ՓՄՁ-ները կորուստներ կկրեն՝ մինչեւ նոր պատգամավորները սեպտեմբերին արձակուրդից գան
Նախորդ տարի Ազգային ժողովը փորձեց մի լավություն անել Փոքր ու միջին ձեռնարկատերերին (ՓՄՁ) եւ փոփոխություններ կատարեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում՝ թեթեւացնելով փոքր գործարարների հարկային բեռը: Արտոնագրային վճարների համար սահմանված էր ժամկետ, եւ գործարարը պետք է վճարեր ամեն եռամսյակի սկզբին, որը լուրջ խոչընդոտ էր առաջացնում շատերի համար: ՓՄՁ ներկայացուցիչների «պայքարից» հետո կառավարությունն ընդունեց իր սխալը, որոշեց այն շտկել՝ վերացնելով ժամկետները, եւ ապրիլի 24-ի գործադիրի նիստում հստակեցվեց, որ ցանկացած ընկերություն ցանկացած պահի կարող է անցնել արտոնագրային վճարի, եւ այլեւս հարկ չի լինի 3 ամիս սպասել՝ մինչեւ նոր եռամսյակը սկսվի: Սակայն գործադիրի որոշումը դեռեւս պետք է հաստատվի օրենսդիր մարմնում, իսկ վերջինս թեեւ գործի է անցել, բայց իր բուն աշխատանքները՝ օրենքի նախագիծ քննարկել-ընդունելը, կսկսի սեպտեմբերից: Իսկ այս ընթացքում հազարավոր ՓՄՁ ներկայացուցիչներ մնում են «կոտրած տաշտակի» առաջ:
«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը վստահեցրեց, որ չնայած կառավարությունն իր սխալն ուղղել է, սակայն այսօր հարկայինում անհատ ձեռներեցներին, որոնք ուզում են անցնել արտոնագրային վճարի, հորդորում են օգտվել օրենքի 7-րդ հավելվածից: Իսկ սա նախատեսված է վարձու աշխատողներ ունեցողների, տաքսի-սերվիսների համար: Այսինքն՝ եթե փոփոխված օրենքով անհատ ձեռներեցը եռամսյակի համար արտոնագրային վճար պիտի կատարեր 20.500 դրամի չափով, հարկայինի առաջարկածով պիտի վճարի 44 հազար դրամ:
Մեզ հետ զրույցում որոշ վարորդներ էլ եւ «եղեցին, եւ դաղեցին» կառավարությանը. «Էլի շնորհակալ ենք, որ ուշադրություն դարձրին մեր խնդրին եւ փոփոխություն կատարեցին, բայց մինչեւ դա ուժի մեջ մտնի՝ ի՞նչ է, չաշխատե՞նք, սովից մեռնե՞ն մեր ընտանիքները: Մտնում ենք հարկային, ասում են՝ չի ստացվի՝ կամ պիտի չաշխատեք, կամ էլ 20 հազարի փոխարեն 44 հազարանոց արտոնագրով աշխատեք: Ախր, պետական բարձր պաշտոններ եք զբաղեցնում, մի բան անելուց առաջ մի լավ մտածեք, մարդ ենք, հո խաղալիք չենք: Իբր ուզեցին նախընտրական շրջանում մի լավ բան անել, էն էլ կիսատ-պռատ թողեցին»:
Կարդացեք նաև
Որպեսզի այս 3 ամիսների ընթացքում անհատ ձեռներեցները վնասներ չկրեն՝ սպասելով սեպտեմբերին սկսվող նորընտիր ԱԺ-ի նիստերին, այն էլ հարց է՝ թե որքան կտեւեն քննարկումներն ու նոր փոփոխության առաջարկի ընդունումը, վարորդները կոչ են անում կառավարությանն ու վարչապետին. «Գոնե ներքին կարգով հրահանգեք հարկային մարմնին կամ գուցե մի որոշում ընդունեք, որով թույլ տան գոնե ժամանակավորապես աշխատենք «Արտոնագրային վճարի մասին» օրենքի 2-րդ հավելվածով՝ եռամսյակի համար վճարենք 20.500 դրամ, ոչ թե 44 հազար դրամ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ