Եվ բացվող գունատ օրվա, եւ շոգ գիշերների մեջ, ուր մենք անվերջ գտնում ենք իրար ու կորցնում, փնտրում, տեսնում ենք կարեւորը եւ դնելով մի կողմ՝ շարունակում ենք փնտրել: Անվերջ քրքրում ենք իրար, խոսում ազատության մասին՝ չանդրադառնալով անգամ, որ ազատությունը կուռք դարձնելը ինքնին նշանակում է անազատություն, քանի որ ազատ լինելը նպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ հասնելու բաղձալի արդարության, դեպի ուր արդեն մեր երկիրը արեց իր մերօրյա հարյուր քայլը…
Ափսոս, միշտ չէ, որ բոլորի կողմից է միանգամից ընկալվում երաժշտի ստեղծագործությունը կամ նկարչի կտավը, գրողի գիրքը, քանի որ հեղինակները, ներկայացնելով իրենց ստեղծագործությունը, չեն կարողանում միաժամանակ բոլորին լսողություն կամ ճաշակ նվիրաբերել:
Այդպես է նաեւ քաղաքականությունը, որ հղկվելով հին աշխարհներում՝ եկել հասել է մինչեւ մեր օրերը, բայց զարմանալիորեն մնացել է նույնը, մնացել անփոփոխ՝ ցանկացողը լսում ու ընկալում է, չցանկացողը՝ ոչ: Եվ թվում է, թե մեր կյանքը պատմվում է հին ու մոռացվող աստվածների երազների մեջ եւ նրանց սպասելու ճանապարհին, որ մի օր կգան ու կբերեն փրկությունը մեր:
Այնինչ, մեր փրկությունը մեր ներսում է ու մեր միջեւ, եւ ճանապարհը՝ տեսանելի: Մնում է հավատալ ու գնալ առաջ, ինչպես որ մեզանից առաջ արել են շատ ազգեր:
Կարդացեք նաև
Սերը սեփական երկրի հանդեպ գրեթե նույնն է, ինչպես սերը մտերիմի-հարազատի հանդեպ, ինչպես պատանու սերը աղջկա հանդեպ, որ երբ սիրահարվում է, անմիջապես էլ հրաժեշտ է տալիս մանկությանը եւ, պայծառ անգիտությունից ձերբազատվելով, անքնության մի գիշեր հանկարծ հասկանում է, ողբերգականորեն գիտակցում, որ աշխարհում մահ կա, որ բոլորն են մահանում…
Քանի որ մահվան գիտակցությունը հայտնվում է սիրո հետ միասին, ու պատանու համար ե՛ւ կյանքը, ե՛ւ մահը իր առաջին սիրած աղջկա մեջ է: Այդպես էլ մեր կյանքն ու մահն է՝ մեր Հայրենիք-պետության հանդեպ ունեցած մեր սիրո ու նվիրումի մեջ: Եվ այս պարզ պատկերը ինձ հուշում է, հաստատում, որ չի կարելի մահկանացուներից կուռքեր ստեղծել եւ աղոթել նրանց, քանի որ նրանց հետեւորդները կուռքի անունից կհալածեն մյուսներին: Ինչպես նաեւ չի կարելի հետեւել մեկին, որը հռչակում է, թե գիտի բոլոր հարցերի պատասխանը եւ ինքն է հաց տալու սովածներին:
Մտածում եմ նաեւ, որ ճշմարտության ճանապարհը որոնողին-փնտրողին հետեւելն է, որովհետեւ ով հայտարարում է, թե գտել է ու գիտի, այդտեղ ինչ-որ շատ կարեւոր բան կանգ է առնում, ավարտվում է: Այնինչ, այսօր պետք է հետեւել նրան, ով փնտրում է, քանի որ նա մեզանից մեկն է:
Եվ նրան՝ փնտրողին, ով առաջնորդն է մեր՝ պետք է հետեւել եւ անել հարյուրմեկերորդ քայլը, քանզի կա նաեւ հազարմեկերորդ քայլը…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ