Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ Սիրիայի Հուլա քաղաքում տեղի է ունեցել խաղաղ բնակիչների զանգվածային կոտորած, որի արդյունքում զոհվել է առնվազն 108 հոգի, այդ թվում՝ 34 երեխա: Շատ դեպքերում զինված մարդիկ պարզապես մտնում էին Հուլայի բնակիչների բնակարանները եւ «Կալաշնիկով» ավտոմատներից գնդակահարում ամբողջ ընտանիքների: Հայաստանում այդ ողբերգությունը, որքան հասկանում եմ, հետաքրքրություն չի առաջացրել՝ ոչ առանձնապես արծարծվել է, ոչ էլ քննարկվել: Դե, իհարկե, մեզ համար շատ ավելի հետաքրքիր է, թե քանի անգամ փռշտաց այս կամ այն նորընտիր կամ «հինընտիր» պատգամավորը: Նույնիսկ այն, որ Սիրիայում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չի կարող մեր ուշադրությունը շեղել պատգամավորների փռշտոցներից եւ բեւեռել մեր ուշադրությունը այդ՝ մեզնից ոչ այնքան հեռու գտնվող երկրի վրա:
Ինձ համար Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքիր են նաեւ նրանով, թե ինչպես են այս հարցում տրամագծորեն հակառակ շահեր հետապնդող կողմերը՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ասում ճշմարտության ուղիղ կեսը՝ այն կեսը, որն իրենց է ձեռնտու: Մի կողմն ակնհայտորեն ուզում է Ասադի ռեժիմը տապալել՝ կիրառելով տարբեր տեսակի պատժամիջոցներ եւ, եթե պետք լինի, նաեւ ռազմական ուժ: Ճիշտն ասած՝ լավ չեմ պատկերացնում, թե ինչու են հատկապես Միացյալ Նահանգները դրան ձգտում, որովհետեւ դեռեւս փաստ չէ, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում իշխանության կգան ԱՄՆ-ին ավելի ձեռնտու իշխանություններ: Դե, իսկ Ռուսաստանն էլ «կպած» ցանկանում է պահպանել բռնապետական Ասադի ռեժիմը, քանի որ ունի դրա հետ կատարյալ «մենթալային» համապատասխանություն եւ, բնականաբար, սերտ ռազմական ու տնտեսական համագործակցություն: Սակայն Ռուսաստանը չի կարող ընդհանրապես անուշադրության մատնել զանգվածային սպանությունները եւ «հանուն քաղաքավարության» երբեմն թեթեւակի կշտամբում է՝ «լավ չես ասում, Բաշար ջան, ախպեր ջան», բայց երբ խոսք է գնում պատժամիջոցների մասին, սարի պես կանգնած է Բաշարի մեջքին:
Արեւմուտքը, հիմնվելով Հուլայում սպանդից փրկվածների վրա, պնդում է, որ հարձակվողները շիա են եւ ալավի, այսինքն՝ հենց այն աղանդից են, որին պատկանում է Ասադի ընտանիքը, եւ, հետեւաբար, այդ գրոհայինները չեն կարող կապ չունենալ Սիրիայի իշխանամետ խմբավորումների հետ: Հետաքրքիր է, որ սպանդը պատկերող սիրողական կադրերը ուղեկցվում են «Ալլահ աքբար» բացականչություններով, սակայն պարզ չէ՝ դրանք արտասանում են դահիճնե՞րը, թե՞ զոհերը: Ընդ որում, CNN-ը շատ պրոֆեսիոնալ ձեւով մոնտաժում է վիրավոր երեխաների կադրերը ռուս դիվանագետների պատկերների հետ, որտեղ նրանք դեմ են արտահայտվում Սիրիային պատժելուն: Ռուսներն էլ իրենց հերթին ուշադրություն են հրավիրում, որ Հոմս գավառում եւ Հուլայում մասնավորապես ապրում են ոչ միայն խաղաղ բնակիչներ, եւ ընդհանրապես ընդդիմությունը Սիրիայում, մեղմ ասած, անզեն չէ:
Բոլոր դեպքերում՝ հավատալ գերտերությունների «իդեալիստական» հայտարարություններին եւ ենթադրել, թե նրանց հուզում են սպանված երեխաները, ինքնին շատ մեծ իդեալիզմ կլիներ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ