Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Ադրբեջանը վստահ չէ, որ պատերազմում կհաղթի, բայց պատերազմի վերսկսումը բացառել պետք չէ»

Հունիս 01,2012 13:20

«Պատերազմի վերսկսումը երբեք պետք չէ բացառել»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և մանրամասնեց. «Նավթը խաղաղություն է սիրում, պատերազմի դեպքում նավթի օրհնանքը կդառնա անեծք: Մյուս կողմից էլ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, այն վստահ չէ, որ կհաղթի: Սակայն խելահեղ զինումն ու սպառազինումը և այն հայտարարությունները, որ լսում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից, զինադադարի այն խախտումները, որ Ադրբեջանը կատարում է՝ կարող են պատերազմի վերսկսելու առիթ դառնալ՝ անգամ անկախ Ադրբեջանի կամքից»:

Կ. Մանոյանն անդրադարձավ նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցին և նշեց. « Հայաստանի իշխանությունը պիտի պահանջի, որ հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրներում հստակեցումներ մտցվեն: Իրանի խնդրով՝ Քլինթոնի Հայաստան այցը չի նշանակում, որ մնացած հարցերն անկարևոր են: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն միշտ էլ ցանկանալու է, որ հանկարծ պատերազմ չսկսվի, քանի որ Իրանի հարցում կարող է իրենց հաշվարկները խանգարվեն: Այստեղ կա նաև Թուրքիային զսպելու հարցը»:

ԼՂՀ հարցի կարգավորման «մասով» էլ Կ.Մանոյանը նկատեց, որ պետք է հայկական և ղարաբաղյան կողմը այս «թայմ աութի» ժամանակը ճիշտ օգտագործեն: Նշված հարցում ՌԴ-ի դերակատարության մասին և հատկապես այն տարածված կարծիքի, թե ՌԴ-ն ի հակադրություն արևմտյան օրենսդիրների, որոնք կողմ են ստատուս քվոյի կարգավիճակին, ՌԴ-ն ավելի միտված է հարցը լուծել, ասաց. «Միջնորդ երկրներն այսօր բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի կեցվածքն է ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը: Կամ միջնորդ երկրները չեն կարող, կամ ցանկություն չունեն Ադրբեջանի վրա բավարար ազդեցություն գործել: Սակայն բոլոր միջնորդ երկրները միտված են պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելուն»:

Կ. Մանոյանը նորընտիր խորհրդարանից արտաքին քաղաքականության առումով ոչ մի ակնկալիք չունի, քանի որ ըստ նրա՝ խորհրդարանը տանում է ՀՀ նախագահի արտաքին քաղաքական գիծը: Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, երբ հանձնաժողովի մակարդակով կարող էր հարց բարձրացվել, հիմա Կ. Մանոյանի կարծիքով՝ դա էլ անել հնարավոր չէ, քանի որ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավարում է իշխող կուսակցության անդամը:

Օրերս շահարկվեց այն հարցը, թե իբր Օբաման մատով է կանչել Դավութօղլուին և տպավորություն է ստեղծվել, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գնում են սառեցման: Կ. Մանոյանն այս կապակցությամբ նշեց. «Համոզված եմ , որ Օբաման շատերին կարող է մատով իր մոտ կանչել, կամ Սարկոզին ծամոնը բերանը գնալ Թուրքիա: Սակայն Ֆրանսիայի, կամ ԱՄՆ-ի համար դա անհարգալից վերաբերմունքի դրևորում չի ընկալվում: Ընդհակառակը, հաշվի առնելով ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից հատկապես ԱՄՆ-ի հայ համայնքի հետ ունեցած հարցերը՝ կարելի է ասել, որ դրա պատճառներից գխավորը Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները լավ պահելու նպատակն է: Այդ հարաբերությունները երբեք էլ սառեցման նշան չեն ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930