Մինաս Սայադյանը նշեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրակրթության որակի բարելավում» ծրագրի բաղադրիչներից մեկն էլ դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացումն ու կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովումն է:
Կարդացեք նաև
«Այս ենթածրագիրը նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի քայլերից մեկն է, որի շրջանակներում նախատեսվում է նախադպրոցական կրթությունը 5-6 տարեկանների համար դարձնել համընդհանուր»,- նշեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը:
Խոսելով նախադպրոցական հաստատությունների կազմավորման համար տրամադրվող դրամաշնորհի չափի մասին՝ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ արդեն կա այն տեղեկանքը, որում արտացոլվում է Համաշխարհային բանկի կողմից ներդրումների այն չափը, որ առաջիկայում պետք է տրամադրվեն, եւ ներդրումների այն չափը, որ համայնքները պարտավորվել են ապահովել:
«Դրամաշնորհը տատանվում է 500. 000-ից մինչեւ 7, 5 միլիոն դրամ: Այդ պայմանագրի կետերի հստակ կատարումից է կախված լինելու ծրագրի շարունակականությունը մեր մարզում»,- ասաց նա՝ շեշտելով, որ ծրագիրը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաեւ այն, որ դրանով համապատասխան մասնագետներ կապահովվեն աշխատատեղերով:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ