Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը լավ խաղացող է, հիմա նրան չեն փոխի»

Հունիս 01,2012 13:38

Կարծում է Գյումրու «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գեւորգ Պետրոսյանը

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ այս քաղաքի բնակիչներին հասկացրեց, որ առաջիկայում եւս ինքն է պաշտոնավարելու: Լրագրողների հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում, վարչապետը անչափ բարձր տրամադրությամբ, հումորախառն պատասխան տվեց. «Ե՞ս պետք է ասեմ՝ վարչապետ մնալու եմ, թե չէ, դո՛ւք պետք է ասեք»: Մինչդեռ գյումրեցիներն իրենց ընտրությամբ արդեն իսկ գնահատել են վարչապետին ու նրա կուսակցությանը՝ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ամենաքիչ ձայները տալով: Եվ սա պատահական չէ. որքան էլ ՀՀԿ-ական վերնախավը մեղադրի ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վարդան Ղուկասյանին՝ էքսցենտրիկ պահվածք դրսեւորելու ու ընտրությունները տապալելու մեջ, շիրակցիները չեն ներում, որ իրենց մարզը պաշտոնապես ամենաաղքատն է ճանաչվել ու դատարկվել է հենց Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք:

Նշենք, որ այս օրերին Գյումրիում ամենաքննարկվող թեման Տիգրան Սարգսյանի պաշտոնանկ լինել-չլինելն է: «Առավոտը» ակտիվ հասարակական գործիչներից մեկից՝ «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ո՞վ կլինի նորընտիր կառավարության ղեկավարը: «Ես կարծում եմ՝ մինչեւ նախագահական ընտրությունները վարչապետին չեն փոխի, քանի որ իշխանություններին սպասարկող ավելի լավ թեկնածու չեն էլ գտնի: Տիգրան Սարգսյանը լավ խաղացող է, տարբեր ֆինանսական ինստիտուտների հետ ակտիվ գործարքների մեջ է, ի վերջո՝ երկար տարիներ եղել է Կենտրոնական բանկի նախագահ: Եթե իշխանությունը պահում է իր նախկին կառավարման ձեւը, ուրեմն այս վարչապետն է նրանց ձեռնտու, նա իդեալական մարդ է այս քաղաքական համակարգում: Կարծում եմ՝ ոչ մի նախագահ նախագահական ընտրություններից առաջ չէր ցանկանա վիճակը ապակայունացնել, լրացուցիչ թշնամիներ ձեռք բերել. եթե նոր մարդու վարչապետ նշանակի, ի՞նչ իմանա՝ նորը իրեն կծառայի՞, թե՞ ոչ, սա է տրամաբանությունը»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀԿ- ԲՀԿ միջեւ ծագած կոնֆլիկտն էլ երկիրը փրկելու համար չէ, այլ կռիվ է ազդեցությունների ոլորտներն իրար մեջ վերաբաշխելու համար: «Ինչո՞ւ պիտի նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն վարչապետի աթոռը ԲՀԿ-ին նվիրի, այս դեպքում իշխող կուսակցությունը ահագին բան կկորցնի, առանց այն էլ ընտրությունների ժամանակ տեսավ, որ ժողովուրդը իրենից հոգնել է, նույնիսկ շատ տեղերում վարչական ռեսուրսները չօգնեցին ՀՀԿ-ին՝ ձայներ հավաքելու, հիմա ի՞նչ անի՝ վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին տա, որ ԲՀԿ-ի պոտենցիալը ավելի՞ մեծանա, ավելի՞ հզորանա այս կուսակցությունը: Ես կարծում եմ, որ վարչապետի փոփոխություն միգուցե լինի նախագահական ընտրություններից հետո, եւ միայն այն դեպքում, եթե նախագահական ընտրություններն անցնեն ցնցումներով, այդ դեպքում նոր միայն մի քանի հոգու կպաշտոնազրկեն՝ ասելու համար, թե տեսեք՝ փոփոխություններ ենք կատարում: Իսկ եթե անցան անցնցում, ուրեմն վարչապետը դարձյալ իր պաշտոնին կմնա»,- կանխատեսում է մեր զրուցակիցը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ նույն կարծիքին է՝ վարչապետի փոփոխություն չի լինի, քանի որ, ըստ նրա, Տիգրան Սարգսյանը ընդունված է Եվրոպայում: «Ցավոք սրտի, էս վարչապետի գործունեությունը ավելի շատ կապված է Հայաստանում սոցիալ-տնտեսական վատ վիճակի հետ, որն ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Էս քանի տարվա ընթացքում սոցիալական ծրագրերը շատ դանդաղ են առաջ գնում, եւ եթե Ռուսաստանում Պուտինը եւ Մեդվեդեւը տարեկան 3-4 անգամ թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնում էին, մեր երկրում դա տեղի է ունեցել մեկ անգամ, եւ ընդամենը 2500 դրամով»,- ասում է Գագիկ Համբարյանը: Մեր այն հարցին էլ, թե՝ համամի՞տ է գյումրեցիներից շատերի այն կարծիքին՝ «եթե վարչապետը տղամարդկայնություն ունենա՝ հրաժարական կտա», քաղաքագետն ասաց. «Սա քաղաքականություն է, այստեղ տղամարդկայնության կամ վախկոտության մասին խոսք չկա, պաշտոնն էլ շատ քաղցր բան է, էնպես որ՝ ոչ ոք էլ չպետք է հրաժարական տա: Վարչապետի գործունեության բացասական պահը ավելի շատ վերեւներում պետք է հասկանան՝ եթե գտնում են, որ ինքը սխալ է աշխատել: Այստեղ խնդիրն այն է, որ վարչապետի ու ԱԺ խոսնակի հարցով զբաղվում է նախագահը՝ իր կուսակցության վերնախավի հետ, եւ քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն է մեծամասնությունը ստացել, նախագահն էլ պետք է որոշի, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն է վարելու կառավարությունը այս 7 ամիսների ընթացքում՝ մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները: Այս հանգամանքը շատ կարեւոր է նախագահ Սերժ Սարգսյանի համար, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը կամրապնդի ՀՀԿ դիրքերը: Իսկ հիմա, ցավոք սրտի, երկրի բնակչության մոտ 50 տոկոսը աղքատության շեմին է հասել»,- ասում է քաղաքագետը: Մեր այն դիտարկմանը՝ միայն ՀՀԿ վերնախա՞վը պիտի որոշի վարչապետի մնալ-չմնալը, բա ժողովո՞ւրդը, չէ՞ որ ժողովուրդն էլ իրավունք ունի կարծիք հայտնելու, պահանջներ ներկայացնելու, բարձրաձայնելու իր մաշկի վրա զգացածը, մեր զրուցակիցն ասաց. «Ժողովուրդը իր մաշկի վրա զգալով՝ այդքան ձայն տվեց ՀՀԿ-ին, որի տնտեսական քաղաքականության հեղինակը Տիգրան Սարգսյանն է, եւ ուրեմն ժողովուրդը արժանի է այս կառավարությանը»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930