Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եւ մեր ստեղծագործական խումբը չի պատրաստվում ներողություն խնդրել».Թեհմինե Ենոքյանի պատասխանն է «Թեղուտի հանքի պաշտպաններ» հ/կ-ին

Հունիս 01,2012 12:49

 

Թեհմինե Ենոքյանը մասնագիտությամբ լրագրող է: Ծնվել է Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղում, ասում է՝ իր համար հարազատ է եղել  բնակավայրը, դաշտերը, այնտեղի բնությունը: Փոքր հասակից  շատ է սիրել  «բանջարի գնալ» եւ  բնության գրկում  ժամանակն անցկացնել: «Այն գեղեցիկը, որ կա բնության մեջ, ժամանակի ընթացքում սովորեցի նկարահանել և ցուց տալ մարդկանց: Դեռ վաղ տարիքից զբաղվել եմ նկարահանումներով: Ուսանողական տարիներից սովորեցի նաև մոնտաժել, տիրապետում եմ մի քանի մոնտաժային ծրագրերի»,-ասում է նա:

Չի  սիրում առհասարակ սուտն ու  խաբեությունը: Նրա նպատակն է  նկարահանումների միջոցով դուրս հանել այն սուտն ու կեղծիքը, որ առկա է  ամենուր: Կարծում է, որ իսկական լրագրությունն այսօր զարգանում է ինտերնետ մամուլում, թեեւ ցավով է նշում, որ այսօր ֆինանսական վիճակից ելնելով՝ ոչ բոլորն են մասնակից լինում  ինտերնետային մամուլի հրապարակումներին. տեխնոլոգիաներին տիրապետելու հարց կա հեռու գյուղերում, ինչպես նաեւ՝  այս կամ այն լրատավամիջոցի մասին ոչ բավարար տեղեկությունը նույնպես կարող է պատճառ դառնալ ընդհանուր համացանցից չօգտվելուն: Թեհմինեն կարծում է, որ ազատ խոսքի իրավունքը հատուկ է հենց համացանցային մամուլին, որտեղ, եթե մարդն ունի ասելիք, կարող է քաղաքակիրթ տարբերակով արտահայտել այն,  իր մտքերն ու դիրքորոշումների հայտնել այնտեղ: «YouTube-ն այսօր մի գործիք է, որ ստիպեց հասարակությանն ավելի լուրջ վերաբերվել իր հետ և հաշվի նստել այնտեղ տեղ գտած տեղեկատվության փաստերի և աղաղակող տեսնանյութերի վերաբերյալ, դրան սկսեցին արձագանքել նախարարությունները, հ/կ-ները, հասարակ մարդիկ ու տարածվեց այն մեր իրականության մեջ՝ որպես նոր հնարավորություն, որով կարել է փաստ արձանագրել և բարձրաձայնել այդ փաստի մասին»:

Մայիսի 25-ի երեկոյան Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում Թեհիմինեի  հեղինակած «Բնության հաշվեհարդար» ֆիլմը ներկայացրել էր ներկաներին, որի շուրջ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել: «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպությունը դատապարտել է ֆիլմը եւ կոչ արել ֆիլմը ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար: Ի պատասխան այս ամենի՝ Թեհմինե Ենոքյանն ասում է. «Ֆիլմում լոռեցիներին կպնող որևէ խոսք չկա, ֆիլմը վերաբերվում է Քաջարանի և Լեռնաձորի խնդիրներին: Համապատասխանաբար, ֆիլմում տեղ գտած փաստերն ինքնին խոսում են հատկապես այս երկու համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների, բնապահպանական նորմերի խախտման մի շարք դեպքերի, մարդկային առողջության և առհասարակ մարդկային գիտակցության բարձրացման մասին: Ես և մեր ստեղծագործական խումբը չի պատրաստվում ներողություն խնդրել մի ինչ -որ անծանոթ հ/կ-ից, որը հիմնադրվել է ընդհամենը 2 օր առաջ: Եթե անգամ ֆիլմում հնչել են Թեղուտին առնչվող որոշ փաստեր, ապա դա արվել է Թեղուտը զերծ պահելու նկատառումներով: Քանի որ այն, ինչ ունենք Սյունիքի մարզում, չպետք է կրկնվի Լոռվա և առահասարակ մեր մնացած մարզերում, որտեղ այսքան անխնա շահագործվում է երկրի ընդերքը և անպատասխանատու պետական քաղաքականություն է իրակակացվում: Արդյունքում մնում են հիվանդ երեխաներ և հուսահատված ծնողներ»:

Թեհմինեն հույս է հայտնում, որ ֆիլմում առկա երեխաները, ովքեր ունեն առողջական խնդիրներ՝ այս կամ այն հանքը շահագործող կազմակերպության ոչ պատասխանատու քաղաքականության արդյունքում, կառողջանան: «Հուսամ՝ մեզ վերջապես կհաջողվի ստեղծել այնպիսի պետություն, որտեղ Մարդու առողջությունը կլինի գերակա»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930