Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման խստացնում է հանրահավաքների օրինագիծը

Հունիս 01,2012 13:01

Ռուսաստան - Ոստիկանները բողոքի ցույցի մասնակցի են ձերբակալում, Մոսկվա, 31-ը մայիսի, 2012թ.

Ռուսաստանի Պետական դումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողովը մայիսի 30-ին լրամշակել է իշխող «Եդինայա Ռոսիա»-ի կազմած եւ մամուլում «հակահանրահավաքային» անունը ստացած օրինագիծը, որը հունիսի 5-ին կներկայացվի երկրորդ ընթերցման։

Ռուսաստանցի իրավապաշտպանների փոխանցմամբ` հանձնաժողովն այդ օրինագիծն է՛լ ավելի խիստ է դարձրել եւ երկրում, փաստորեն, պարետային ժամի տարրեր են ներմուծվելու։

Պատգամավոր Իլյա Պոնոմարյովը «Կոմերսանտ»-ի թղթակցին ասել է, թե իշխանական ուժը ցանկանում է արդեն հունիսի 6-ին երրորդ ընթերցմամբ ընդունել օրինագիծը եւ այն փոխանցել Դաշնության խորհուրդ։ Վերին պալատում ընդունվելուց հետո օրինագիծը հունիսի 7-ին կվավերացվի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ, հաջորդ օրը` հունիսի 8-ին կհրապարակվի մամուլում եւ ուժի մեջ կմտնի։

Դա նշանակում է, որ Մոսկվայում հունիսի 12-ին «Միլիոնների երթ» անվամբ բողոքի ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է առավել զգոն եւ զգույշ լինեն։ Իշխանություններն արդեն նախազգուշացրել են, թե ոստիկանները կոշտ ձեւով կարձագանքեն չարտոնված հանրահավաքին։

Նախնական տարբերակով` չարտոնված հանրահավաքի կազմակերպիչները պարտավոր կյլինեին վճարել մինչեւ մեկեւկես միլիոն ռուբլի, ինչը հավասար է մոտ 48 հազար ամերիկյան դոլարի։ Երկրորդ ընթերցման ներկայացվելիք տարբերակով գումարն իջեցվել է մինչեւ 500 հազար ռուբլի (15 հազար 400 դոլար)։

Հանրահավաքների մասնակիցը չի կարող դիմակով ծածկել երեսը։ Կտուգանվեն նաեւ մարդիկ, ովքեր որեւէ եղանալով, այդ թվում` ինտերնետով, ուրիշներին կոչ կանեն մասնակցել չարտոնված հանրահավաքի։

Իրավապաշտպանների կարծիքով` հնարավոր են նույնիսկ անհեթեթ իրավիճակներ. երբ, ասենք, մասնավոր հավաքում, հարսանիքի կամ որեւէ այլ տոնակատարության ընթացքում ինչ-որ մեկը հրապարակավ հնչեցնի հակակառավարական կարգախոսներ, ապա, տեսականորեն, կպատժվեն ոչ միայն այդ անձն, այլեւ հավաքի կազմակերպիչները։

Մոսկվացի վերլուծաբան Վլադիմիր Պրիբիլովսկու կարծիքով` իշխանությունները կփորձեն այդ ամենը կիրառել մոտ ապագայում։

«Իշխանությունները վախենում են զանգվածային հավաքներից եւ ցանկանում են զսպել դրանք», – ասել է Պրիբիլովսկին։

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի տվյալներով` ռուսաստանցիների 40 տոկոսը դեմ է բողոքի զանգվածային ակցիաներին։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930