«Բարև երեխեք ջան, լա’վ սովորեք»: Մկրտիչ պապը այս խոսքերով է սկսում իր առավոտը: Իրենց բակում նա բոլորից վաղ է արթնանում, հասցնում է ողջունել բակի երեխաներին, ովքեր առավոտ շուտ ծանր պայուսակներով վազում են դպրոց, իսկ ինքը ամեն օր ճիշտ նույն ժամին շտապում է Վետերանների միություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Մկրտիչ պապիկը 88 տարեկան է: Ապրում էԱշտարակ քաղաքում: Վետերանների միությունում, որը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի երրորդ հարկում, բոլորը հարազատ են միմյանց: Հիմնականում 5-6 հոգով են լինում, իսկ նրանց մյուս մարտական ընկերները հաճախ չեն կարողանում այցելել. տարիքը չի ներում: «Պինդ եղեք ընկերներ»,-կոչ է անում նա: «Նրանց բոլորին մայիսից մայիս եմ տեսնում: Բոլորով երթի ենք գնում դեպի Աշտարակում գտնվող պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան»: Ծաղիկներ են խոնարհում անմար կրակին իրենց զոհված ընկերների համար և երթի ճանապարհին հիշում նրանց քաջագործությունները պատերազմում: Վերջերս վերանորոգվեց իրենց միության աշխատասենյակները: Վետերանների ջանքերով բացեցին պատերազմի մասին պատմող լուսանկարների ցուցադրություն: «Այդ օրվանից մենք շատ հյուրեր ենք ունենում տարբեր դպրոցներից: Երեխաները, հատկապես տղաները, մեծ հետաքրքրությամբ են լսում իմ և ընկերներիս պատմությունները: Ընթացքում միշտ հարցեր են տալիս: Լավ սերունդ է մեծանում»,-հպարտությամբ հայտարարում է Մկրտիչ պապին: Լուսանկարները աչքի լույսի պես պահպանում են և միշտ ուշադիր են, որ իրենց այցելող երեխաները չվնասեն դրանք: Տուն գնալիս առաջ ևս մի անգամ նայում է լուսանկարներին, վերհիշում անցյալը և երազում տեսնել իրենց հաղթական ճանապարհով քայլող երտասարդություն:
Այսօր համաշխարհային 2-րդ պատերազմի հերոսների հուշարձանը աննախանձելի վիճակում է: Հուշարձանի տարածքը աղտոտված է, միայն պակասում է անմար կրակը, որն անգամ մայիսի 9-ին չի վառվում:
Հուշարձանը խորհրդանշում է զինվորի նամակը: Պատերազմի ժամանակ անգամ նամակները գրաքննվել են և դրանք հասցեատիրոջը հասնում էին առանց ծրարի՝միջուկը եռանկյունի ծալված վիճակում:
Լիլիթ Բադալյան՝ maynews.am