Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակոբ Մեղապարտ» պատվո շքանշանակիրը դիմել է ՀՀ նախագահին

Հունիս 01,2012 13:46

Սարգիս Հացպանյանը եւ Ռագըփ Զարաքոլին

Հայաստանի «Հակոբ Մեղապարտ» պատվո շքանշանակիր, Մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ  Զարաքոլին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսայնին, իր վաղեմի բարեկամ, Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հարցով.

«Ձեզ դիմելուս առիթն իմ վաղեմի ընկերոջ անելանելի թվացող կացության մատնված լինելու փաստն է, որի լուծման համար Ձեր աջակցությունն եմ ակնկալում: Լեռնային Արցախի ազատամարտի տարիներից Ձեզ անձամբ քաջածանոթ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանեանը, ողորմած Հրանտ Դինքի հետ նույն դպրոցի նստարանները կիսած, իմ եւ իմ շրջապատի հարյուրավոր մտավորականների եւ դեմոկրատ մարդկանց բավական մոտիկից ճանաչած հայորդին է: Նրա հայրենասիրության մասին Ձեզ որեւէ նորություն ասելու ի վիճակի չեմ, քանի որ սրանից 23 տարի առաջ՝ դեռեւս Խորհրդային ժամանակներում, Փարիզից մշտական բնակության նպատակով մայր հայրենիք տեղափոխված մի մարդու, իր ժողովրդի վտանգված գոյությունը պաշտպանելու համար սեփական կյանքը զոհաբերելուց չխուսափած այդ քիչ սփյուռքահայերից մեկը լինելու փաստը, Դուք, վստահ եմ, մեզանից շատ ավելի լավ գիտեք»:

Թուրք հայտնի մտավորականը հայտնում է, որ վաղուց Երեւանում հաստատված, երկու փոքր երեխաների հայր Սարգիսի՝ 2008թ. մարտի 1-ից հետո այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած մի հրամանով Հայաստանից արտաքսման ենթակա լինելու տխուր փաստի պատճառով, երկար տարիներ բանտերում տառապելուց հետո նույնիսկ, մոտ մեկ տարի առաջ ազատությունը վերագտնելով հանդերձ, ՀՀ քաղաքացի հանդիսացող տիկնոջ եւ երկու երեխաների հետ իր երկրում ապրել եւ աշխատելու իրավունքից մինչ օրս զրկված մնալը լրջագույն խնդիր է հանդիսանում:

«Նրա բանտում գտնվելու ժամանակ կյանքից հեռացած հոր գերեզմանն իսկ այցելելու հնարավորությունից զրկված, այժմ 80 տարեկան ծեր մորը տարիներ ի վեր չտեսած հայրենասեր մտավորականի՝ ենթարկված այս առավել քան տառապալից փորձությունը, սկսած ինձնից, հավատացեք՝ հազարավոր մարդկանց համար մինչ օրս էլ անհասկանալի է մնում ու քանի որ իրավական պետություն հանդիսացող Հայաստանում սովորական մի ընթացակարգի՝ կացության կարգավիճակի տրամադրման հարցին իրավական լուծում չգտնվելը բացառում եմ, Ձեզ՝ մեծարգո պարոն Նախագահ, իբրեւ ՀՀ Սահմանադրության երաշխավորի, դիմում եմ սույն հարցին դրական լուծում տալու համար անհրաժեշտ քայլերն անելու խնդրանքով»,- գրում է հայտնի մտավորականը:

Նա հույս է հայտնում, որ Հացպանյանի գործով կլինի դրական տեղաշարժ: «Հարցերի պակաս չունեցող մեր տարածաշրջանում, գրեթե քառորդ դար  Ֆրանսիան ընդմիշտ թողնելով, իր ճակատագիրը սեփական հայրենիքի հետ կապած իմ հարգարժան բարեկամիս՝ Սարգիս Հացպանեանին Հայաստանում ապրելու եւ աշխատելու ամենատարրական իրավունքի տրամադրման առթիվ հարկ եղածն անելու թախանձագին խնդրանքով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահիդ եմ դիմում:

Խնդրանքիս դրական լուծման առթիվ փայփայած հույս ու սպասումով՝ ընդունեք հարգանքներիս հավաստիքը»,- ասում է հայտնի իրավապաշտպանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930