Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ անդամների բիզնես-շահերը

Հունիս 01,2012 13:26

ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մեկնաբանում է ՍԴ որոշումը

– ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ մերժեց ՀԱԿ-ի հայցը, որով Կոնգրեսը վիճարկում էր մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ որոշումը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ այդպես էլ ենթադրվում էր:

– Ինձ համար անակնկալ չէր:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ՍԴ-ի այդ որոշումը:

– Դատարան, որպես այդպիսին, գոյություն չունի: Այսօրվա Սահմանադրական դատարանն անցած 10-15 տարիների իր անատամ կեցվածքով պարզապես սպանեց դատական համակարգը Հայաստանում, դարձրեց փալաս՝ իշխանավորի կամայականության դեմ: Դրա հիմնական պատճառն այն է, որ Սահմանադրական դատարանի անդամների մի զգալի մասն ունի խորը բիզնես-շահեր եւ բավականին կառավարելի է իշխանության կողմից:

– ՍԴ նախագահը եւ անդամների գերակշիռ մասն իրենց պաշտոնները ստանձնել են ՀՀ առաջին իշխանության օրոք. կարելի՞ է ենթադրել, որ դեռ այն ժամանակից նրանք ստանձնեցին պաշտոնները՝ ունենալով բիզնես-շահեր, մանավանդ, որ 1996-ի ընտրությունների նախադեպն ունենք:

– Ոչ, այդպիսի բան չի կարելի ենթադրել: Այն ժամանակ նրանք բիզնես-շահ չեն ունեցել: Նրանք փոխվեցին հետագայում: 15 տարում մարդը կարող է 50 անգամ փոխվել: Դա պայմանավորված է ինչպես անձնական կամքով, այնպես էլ իշխանության որակով, որը փորձում է ստրկացնել ցանկացած ինստիտուտ:

– ՍԴ-ում ՀԱԿ-ի հայցի քննարկումների ժամանակ ՀԱԿ-ի անդամները բավականին պասիվ գտնվեցին, հայցը ներկայացնող իրավաբանին ՍԴ դահլիճում մենակ թողեցին, գոնե բարոյական աջակցություն չցուցաբերեցին: Ենթադրվում էր, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները պետք է ներկա լինեին հայցի քննարկմանը:

– Գուցե ձեր դիտողությունը ճիշտ է, ես չգիտեմ: Չգիտեմ՝ դա հնարավո՞ր էր:

– Նախորդ ընտրությունների վիճարկումների օրինակով տեղյակ եմ, որ քաղաքական դեմքերին հնարավորություն տրվում է ներկա գտնվել հայցի քննարկմանը: ՀԱԿ գրասենյակում չի՞ քննարկվել ՍԴ նիստին մասնակցության հարց:

– Իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել:

– ՀԱԿ-ում  ինչո՞ւ չի քննարկվել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը:

– Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չի քննարկվել:

– Իսկ Դուք ճի՞շտ եք համարում, որ ՀԱԿ ներկայացուցիչները մասնակցեն խորհրդարանի նիստերին:

– Ես այդ մասին մեկ անգամ ասել եմ, մնում եմ իմ կարծիքին՝ իրենք առանց այդ էլ երազում էին, որ ՀԱԿ-ը խորհրդարանում չլինի: Հիմա՝ այդ մի լավությունն է՞լ անենք իշխանությանը: Դուք չե՞ք ցանկանում, որ եթե վաղը-մյուս օրը կառավարությունը մի տնտեսական ծրագիր բերի, մեկը վեր կենա  ու դրա վերաբերյալ մասնագիտական ելույթ ունենա: Այսինքն՝ այդ նվե՞րն էլ տանք ՀՀԿ-ին: Ես չգիտեմ՝ ո՞ր մի հիմարը կարող է խոսել ընդհանրապես մանդատ չվերցնելուց: Դա հանցագործություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեզ ձայն են տվել: Առանց այդ էլ մեզանից գողացվել է մի քանի հարյուր հազար ձայն… Ինչքան էլ մեզ, այսպես ասած, նեղեցին, այնուհանդերձ, մի փոքրիկ լուսանցք բացվեց՝ խորհրդարանում գոնե կարծիք արտահայտելու, եւ ես ձեզ հավատացնում եմ, որ այդ կարծիքը կարտահայտվի: Կոնկրետ ես դա կանեմ՝ ինչքան ուժս ների:

– Դուք կո՞ղմ եք, որպեսզի ՀԱԿ-ը հրապարակային պայքարը զուգահեռի խորհրդարանական պայքարի հետ:

–  Ես կողմնակից եմ եւ ամեն ամսի 1-ին, երեկոյան 20.00-ին ես հանդիպում եմ իմ համախոհների, ընտրողների հետ Ազատության հրապարակում:

– Այսօրվա հանդիպման թեման ո՞րն է լինելու:

– Ես նրանց եմ լսելու: Իմ աշխատանքի օրակարգը՝ թե քաղաքական, թե խորհրդարանական, կձեւավորեն նրանք: Ես պատրաստվում եմ այդ մարդկանց լսել:

– ՀԱԿ-ը որոշեց չմասնակցել խորհրդարանի առաջին նիստին. զուտ քաղաքական իմաստով դա ի՞նչ է տալիս:

– Նախ՝ մենք չէինք կարող առաջին նիստին ներկա լինել, որովհետեւ ՍԴ-ն քննարկում էր մեր հայցը: Ապա՝ կադրային քվեարկություններում մենք որեւէ դեր չունեինք: Սա չի նշանակում, որ մյուս քվեարկություններում դեր ունենք, բայց այնտեղ քննարկում կա, խոսք ասելու հնարավորություն կա:

Նախորդ օրը երեկոյան, ես լսում եմ՝ ՀՀԿ-ական մի «խոշոր» դեմք հայտարարում է, որ բանաձեւը, որով որոշվում է խորհրդարանական հանձնաժողովների թիվը, շատ պրոգրեսիվ է: ՀՀԿ-ն այնպիսի մեծամասնություն ունի, որ կարող էր ոչ մեկին ոչ մի տեղ չտալ: Պիտի լինի, չէ՞, մեկը, ով կասի՝ ո՞ւմ եք  հիմարի տեղ դնում: Եթե ՀՀԿ-ն ունի մանդատների 54 տոկոսը՝ 131-ի մեջ, այդ բանաձեւով ստանում է հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների 59 տոկոսը: Մարդիկ նստում են հեռուստաալիքների առաջ եւ ֆռռացնում բնակչությանը: Դրա համար էլ բանավեճի չեն գալիս, որովհետեւ լուրջ, մասնագիտական հակադարձումներ կստանան: Իսկ այսպես, ինչ-որ մեկն իրեն դնում է իրավագիտության պրոֆեսորի տեղ՝ հասարակությանը ինչ-որ բան է մատուցում:

Ես հիմա միայն իմ անունից ասեմ. խորհրդարանում իշխանավորները միշտ կստանան շատ ճիշտ մասնագիտական դիտողություններ, եւ ոչ միայն տնտեսական հարցերում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930